Նախորդ շաբաթվա ընթացքում հրադադարի խախտում է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից երկու հատվածում՝ Արարատի մարզի Երասխ գյուղի հարակից դիրքերում եւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտ: Վերջինիս հատվածում է, որ ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ սահմանը եւ դեռեւս ՀՀ սահմաններից ներս է:
Այս գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ պաշտոնական Բաքվի վարքագծին ծանոթ ցանկացածի համար: Միջազգային խոշոր կառույցների ղեկավարների այցերից կամ արցախյան խնդրին վերաբերող միջազգային իրադարձություններից առաջ Ադրբեջանը միշտ էլ գնում է սադրանքների: Այս անգամ սահմանի ապակայունացման առիթը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության այցն էր տարածաշրջան:
Սահմանային միջադեպերով փորձ է արվում խնդրով շահագրգիռ անձանց եւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, ինչպես նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի բացման խնդրի վրա: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ադրբեջանը փորձում է խոսել շանտաժի լեզվով, որը բնականաբար արդյունք չի տա:
Սահմանին պարբերաբար միջադեպեր հրահրելով, որոնք արդեն ուղեկցվում են զոհերով, հնարավոր չէ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսել, առավել եւս տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացել: Այստեղ պետք է արձանագրել, որ պաշտոնական Բաքուն շարունակում է թաքցնել իր իրական կորուստները: ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր մեկ հայ զինծառայողի զոհվելու մասին եւ հայտնել, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի կորուստներ, բայց վերջինս հայտնեց միայն վիրավորների մասին: Դրան զուգահեռ ադրբեջանական զինուժը սկսեց պարբերաբար կրակ բացել Երասխի մոտ գտնվող հայկական դիրքի ուղղությամբ, ինչը փաստում է, որ ադրբեջանական զինուժն, իրոք, տվել է կորուստներ եւ փորձում է պատասխանել հայկական կողմին:
Բաքուն իր այս վարքագծով խոչընդոտում է տարածաշրջանում կայունության հաստատմանը, իսկ վերջինս, ինչպես ադրբեջանաթուրքական կողմն է անընդհատ պնդում, պայմանավորված է երկրների միջեւ հաղորդակցության ուղիների բացմամբ: Այն, որ զոհերով պայմանավորված վերջին միջադեպերի նպատակը հենց այդ խնդիրներն են, պարզ դարձավ Շառլ Միշելի հետ Ալիեւի ունեցած հանդիպման մասին տարածված հաղորդագրությունից: Հրապարակված տեքստից պարզ է դառնում, որ հանդիպման ժամանակ քննարկված հիմնական հարցը սահմանների դեմարկացիան է եղել: Եվրոպացի պաշտոնյան խոստացել է սահմանազատման հարցում փորձագետներ տրամադրել:
Միջազգային կառույցներին եւ հանրությանը պետք է հասցվի այն ճշմարտությունը, որ Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքն ուղղված է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու դեմ: Հետեւաբար, այս դեպքում Բաքվի հայտարարությունների եւ գործողությունների միջեւ կա մեծ հակասություն, որը չտեսնելը եւ չդատապարտելը կբերի տարածաշրջանում անկայուն վիճակի անհամեմատ ավելի երկար ժամանակահատվածով պահպանմանը: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ Ադրբեջանը համառորեն չի ցանկանում ներկայացնել իր բանտերում պահվող ռազմագերիների թիվը եւ, առավել եւս, վերադարձնել նրանց, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Ստացվում է, որ ինչպես սեպտեմբերի 27-ին հրահրած պատերազմի, այնպես էլ տարածաշրջանում հետպատերազմյան լարված ու անկայուն վիճակի համար մեկ պատասխանատուն Բաքուն է, եւ նրա գործողություններին համարժեք գնահատականներ չտալը հանգեցնելու է տարածաշրջանային նոր լարումների, իսկ նման մթնոլորտում հաղորդակցության ուղիների բացման մասին խոսելն արդեն ավելորդ է: