Համաշխարհային առաջատար կենտրոնական բանկի ինստիտուտը՝ Միջազգային հաշվարկների բանկը (ՄՀԲ), հրապարակել է նոր հետազոտություն էլեկտրոնային արժույթների՝ CBDC-ների կամ «Կենտրոնական բանկի թվային արժույթի» (Central bank digital currency) վերաբերյալ, որոնք կարգավորվում են երկրների կենտրոնական բանկերի կողմից՝ նշելով, որ դրանց ուղղությամբ մեծ տեղաշարժ կա, քանզի «Քովիդ-19»-ի պատճառով աճել է էլեկտրոնային վճարումների քանակը: Այն պայմանավորված է նաեւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ եւ այլ նորարարություններով։
Ընթերցողին շփոթության մեջ չգցելու համար նախ պարզաբանենք կրիպտոարժույթի` Բիթքոինի, BTC-ի եւ ԿԲ-ների կողմից թողարկված էլեկտրոնային արժույթների միջեւ տարբերությունը։ Կրիպտոարժույթն ապակենտրոնացված ցանցի հիման վրա գործող վճարային համակարգի մաս է, որը չի կարող կարգավորվել պետական ինստիտուտների կողմից, այստեղ չկան կոնկրետ սերվերներ, որոնց միջոցով հնարավոր լինի վերահսկել ամբողջ ֆինանսական շուկան: Յուրաքանչյուր ոք, ունենալով համակարգիչ եւ գնելով կրիպտոարժույթ, դառնում է ապակենտրոնացված ֆինանսական ցանցի մաս։ Իսկ Կենտրոնական բանկի էլեկտրոնային արժույթը նույն թղթադրամի էլեկտրոնային տեսակն է, որը լիովին վերահսկվում է ԿԲ-ների կողմից։
Վերջերս հրապարակած ՄՀԲ-ի զեկույցում ասվում է. «Կենտրոնական բանկերն ակտիվորեն ներմուծում են մի շարք բարեփոխված քաղաքականություններ՝ առկա թերությունները վերացնելու համար։ Նպատակը տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վստահելի եւ արդյունավետ վճարային միջոցների ապահովումն է: ԿԲ-ները կարող են ինովացիոն ղեկը վերցնել իրենց ձեռքը»։
Ըստ ՄՀԲ-ի՝ հնարավորություններից մեկը, որն ընկած է պետական քաղաքականությունների թույլատրելիության սահմանում, կենտրոնական բանկերի էլեկտրոնային արժույթների թողարկումն է, որն իր հերթին ամբողջ աշխարհի ֆինանսական ոլորտում կարող է հանգեցնել ռադիկալ փոփոխությունների։ Զեկույցում ասվում է, որ ԿԲ-ների էլեկտրոնային արժույթներն առաջարկում են վճարման նոր, անվտանգ, վստահելի եւ լայնորեն հասանելի էլեկտրոնային վճարային համակարգ, բայց ազդեցությունը կարող է ավելի հեռուն գնալ, քանի որ նորամուծությունները կարող են խթանել մասնավոր հատվածի միջնորդների միջեւ մրցակցությունը՝ սահմանելով անվտանգության նոր չափանիշներ, դառնալ կատալիզատոր ֆինանսական ոլորտի ինովացիաների համար եւ ոչ միայն։
Չնայած մարդը փողն օգտագործում է ամեն օր, բայց դրա տեսական սահմանումը նրա համար կարող է լինել անըմբռնելի։ Փողի հանդեպ վստահությունն անկասկած ուղիղ կապ ունի պետությունների եւ կենտրոնական բանկերի հետ, հետեւաբար՝ բոլոր լծակները պատկանում են պետություններին, իսկ էլեկտրոնային արժույթը միտված է այդ կենտրոնացումը պետության ձեռքերում պահելուն, քանի որ կրիպտոբումի այս շրջանում եւ ապակենտրոնացված ֆինանսական ծառայությունների ընդլայնման պայմաններում ամբողջ աշխարհում ուղղակիորեն թուլանում է արժույթի շուկայի վրա պետական եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ազդեցությունը։
Վերլուծելով առկա ֆինանսական իրավիճակը, կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանի պարագայում դեռ վաղ է խոսել ԿԲ-ի կողմից թողարկվող էլեկտրոնային արժույթի մասին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նախ եւ առաջ հետպատերազմյան երկրում գտնվող երկրի համար բավականին դժվար եւ ծախսատար կլինի էլեկտրոնային արժույթի թողարկումը, եւ դեռեւս դրա անհրաժեշտությունը չկա։ ՀՀ-ում կանխիկ գումարի շրջանառությունը էլէկտրոնային շրջանառության համեմատ ահռելի մեծ ծավալի է հասնում, ինչը ժամանակակից ստանդարտներից շատ հեռու է, եւ, վերջապես, ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը երկրում կարող է լուրջ խոչընդոտ լինել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք էլեկտրոնային արժույթին հիմնովին ադապտացվելու համար։
Արեն ՎԱՐԴԱՆՅԱՆ