Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ:
Հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գնդակն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնության, իսկ «ազուրիները» անկանոն էին գործում: Խաղակեսի վերջնամասում իտալացիների խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր եւ այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց եւ հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին ամենածեր ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում թիմերը զգուշավոր էին հարձակման գծում եւ առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը եւ նույն տեսքն ուներ եւ այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները:
Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 եւ 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են: