ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։
Շառլ Միշելը խոսել է իր այցի նպատակների մասին, ասել, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացել համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատեւ զարգացմանը:
«Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարեւորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի եւ ցավով է արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, վերաբերող եւ այլն։ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմում ցավալի կորուստներից հետո Հայաստանի համար կարեւոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Այս համատեքստում նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը հնարավորություն կտա առավել հավասարակշռված Սահմանադրություն ունենալ: Արմեն Սարգսյանն առանձնացրել է նաեւ մարդկային կապիտալի եւ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները։ Նա համոզմունք է հայտնել, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար: