Սիրիայում մեկնարկած ռուս-թուրքական մերձեցումն սկսում է աստիճանաբար սառչել, ինչը լիովին օրինաչափ եւ կանխատեսելի է: Էրդողանի ծավալապաշտական գործողություններն աստիճանաբար մոտենում են ՌԴ անմիջական շահերի գոտուն եւ սահմաններին, որտեղ արդեն ռուս-թուրքական շահերի բախումն անխուսափելի է: Անկարան Ռուսաստանի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները մեծ արդյունավետությամբ օգտագործեց Արցախում ագրեսիա հրահրելու եւ Ադրբեջանում ռազմական ներկայություն ապահովելու նպատակով: Նախնական փուլում խոսելով Ռուսաստանի հետ համատեղ հրադադարի մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին՝ Էրդողանը շատ կարճ ժամանակ անց արդեն հայտարարեց Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու ծրագրի վերաբերյալ, ինչն իր բացասական արձագանքը գտավ ՌԴ-ում:
Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումից քաղել է առավելագույնը, եւ հետագա ծավալապաշտական գործողությունների համար ՌԴ-ն արդեն խոչընդոտ է, ինչը ենթադրում է այդ երկրների հարաբերությունների սառեցում: Այն, թերեւս, կարող է կարճ ժամանակով հետաձգվել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ-ն այս երկրից դուրս հանեց իր զորքերը՝ այնտեղ թողնելով միայն թուրքական զինված ուժերին՝ ամենայն հավանականությամբ, սիրիական կարգավորման սցենարի ակնկալիքով: Սակայն արդեն այսօր ռուս-թուրքական հարաբերություններն սկսում են ճաքեր տալ:
Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում տեղատվության մասին օրերս հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների հարցով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ: Ըստ Նուլանդի՝ ռուս-թուրքական մերձեցումը սկսվել է Սիրիայում, իսկ հետո տարածվել այլ վայրերում: «Ես չեմ խոսելու թուրքերի փոխարեն, բայց կարծում եմ, որ Անկարայում, ինչպես ես եմ զգում, ափսոսանք կա C-400-ի գնման եւ այդ հարաբերությունների հարցում, որը պարտադիր չէ, որ աշխատեր Անկարայի շահերի օգտին»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Նուլանդը նաեւ նշել է, որ F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ծրագրում Թուրքիային այլ մատակարարներով փոխարինելու գործընթացը կավարտվի մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում: Վերջինս շեշտել է, որ ծրագրից Թուրքիայի դուրս մնալը զգալի հարված է հասցրել ոչ միայն այդ երկրի անվտանգությանը, այլեւ տնտեսությանը՝ աշխատատեղերի եւ արտահանման ներուժին, քանի որ Անկարան ապագայում այլեւս չի կարող մաս կազմել կործանիչների արտահանման շղթային: Սրանից բացի, ՌԴ-ից C-400 հակաօդային հրթիռային կայանների գնման պատճառով ԱՄՆ-ը բազմաթիվ այլ տնտեսական պատժամիջոցներ էլ էր սահմանել:
Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երկար չի կարող տեւել, փաստում է նաեւ պատմությունը: Այն օրինաչափ է, եթե դիտարկենք փաստը, որ այդ երկրները կիսում են միեւնույն կենսական աշխարհաքաղաքական տարածքները, իսկ Թուրքիան ռազմական արդյունաբերության հզորացմամբ սկսել է իր էքսպանսիայի քաղաքականությունը:
Եթե Անկարայի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցն է նկատում ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման նախանշանները, ապա դա մոտ ապագայում իր գործնական դրսեւորումները կունենա: Այդ հետընթացն իր ազդեցությունը կունենա բոլոր ոլորտներում եւ տարածաշրջաններում, որտեղ համագործակցության եզրեր են գտել երկու պետությունները: Այն չի կարող չազդել նաեւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Այս դեպքում, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, ՌԴ զինված ուժերի հետ Հայաստանի պաշտպանական համակարգի համագործակցության սերտացման ու համատեղ ռազմատեխնիկական համալիրների ձեւավորման գործընթացները պետք է իրականացվեն առավելագույն սեղմ ժամկետներում եւ բարձր արդյունավետությամբ: Այսօր արդեն Ադրբեջանն ամենամսյա հաճախականությամբ զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ՝ ձեւավորելով մեկ ռազմական ճակատ, որին հակազդող միակ տարածաշրջանային ուժերը ՌԴ-ն եւ Իրանն են: