ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի հրաձգությունների վերաբերյալ: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Երասխը…
Փորձենք այս հարցը քննարկել աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից. ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյո՞ք որովհետեւ Երասխը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից մեկն է, եւ թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագիրը եւ Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել. Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին դարձյալ առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով։
Տնտեսագետ Կարեն Սարգսյանը համաձայնեց «ՀՀ»-ի տեսակետին։ Ավելին, նրա խոսքերով, թերեւս 90-ական թվականներից հետո առաջին դեպքն է, որ նման ինտենսիվությամբ Հայաստանի սահմանն այս ուղղությամբ թշնամու կրակի տակ է հայտնվում: Իհարկե, սա պատահական չէ եւ իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների ներքո. «Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդը այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից ու մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի այսպես կոչված «միջանցքի» հարցի լուծումը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի: Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, եւ դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ: Սա Հայաստանի համար լիակատար տնտեսական եւ աշխարհաքաղաքական շրջափակում է նշանակում: Ադրբեջանը սա շատ լավ գիտակցում է: Փաստացի, Ադրբեջանը փորձում է ամեն հնարավոր միջոցներով հիշեցնել դեռեւս չլուծված սահմանների ճշգրտման խնդիրների մասին եւ ինչու ոչ, նաեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ասել է թե՝ եթե ուզում եք ձեր սահմանները հանգիստ թողնենք, հրաժարվեք Արցախի հարցից եւ արագ լուծեք սահմանների ճշգրտման խնդիրները»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներ ներխուժումը եւ ազգաբնակչության համար ամենօրյա խնդիրների ստեղծումը նույն տրամաբանության մեջ են. «Ադրբեջանական կողմը աստիճանաբար մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ դեպքերի թատերաբեմ ընտրելով աշխարհաքաղաքական կարեւորագույն հանգույցը՝ Երասխը եւ առճակատման ռիսկը մոտեցնելով Երեւանին: Գիտակցելով, որ Հայաստանի հանրության շրջանում վերոհիշյալ խնդիրները, այնուամենայնիվ, զգալի դիմադրության են արժանանում, հակառակորդը նման կերպ փորձում է վերջինիս վրա ազդեցություն գործել»:
Տնտեսագետն, այդուհանդերձ, չի կարծում, որ Ադրբեջանն այս պահին կարող է գնալ նման արկածախնդրության։ «Իրականում, սա լոկ ճնշում է մեզ վրա՝ հնարավորինս արագ կերպով լուծելու սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի խնդիրները՝ վերջինիս համար ձեռնտու տարբերակով։ Հայաստանի սուվերեն տարածք զինված ներխուժելու դեպքում ինքնաբերաբար գործի կդրվեն ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության պայմանագրից բխող միջոցառումները, եւ սա ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է: Բացի այդ, ԵԱՀԿ համանախագահների կողմից Շուշի այցելությունից հրաժարվելը հակառակորդի համար սառը ցնցուղ էր, որը նոյեմբերի 9-ից հայտնվել էր հաղթական էյֆորիայի մեջ: Նման պարագայում գնալ արկածախնդիր այսպիսի քայլերի՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավի համար ճակատագրական կլինի եւ միջազգային հանրույթի կողմից լուրջ հակազդման կարժանանա: Բացի այդ, հաշվի առնելով նաեւ ռուսական զորախմբի առկայությունը այդ տարածքում. վերջինս գործուն զսպաշապիկ է ադրբեջանական կողմի համար»,- եզրափակեց բանախոսը: