«Ապրելու Արցախ» նախագծի հյուրն այսօր Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Արցախի ժողովրդական արտիստ Գեւորգ Մուրադյանն է:
«Մենք՝ որպես հայ, մեր մեջ պետք է կրենք փիլիսոփայական կատեգորիաներ, գոնե երեքը՝ պատճառի եւ հետեւանքի կապը, «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» եւ «մեր ուժը մեր միասնականության մեջ է» սկզբունքները: Ցավոք սրտի, մենք դրանք մեր մեջ գրեթե չենք կրում», – ասաց Գեւորգ Մուրադյանը: Նա համարում է, որ մեր մտավոր կարողությունները պետք է ի սպաս դնենք մեր հասարակությանը: Մաեստրոն դեռ 2004 թվականին բազմաթիվ հրավերներ է ունեցել արտասահմանից, սակայն երբ հրավերը եղավ Արցախից, նա նախընտրեց լինել Արցախում եւ համարում է, որ ճիշտ ուղի է ընտրել:
«Ովքեր որ լքել են Արցախը, պետք է վերադառնան։ Փառք Աստծո, այսօր խաղաղապահ ուժերը այստեղ են, եւ պետությունն իր գործունեությունն է ծավալում: Մենք պետք է զարգանանք, վերականգնենք մեր ինտելիգենցիան, առանց որի հնարավոր չէ որ հասարակությունը գոյատեւի: Եթե ամեն մեկն իր ոլորտում ստեղծագործի, բարիք ստեղծի, նվիրյալ աշխատանք կատարի, մենք միմիայն հաջողությունների կհասնենք ազգովի: Չպետք է լինի պաշտոնասիրություն, պաշտոնը միշտ պետք է ուղեկցի մարդուն բարիքներ ստեղծելու նպատակով, պաշտոնը պիտի նպաստի վեհ նպատակի։ Եթե դու ամեն ինչ ճիշտ ես անում, փառքը քո հետեւից ստվերի պես գալիս է: Մենք սերունդ կորցրեցինք, արու զավակներ, ինչը բավականին ճյուղավորված խնդիրներ կստեղծի, սակայն մենք պետք է հերոսաբար հաղթահարենք այդ խնդիրները եւ շուտափույթ կարողանանք հասնել հաջողության», – նշեց Գ.Մուրադյանը: