Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել:
Ըստ վերջին տվյալների՝ նախագահի սպանության գործով ձերբակալվածների թվում կա հայիթական ծագմամբ երկու ամերիկացի՝ Ջեյմս Սոլաժն ու Ժոզեֆ Վենսանը:
«Նրանք ասացին, որ թարգմանիչներ են եղել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, եւ ոչ թե սպանելը», – ասել է դատավոր Կլեման Նոելը՝ անդրադառնալով ամերիկացիների ցուցմունքներին:
Միեւնույն ժամանակ, ձերբակալության հրամանի մանրամասները չեն հստակեցվել:
Դատավորը պարզաբանել է, որ Սոլաժը ցուցմունք տալու ժամանակ հայտնել է «համացանցում աշխատանք գտնելու» մասին: Նա Հայիթի է ժամանել մեկ ամիս առաջ, մինչդեռ վարձկանները ժամանել էին երեք ամիս առաջ:
Բացի այդ, Նոելը հայտնել է ենթադրյալ մարդասպաններին պատկանող մեքենաներում խուզարկությունների անցկացման մասին: Այնտեղ հայտնաբերվել է հրազեն եւ ամերիկյան արժույթով կանխիկ գումար, ինչպես նաեւ տեսահսկման համակարգի տեսախցիկի սերվերը, որը տեղադրված է եղել Մոիզի տանը:
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, եւս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան եւ վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել: