Համառորեն պնդելով Ռուսաստանի հետ գազային կապը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուսախաբ է արել ԱՄՆ-ին ու Եվրոպային: Պեկինին զսպելու գործում Վաշինգտոնին օգնելու փոխարեն Մերկելը ցանկացել է, որ Եվրոպան տարածություն ունենա մանեւրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg»-ը:
Քաղաքականությունից հեռանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնում է Վաշինգտոն՝ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու համար: Ուղղորդված միջոցառումը կոչված է ցուցադրել անդրատլանտյան ներդաշնակության վերադարձը Ջո Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի օրոք փոխադարձ մաղձի քառամյա ժամանակահատվածից հետո: Սակայն հանուն այդ ցուցադրականության ամերիկացիներն ստիպված են թաքցնել հիասթափության զգացումը, իսկ գերմանացիները՝ տանջող անհանգստությունը:
Մերկելն ու Բայդենը երկուսն էլ խանգարել են Թրամփին, յուրաքանչյուրը՝ յուրովի: Նաեւ այն պատճառով, որ կողմնակից էին բազմակողմանիության եւ համագործակցության, այլ ոչ թե ազգայնականության: Ուստի Բայդենը եւ նրա թիմը Մերկելի լայն աջակցության հույսն ունեին, հատկապես ժողովրդավարական Արեւմուտքի՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ դիմակայության մեջ:
Փոխարենը Մերկելն արդեն կրկնակի անգամ նսեմացրել է Բայդենին գաղտնի եւ ոչ կոնֆլիկտային ոճով: Առաջին վիրավորանքը տեղի է ունեցել դեկտեմբերին, Բայդենի երդմնակալության արարողությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ նա չին-եվրոպական ներդրումային գործարքը տեղափոխեց հաջորդ փուլ՝ նույնիսկ չխորհրդակցելով Բայդենի թիմի հետ: Երկրորդ եւ նույնիսկ ավելի ծանր նվաստացումն այն էր, որ ոչ մի ընդառաջ քայլ չկատարվեց ամերիկյան երկկուսակցական պահանջներին՝ կապված Ռուսաստանից Գերմանիա վիճելի գազատարի կառուցման հետ: «Հյուսիսային հոսք-2» նախագիծը պատրաստ է ավելի քան 90 տոկոսով: Այն անցնելու է Բալթիկ ծովի հատակով եւ կրկնապատկելու է ռուսական գազի ուղղակի արտահանումը հյուսիսարեւմտյան Եվրոպա:
Զուգորդված «Թուրքական հոսքով»՝ Սեւ ծովով դեպի Հարավարեւելյան Եվրոպա եւս մեկ ռուսական գազամուղով, «Հյուսիսային հոսք-2»-ը հետապնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վաղուց դրված ռազմավարական նպատակ. եթե պահանջվի, ապագայում այն կկարողանա շրջանցել Ուկրաինան եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ: Դա այդ երկրների կառավարություններին կզրկի տարանցիկ փոխադրումների համար անհրաժեշտ վճարներից եւ կմեկուսացնի նրանց:
«Հյուսիսային հոսք-2»-ից աշխարհաքաղաքական սպառնալիք տեսնում են Ուկրաինան, Լեհաստանը, մերձբալթյան երկրները, Ֆրանսիան, Եվրամիությունը եւ այլ դաշնակիցներ, որոնք ԱՄՆ-ի հետ միասին դիմադրում են դրա շինարարությանը:
Շինարարությունը դադարեցնելու իր վերջին հուսահատ փորձի մեջ ԱՄՆ-ի կոնգրեսը սանկցիաներ է կիրառել խողովակաշարեր տեղադրող նավերի նկատմամբ, իսկ մայիսին ավելի կոշտ միջոցառումներ է պահանջել, այդ թվում՝ «Nord Stream 2 AG» ընկերության ղեկավարի նկատմամբ, որը Գերմանիայի քաղաքացի է: Բայդենը, սակայն, հրաժարվել է այդ պատժամիջոցներից, որպեսզի չվտանգի ամերիկա-գերմանական հարաբերությունները եւ ավելի շատ ժամանակ ունենա բանակցությունների համար: Բայց օգոստոսին Կոնգրեսը կրկին պատժամիջոցներ կպահանջի, եւ այդ ժամանակ Բայդենն ստիպված կլինի բացել բոլոր խաղաքարտերը:
Գերմանացիներն արդեն նյարդայնանում են. սեպտեմբերին այդ երկրում պետք է կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ միայն մի քանի ամիս անց կձեւավորվի կառավարությունը: Այստեղից էլ՝ ուշադրությունն արդեն այսօր «նախկին» համարվող Մերկելի հանդեպ: Այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում նա ստիպված կլինի ամերիկացիներին առաջարկել գաղափարներ, թե ինչպես լուծել աշխարհաքաղաքական անկարգությունը, որը հենց ինքն է ստեղծել:
Ի պատիվ Մերկելի՝ հարկ է նշել, որ նա արդեն հանդես է եկել որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային համաձայնագրի՝ մինչեւ 2024 թ. երկարաձգման մեջ: Այլ հարց է, թե արդյոք Ռուսաստանը կլսի՞ Մերկելին: Բայց գլխավոր հարցը, այնուամենայնիվ, այն է, թե ինչ կլինի 2024 թ. հետո:
Գերմանիայի համար տարբերակներից մեկը հասկացնելն է, որ կդադարեցնի գազի առաքումը «Հյուսիսային հոսք-2»-ով, եթե Պուտինն «անջատի» Ուկրաինան: Բայց դա այնքան էլ իրատեսական չի թվում: ՌԴ նախագահի համար դժվար չի լինի ձմռանը փակել ուկրաինական փականը, երբ Արեւմտյան Եվրոպան ավելի շատ կախված կլինի ռուսական գազից եւ իրեն թույլ չի տա դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի գործունեությունը: Եվ, ընդհանրապես, ինչ իմաստ կա կառուցել գազամուղ՝ որպես լրացում գործողներին՝ ձեւացնելու համար, որ կարող ես բոլորը միասին փակել:
Մեկ այլ տարբերակ է Ուկրաինայի ամրապնդումը եւ օգնելը նրան եկամտի նոր աղբյուրների ու էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ: Դա լավ գաղափար է, նույնիսկ եթե հաշվի չառնենք «Հյուսիսային հոսք-2»-ը: Բայց դա էլ չի փրկի Ուկրաինային եւ, անշուշտ, ոչ մի կերպ չի հանդարտեցնի տարածաշրջանի մյուս երկրներին, որոնք վախենում են սպառնալիքներից:
Գերմանիայի համար եւս մեկ տարբերակ է աջակցել «Երեք ծովերի նախաձեռնություն» նախագծին: Այն ենթադրում է արդիականացնել ենթակառուցվածքային կապերը Եվրամիության 12 արեւելյան անդամների միջեւ, ներառյալ՝ նավահանգիստներն ու խողովակաշարերը, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ից կամ այլ մատակարարներից հեղուկացված բնական գազ առաքելու համար: Կրկին գերազանց գաղափար է նույնիսկ առանց «Հյուսիսային հոսք-2»-ի, բայց Ուկրաինայի համար մխիթարությունն այնքան էլ մեծ չէ:
«Իրականությունն այն է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի համառ պաշտպանությունը բիծ է Մերկելի հեղինակության ու նրա բազմաբնույթ ժառանգության վրա, իսկ նրա իրավահաջորդի համար բեռ կդառնա: Դա վանում է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ եվրոպացի գործընկերներին եւ երեսպաշտություն է ցուցադրում. Գերմանիան հաստատում է, որ գործում է ԵՄ-ի հետաքրքրությունների շրջանակներում, չնայած իրականում մտածում է միայն իր շահերի մասին, ինչն սպառնում է կործանել Արեւելյան Եվրոպան: Ուստի ուշադրություն մի դարձրեք Վաշինգտոնում Մերկելի ու Բայդենի ուրախ լուսանկարներին: Փակ դռների հետեւում նրանց ծանր զրույց է սպասվում»,- նշում է «Bloomberg»-ը: