Չինաստանը Թուրքմենստանին ու Տաջիկստանին պետական անվտանգության «ավանդական ու ոչ ավանդական» պաշտպանություն է երաշխավորել: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Աշխաբադում ու Դուշանբեում կայացած բանակցություններում: Պեկինի աջակցության մասին նա կխոսի նաեւ Տաշքենդում, որտեղ երեկ է ժամանել երկօրյա այցով: Չինաստանին անհանգստացնում է Կենտրոնական Ասիայի երկրների հնարավոր վերակողմնորոշումը դեպի Թուրքիա, որն ուժեղացրել է իր ակտիվությունը տարածաշրջանում եւ հավակնում է ղեկավար դերի ներաֆղանական գործընթացներում:
Չինաստանը մտադիր է պաշտպանել Կենտրոնական Ասիայում ավելի վաղ գրաված դիրքերը: Այդպիսին է Թուրքմենստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան Վան Իի այցելության օրակարգի լեյտմոտիվը: Եթե Դուշանբեն հաստատեց իր որդեգրած ռազմավարական ուղղությունը դեպի Չինաստան, քանի որ տարանցիկ գործընթաց սկսած իշխանություններին աջակցելու հարցը շատ կարեւոր է, Աշխաբադը հստակ պատասխան չտվեց, թե որ արտաքին ուժերին կարող են դիմել Թուրքմենստանի իշխանությունները, օրինակ, Աֆղանստանից գրոհայինների՝ դեպի «Գալկինիշ» հանքավայր արշավանքների դեպքում, հանքավայր, որի գազը պլանավորվել է առաքել դեպի Աֆղանստան, Պակիստան ու Հնդկաստան՝ TAPI գազամուղով: Հասկանալի է, որ քանի դեռ Աֆղանստանում պատերազմ է ընթանում, TAPI-ի շինարարության մասին կարելի է մոռանալ: Բայց հնարավոր է սկսել բանակցել հանքավայրի պաշտպանության ու TAPI երթուղու վերաբերյալ: Պատահական չէ, որ արմատական շարժումների խմբավորումները բնակություն են հաստատել TAPI երթուղու երկայնքով: «Առանցքային հարցը, թե, ի վերջո, ուր է գնալու գազը «Գալկինիշ» հանքավայրից՝ դեպի Չինաստա՞ն, ինչի հույսը վերջինս ունի, թե՞ դեպի Արեւմուտք՝ անդրկասպյան գազամուղի միջոցով, որի գաղափարն այժմ ողջ ուժով քարոզում ու առաջ է մղում Անկարան, Ադրբեջանի, Վրաստանի ու վերջնարդյունքում Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, հուզում է եւ չինացիներին, եւ թուրքերին, եւ դա եթե ոչ գործոն, ապա գոնե աֆղանական հակամարտության շատ լուրջ հետեւանք է ու սպառնում է վերածվել աշխարհաքաղաքական խաղի, որում Թուրքմենստանին հատկացված է ամենեւին էլ ոչ իր սուբյեկտի դերը»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է թուրքմեն փորձագետ Սերդար Այթակովը:
Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքով՝ մեծ խաղ է ընթանում, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտը դնում է Միջին Ասիայի վրա: Հակառակ դեպքում Էրդողանի ինչի՞ն էր պետք Թուրքական խորհուրդը, եւ ինչո՞ւ է այդքան ջանք գործադրվում՝ Թուրքմենստանին այդ միության կազմում ներառելու համար: Ո՞վ է տնօրինելու թուրքմենական գազը՝ Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան՝ Թուրքիայի միջոցով. այս հարցը դեռ բաց է մնում: «Հնարավոր է, որ դա աֆղանական պատերազմի գործոններից մեկն է, դա երբեք չես իմանա… գուցե քաթարցիները վճարել են այս ողջ կոմբինացիայի համար, որպեսզի թուրքմենական գազը չհոսի դեպի Ասիայի կարեւորագույն շուկաներ»,- ենթադրում է Սատանովսկին: Նրա կարծիքով՝ տարբերակ է նաեւ այն, որ Թուրքմենստանում քաոս սկսվի, եւ երկրի ղեկավարությունը մոռանա գազի վաճառքի մասին:
Չինաստանը բավական բարձր է գնահատում հիպոթետիկ վտանգի հավանականությունը, որ ահաբեկչական փոքր խմբավորումները կարող են ներխուժել Թուրքմենստանի տարածք: Ավելի վաղ արդեն խոսվել է, որ «Թալիբան» շարժման վերականգնումը, որն ընթանում է հարվածային տեմպերով, արեւմտյան նախագիծ է, եւ դրա նպատակը Չինաստանի ու նրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համար խնդիրներ ստեղծելն է: Չինաստանի համար խնդիրներ ստեղծելիս անհրաժեշտ է խարխլել չինական արտաքին քաղաքականության բազան: «Իսկ այդ բազան հենց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է: Հետեւաբար, եզրակացությունն ինքնին հուշում է, թե որտեղ կարող է ստեղծվել ամենադյուրին եւ ամենաարդյունավետ խնդիրը՝ հանգույցում, մուտքի կետում, եւ դա Կենտրոնական Ասիան է»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի ու Կովկասի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինը: Նրա կարծիքով՝ կարող է Չինաստանի էներգապահովման սպառնալիք ստեղծվել: Օրինակ՝ հարվածի տակ կարող է ընկնել «Գալկինիշ» գազային հանքավայրը: Նման կարգի դժվարություններից խուսափելու համար Չինաստանը կարող է օգտվել իր մասնավոր ռազմական ընկերությունների ծառայություններից: Ոչ բոլորը կարող են չինական լինել: Մի մասը կարող են վարձվել այդ աշխատանքի համար:
Ինչ վերաբերում է Տաջիկստանին, ապա իշխանությունների տարանցման շրջանակներում արդիականացվում է աֆղան փախստականների՝ Տաջիկստանի տարածք ներթափանցման թեման: «Սա իր մարդկանց վերաբնակեցնելու արեւմտյան նախագիծ է եւ կարող է իրականացվել առանց նախնական հաստատման, ըստ էության, առանց հաստատման: Չինաստանին դա պետք չէ, նրան ընդհանրապես պետք չէ արեւմտյան ազդեցության ներթափանցումը: Շատերը Տաջիկստանը համարում են Չինաստանի փաստացի պրոտեկտորատ: Ուստի Չինաստանին անհրաժեշտ է պաշտպանել իր ներկայությունն ու շահերը Տաջիկստանում: Եվ դա ոչ միայն Ռահմոնի ստացած պարտքերն են, այլ նաեւ դիրքերը, որոնք զբաղեցնում են չինական կորպորացիաները, օրինակ, հանրապետության լեռնամետալուրգիական ոլորտում. երկրի ոսկու արդյունահանման 80-90 տոկոսը գտնվում է Չինաստանի ձեռքում»,- ավելացրել է Գրոզինը:
Կենտրոնական Ասիայում Չինաստանի դերի վրա ազդեցություն կարող են գործել նաեւ չին-ամերիկյան հարաբերությունները, որոնք չափազանց վատացան ԱՄՆ-ի նախորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի օրոք: Իսկ ահա Բայդենը ցանկանում է հալեցնել սառույցը: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը Տյանցզինում կհանդիպի Չինաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սե Ֆենի հետ: Հանդիպման վայրն էլ պատահական չի ընտրվել. Տյանցզինը հին քաղաք ու նավահանգիստ է, որն անցյալ դարում դեր է խաղացել Չինաստանի ու Արեւմուտքի հարաբերություններում: Այցը, ինչպես նախատեսվում է, հիմքեր կստեղծի ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահներ Ջոզեֆ Բայդենի ու Սի Ցզինպինի զրույցի համար:
Չնայած Սպիտակ տունը Չինաստանն անվանել է պոտենցիալ գլխավոր հակառակորդ, Բայդենը կարծում է, որ առերես հանդիպումը կպարզի, թե ինչ թեմաների շուրջ կողմերը կարող են ընդհանուր լեզու գտնել: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարների հանդիպումը կարող է անցկացվել երկկողմ ձեւաչափով կամ «G-20»-ի նիստի շրջանակներում եւ լուծել տարբեր տարածաշրջաններում կողմերի ներկայության հետ կապված հարցերը: