Եթե նրան եւս երկու տարվա կյանք վերապահված լիներ, ապա կնշեր իր 80-ամյա հոբելյանը, մեծարման ու գնահատանքի խոսքեր կհնչեին, գուցե եւ մի նոր ու արժեքավոր աշխատությամբ կարողանար հարստացնել հայոց պատմագիտությունը: Նա՝ հայագետն ու աղբյուրագետը, կովկասագետն ու միջնադարագետը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետը: Պարույր Մուրադյան՝ բազմաշնորհ մի անհատականություն, որ, ծնված լինելով պատմական Ջավախք աշխարհի Ղադո գյուղում՝ եկել էր հավելելու հայահոծ մեր երկրամասին ու հայ պատմագրությանը պատիվ բերող ազգանվեր զավակների անվանացանկը:
Երեւանի մայր բուհի բանասիրական ֆակուլտետի արեւելյան (պարսկական) բաժնի շրջանավարտը, որ սովորել էր նաեւ Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում, ուսումնառությունն անցկացրել է Թբիլիսիի պետական համալսարանում, ատենախոսություն պաշտպանել ,Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարումե թեմայով: Դասավանդել է հարազատ բուհում, 1976-ից՝ նաեւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում: Այստեղ կազմավորել եւ ղեկավարել է կովկասագիտության եւ բյուզանդագիտության բաժինը: Տասը տարվա տքնաջան աշխատանք՝ եւ դոկտորական ատենախոսություն՝ ,Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի եւ Կախեթե: 1989 թ.՝ պրոֆեսորի կոչում, Մեսրոպ Մաշտոցի մրցանակ: Իննսունականների սկզբին՝ կովկասագիտության դասընթացներ Թրիերի համալսարանում:
Անժխտելի է Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում: Իսկ նրա ,Վրաց ժամանակագրությունըե հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը, հիրավի, նշանակալի երեւույթ էր հայագիտության բնագավառում:
Առանձնակի ուշադրության են արժանի պատմագետ պրոֆեսորի մենագրությունները՝ ,Հայաստանի վրացերեն արձանագրություններըե, ,Վրաստանի հայերեն արձանագրություններըե, ,Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրություններըե, ,Շուշանիկի վկայաբանության հայերեն եւ վրացերեն խմբագրություններըե:
Ծանրակշիռ է նրա գիտական վաստակը եւ մնայուն՝ որպես ժառանգություն: Պրպտուն ու մեղվաջան գործունեության արդյունք են նրա հրատարակած 300 աշխատությունները: Ի հավելումն այս ամենի, հարկ է նշել, որ իր գործի անխոնջ մշակը կազմել ու խմբագրել է ,Կովկաս եւ Բյուզանդիաե, ,Հայագիտական հետազոտություններե, ,Հայագիտական մատենադարանե, ,Հուշարձանե մատենաշարերը, խմբագրել բազմաթիվ հայագետների մենագրություններ, կազմել եւ հրատարակել անվանի հայագետների գիտական ժառանգությունն ամփոփող ժողովածուներ: Անդրադարձել է Սայաթ-Նովային, նրա ստեղծագործության դերակատարությանը վրաց գրականության մեջ, հայ-վրացական մշակութային փոխհարաբերություններին, հայ-վրացական բառարանագրությանը:
Այսպես կարելի է թվարկել ու թվարկել: Ասել է թե իր ասպարեզում սեփական վրանը խփած անհատականություն է մեկ տասնամյակ առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տված Պարույր Մուրադյան գիտության նվիրյալը: Հուսանք, որ նրա հազարավոր սաներից շատերն արժանապատվորեն կշարունակեն իրենց անվանի ուսուցչի գործը՝ ի փառս հայ հայրենագիտության…