Մինչ Ադրբեջանում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է երկու հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի գործով դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն), Արցախում հնչում են կրակոցներ: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հուլիսի 13-ին գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ Շուշիի մոտակայքում արձանագրվել է հրաձգության դեպք։ Լիազոր մարմինների հետ հանգամանքները ճշտելու արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, որոնք թիրախային չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Եվ այս պայմաններում ապրում են արցախցիները, այս իրականության մեջ են մեծանում արցախցի երեխաները, որոնց մանկությունն անցնում է մշտական լարվածության եւ կյանքի ու առողջության համար վտանգի ներքո։ Ամեն օր, ամեն քայլափոխի խախտվում են արցախցիների իրավունքները։ Սա այն իրողությունն է, որն ստեղծվել է արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Բնականաբար, այս դեպքը եզակի չէ: Խաղաղությունից խոսող, բայց ամեն քայլափոխի այն վտանգող Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել։ Դրա ապացույցն է երեկ Նախիջեւանի հետ սահմանին՝ Երասխի հատվածում գրանցված միջադեպը, որի հետեւանքով հայ զինվոր է սպանվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաեւ ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը եւ նախազգուշացրել, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Երասխը Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա է։ Ընդամենը։ Սա Արցախը չէ, ոչ էլ՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերը, որոնց ուղղությամբ արդեն ավելի քան երկու ամիս է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում։ Երասխը Արարատի մարզում է, եւ թվում էր՝ որեւէ առնչություն չպետք է ունենար Արցախի հետ, որի նկատմամբ ադրբեջանական նկրտումները շարունակվում էին տասնամյակներ շարունակ։ Ի դեպ, Երասխից Տիգրանաշեն ընդամենը 12-13 կմ է, ավտոմեքենայով՝ 15 րոպե։ Սա այն ճանապարհն է, որը կապում է մայրաքաղաքը Սյունիքի հետ։
Ակնհայտ է, որ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը Տիգրանաշենի հատվածում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Սյունիք տանող կոմունիկացիոն կապը կտրելն է։ Ավելի ու ավելի իրատեսական են դառնում այն ահազանգերը, որոնք հնչեցնում էին մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ, որ Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով, քանի որ նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Նախիջեւանով ցամաքային կապի ստեղծումն է։ Սրանով Ադրբեջանը խախտում է նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, քանի որ շարունակում է իր գործողություններով ապակայունացնել տարածաշրջանը եւ նոր պատերազմ հրահրել։ Բազմիցս նշել ենք, որ թուրքական ծավալապաշտության դեմն առնելու միակ եւ գործուն մեխանիզմը ռազմական ուժն է, ցանկացած տեսակի զիջում նրանց կողմից ընկալվում է որպես թուլության նշան եւ «կանաչ լույս» ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու համար։