-1802 թ. հուլիսի 24-ին ծնվել է Ալեքսանդր Դյումա հայրը՝ ֆրանսիացի գրող, նաեւ դրամատուրգ եւ լրագրող, ում՝ արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» եւ «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա տղան եւս կրում էր Ալեքսանդր անունը եւ գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է «հայր» բառը։
-1701 թ. հուլիսի 24-ին ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվեց Դետրոյթ քաղաքը:
-1783 թ. հուլիսի 24-ին ծնվել է Սիմոն Բոլիվարը՝ լատինամերիկյան զինվորական եւ պետական գործիչ, 1810–1826 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ եւ հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ 1819–1822 թթ., մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի եւ Էկվադորի տարածքները, իսկ 1824-ին՝ Պերուն։
-1935 թ. հուլիսի 24-ին Թբիլիսիում գործարկվեց մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:
-1902 թ. հուլիսի 24-ին ծնվել է Սիմոն Ալաջալովը՝ հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:
-1933 թ. հուլիսի 24-ին ծնվել է Վազգեն Սեմերջյանը՝ հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1980 թ.), բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
-1950 թ. հուլիսի 24-ին մահացել է Միքայել Թումանյանը՝ հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական թոշակ։