Իսրայելը մտավախություն ունի, որ իր «NSO Group» խմբի կողմից լրագրողների, իրավապաշտպանների եւ համաշխարհային առաջնորդների լրտեսության համար ծրագրային ապահովման օգտագործման սկանդալը կխաթարի հարաբերություններն այլ երկրների հետ: Իշխանությունները որոշել են ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի աղմկահարույց գործի հետեւանքներով: Բացի այդ, գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտն այժմ ստիպված է ուսումնասիրել մի շարք բողոքներ ընդդեմ «Մոսադի» նախկին տնօրեն Յոսի Կոհենի:
Այն մասին, որ իսրայելցիներն զբաղվում են միջգերատեսչական համակարգի ձեւավորմամբ, հաղորդել են ամերիկյան «Axios» պորտալի աղբյուրները: Հանձնաժողովը, որի կազմում կընդգրկվեն պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ «Մոսադի» ու ռազմական հետախուզության աշխատակիցները, կմշակի մի շարք միջոցառումներ՝ Իսրայելում արտադրված «Pegasus» ծրագրի շուրջ սկանդալի հետեւանքները չեզոքացնելու համար: ԶԼՄ-ներում հայտնված վերջին դրվագն այն տեղեկություններն են, որ հեռախոսահամարներից մեկը, որն օգտագործել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գտնվել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում՝ գաղտնալսում կազմակերպելու համար: Ըստ «Monde»-ի տեղեկությունների՝ նպատակը եղել է ոչ միայն Հինգերորդ հանրապետության ղեկավարը, այլեւ Էդուար Ֆիլիպը, ով գլխավորել է կառավարությունը 2017-2020 թթ., ինչպես նաեւ 14 նախարար: Թերթը գրում է, որ Մակրոնի հեռախոսահամարի հետ կապված այս պատմությունը ցույց է տալիս, թե Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությունը որքան խոցելի է նման հարձակումների դեպքում: Բայց, համաձայն նույն թերթի տեղեկությունների, հատուկ գաղտնի բանակցությունների համար Հինգերորդ հանրապետության նախագահը սովորաբար օգտագործում է մեկ այլ՝ պաշտպանված հեռախոս:
Այս ֆոնին ձեռնարկվող զգուշավորության միջոցառումների մասին հարց են ուղղել նաեւ Կրեմլի մամուլի քարտուղարությանը: «Ընդհանուր առմամբ՝ պետության ղեկավարը, վարչապետը, նախագահի վարչակազմը եւ այլ գերատեսչություններ օգտագործում են հատուկ կապի համակարգ՝ կառավարական կապ, որը հուսալիորեն պաշտպանված է»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իսրայելի կառավարության համար հիմա խնդիր է ստեղծում նաեւ այն, որ «Pegasus»-ը հատուկ ծրագիր է, եւ դրա օգտագործման իրավունքը հրեական պետության իշխանությունների կողմից հատուկ թույլտվությամբ տրվում է միայն պետություններին ու պետական կառույցներին: Յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին: Իսրայելը հրապարակայնորեն պնդում է, որ առայժմ ուսումնասիրում է «Pegasus»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը: «Եթե հաստատվի, որ օգտագործումը խախտում է արտոնագրի պայմանները կամ գնորդ երկրների հետ կնքված հուշագրերի դրույթները, մենք կձեռնարկենք համապատասխան միջոցառումներ,- ասված է սկանդալի առիթով իսրայելական պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Կարեւոր է նշել, որ Իսրայելը կապ չունի այն տեղեկատվության հետ, որը հավաքվել է «NSO Group»-ի կողմից»:
«Axios»-ը կարծում է, որ ակնարկը, թե «Pegasus»-ի շուրջ սկանդալը, որն օգտագործվել է նաեւ սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգիի հարցաքննողների կողմից, կարող է ազդել աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունների վրա: Այս մասին նշված է բրիտանական Կիբերանվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Լինդի Կեմերոնի հայտարարության մեջ: Կեմերոնն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ պետությունները, որոնք չեն կարող մեծ ներուժ ստեղծել լրտեսական արդյունաբերության մեջ, կարող են հեշտ գնել այն: «Կենսականորեն կարեւոր է, որ կիբերտարածության մեջ բոլոր սուբյեկտներն օգտագործեն իրենց հնարավորություններն օրինական, պատասխանատու եւ համաչափ կերպով»,- նշել է բրիտանացի պաշտոնյան:
Իսրայելը կանգնել է եւս մեկ խնդրի առաջ. գլխավոր դատախազը մի քանի զեկույց է ստացել «Մոսադի» նախկին ղեկավար Կոհենի վերաբերյալ: Դրանցից մեկի հեղինակները մատնանշում են, որ Կոհենը դստեր հարսանիքի համար գործարար Ջեյմս Պակերից 2016 թ. հունիսին ֆինանսական նվեր է ստացել: Խոսքը 20 հազար դոլար կանխիկ գումարի մասին է, ինչը խախտում է օրենսդրությունը: Անցած ամիս իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում «Մոսադի» նախկին ղեկավարը նվերն անվանել էր «ոչ չարամիտ սխալ» եւ խոստացել վերադարձնել գումարը: Մեկ այլ դրվագ, որով զբաղվում է դատախազը, Կոհենի ներգրավվածությունն է ավտոմեքենաների երկու իսրայելական ներկրողների բիզնես վեճի մեջ: Իբր, գերատեսչության նախկին ղեկավարն անմիջական դեր է ունեցել այդ գործում: Հաջորդ բողոքը վերաբերում է այն առաջարկին, որ Կոհենը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել մի բորտուղեկցորդուհու, որի հետ մտերմացել է արդեն այն ժամանակ, երբ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Վերջապես, մեկ այլ զեկույց ուշադրություն է հրավիրում հետախույզի վերը նշված հեռուստատեսային հարցազրույցի վրա, որում, ի թիվս այլոց, խոսք է եղել իրանական միջուկային արխիվը գողանալու իսրայելական հետախուզական գործողության մասին: Ենթադրություններ կան, որ «Մոսադի» նախկին տնօրենը բացահայտել է այնպիսի տեղեկություններ, որոնք պետական կարեւորության նշանակություն ունեն: