Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին:
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները եւ թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը:
Նշենք, որ Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ:
Այս տարին առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել են ռեկորդային թվով դիմումներ:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր դիմացկունությունն ու կայունությունը եւ պահպանել մեր բարձր ցուցանիշները: Մենք մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին եւ ունի հստակ ձեւակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Euromoney-ի մասին
Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության “Euromoney” հեղինակավոր ամսագիրն արդեն 50 տարի անընդմեջ լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Ամեն տարի ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության գնահատման գործընթաց, որի արդյունքները համարվում են վստահելի եւ կարեւորագույն չափանիշ: