Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների վերահսկմանն ուղղված խնդիրները: Ռուսական խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս խաղաղապահների հանդեպ սադրիչ գործողություններ չեն իրականացվել:
Չնայած դիտակետերում շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կազմակերպել է խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքներ՝ հիմնական առարկաների ընդգրկմամբ, այդ թվում մարտավարական, հատուկ-մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոտեխնիկայի վարման պարապմունքներ:
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարելագործել են մի շարք մարտական խնդիրների կատարման հմտությունները՝ ստորաբաժանումների պատրաստության ծրագրին համապատասխան: Զորավարժարանում, գործնական վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները նաև կատարելագործել են հաշվարկների ներդաշնակումը և կրակի վարման, ըստ կոորդինատների` նշանառության և կրակի արձակման համար կայանքի փոփոխության ժամանակ գործողությունների արագությունը: Ավարտական փուլում զինծառայողները իրականացրել են ուսումնական հրաձգություն փակ կրակային դիրքերից` դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ՝ տարբեր հեռավորություններից: ԲՏՌ-82Ա զրափոխադրիչների անձնակազմերը տանկային երթուղու և մարտական մեքենաների հրաձգարանի տարածքում կատարելագործել են վարման հմտությունները բարդ տեղանքի պայմաններում՝ տարաբնույթ խոչընդոտների հաղթահարմամբ և կատարել ստուգողական հրաձգության վարժություններ` 7,62-միլիմետրանոց տանկային գնդացրից առանձին և խմբային թիրախների ուղղությամբ: ՙԱյս զորավարժարանում դասակի անձնակազմը ստուգողական հրաձգության առաջին վարժություննները կատարել է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչի զենքից: Առաջադրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Անձնակազմը խոցում է թիրախները լավ ու գերազանց, գործում է վստահ` մարտական մեքենայի կառավարման ժամանակ՚,- ասել է պարապմունքները ղեկավարող գնդապետ Ս. Լեոնիդը:
Բացի դրանից, հուլիսի 17-ից 20-նն ընկած ժամանակահատվածում Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքային խմբերն այցելել են Մարտակերտի և Մարտունու շրջան՝ շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների անվտանգ իրականացումն ապահովելու համար: Հուլիսի 19-ին ռուս խաղաղապահներն ապահովել են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Թաղավարդ գյուղում, մթերվել է չոր խոտ` 13 հա խոտհարքից:
Հուլիսի 18-ին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մի քանի տասնյակ ուխտավորների են ուղեկցել Ամարասի վանք:
Հուլիսի 19-ին Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Շոշ գյուղի ամառային ճամբարում անց են կացրել ՙՈ՞րն է տրամաբանությունը՚ ինտերակտիվ-զարգացնող խաղ: Միջոցառմանը մասնակցել է 47 ուսանող:
Ռուսական ինժեներասակրավորական խմբերը շարունակում են տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած ռազմամթերքի ոչնչացումը: Մինչ այժմ ռուսական ինժեներասակրավորական խմբերը ստուգել են 1892 շենք-շինություն, ավելի քան 657 կմ ճանապարհ, մաքրել 2187 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել 25677 պայթյունավտանգ առարկաներ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի Ստեփանակերտում գործող ընդունարան է դիմել 3690 տեղացի: Աշխատանքների սկիզբից ի վեր Կենտրոնը 1755 քաղաքացիներից զանգեր է ստացել ՙթեժ գծին՚:
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ