Սաուդյան «Աշարկ ալ-Աուսատ» թերթը, հենվելով իր աղբյուրների վրա, հաղորդել է, որ Մոսկվան այլեւս մտադիր չէ փակել աչքերն իսրայելական ուժերի կողմից Սիրիայի արաբական բանակի դիրքերին հասցվող կանոնավոր ավիահարվածների վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ Ռուսաստանը նման որոշման է հանգել՝ վերլուծելով Ջոզեֆ Բայդենի վարչակազմի դիրքորոշումը:
Այն մասին, որ ռուսական կողմը հրաժարվում է լուռ չեզոքությունից՝ կապված Սիրիայում Իսրայելի պաշտպանական ուժերի ավիագործողությունների հետ, «Աշարկ ալ-Աուսատ» թերթին պատմել է ռուսաստանյան մի աղբյուր: Նրա խոսքերով՝ Մոսկվան սիրիական կառավարությանն ավելի կատարելագործված ռազմական տեխնիկա կմատակարարի, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հետ մղել անդրսահմանային հարձակումները, որոնց անհրաժեշտությունն Իսրայելը, որպես կանոն, բացատրում է հարեւանի տարածքում իրանական անկանոն կազմավորումների ուժեղացմամբ:
Վերջին տարիներին Իսրայելի պաշտպանության բանակն ազատորեն հարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր շրջանների, ինչը հետազոտողներին ստիպել է հավատալ այդ հարցում ՌԴ-ի ու Իսրայելի միջեւ ջենտլմենական պայմանավորվածությունների գոյության մասին:
Սաուդյան թերթի զրուցակցի խոսքերով՝ ռուսական կողմը Բայդենի վարչակազմի պաշտոնական դեմքերի հետ հաղորդակցությունից հետո հանգել է եզրակացության, որ անհրաժեշտ է զսպել Իսրայելի պարբերական գործողությունները սիրիական երկնքում. ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի առերես հանդիպումից հետո, Մոսկվայի համար տպավորություն են ստեղծել, որ Սպիտակ տունը հավանություն չի տալիս սիրիական ասպարեզում իսրայելական գործողությունների մասշտաբներին ու ինտենսիվությանը: Վերջին ամիսներին հրթիռակոծության հաճախականությունը, իրոք, մեծացել է, չնայած Բայդենի օրոք ամերիկյան կողմն է պարբերաբար հարվածներ հասցնում Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին՝ դա բացատրելով իրանական ուժերի դեմ պայքարով:
Անցած շաբաթվա ընթացքում ռուսական պաշտպանական գերատեսչությունը երկու անգամ հաղորդել է իսրայելական հրթիռներ որսալու մասին: Մասնավորապես՝ հուլիսի 22-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը տեղեկացրել է, որ նման միջադեպ է գրանցվել սիրիական կենտրոնական Հոմս նահանգի մերձակայքում: «Հուլիսի 22-ին, ժամը 01:11-01:19-ի սահմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու «F-16» կործանիչներ Լիբանանի օդային տարածքից չորս կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Հոմս նահանգի օբյեկտներին: Բոլոր չորս հրթիռները ոչնչացվել են սիրիական ՀՕՊ-ի հերթապահ ուժերի կողմից ռուսական «Բուկ-Մ2Է» համակարգերով»,- բացատրել է ռազմական ղեկավարը:
Դրան նախորդել է հուլիսի 19-ին կայացած իսրայելական հրետակոծությունը, երբ կործանիչները 8 կառավարվող հրթիռ են բաց թողել Հալեպի հարավարեւելյան շրջանների վրա: Ինչպես հայտնել է Կուլիտը, Արաբական Հանրապետության օդային տարածքում ամերիկյան կողմից վերահսկվող ալ-Տանֆ հարավային գոտով ներխուժել են Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս «F-16» կործանիչներ՝ հարվածներ հասցնելով հարավարեւելյան Հալեպի օբյեկտներին: Կենտրոնի ղեկավարի տեղակալի խոսքերով՝ 7 հրթիռ չեզոքացվել է սիրական ՀՕՊ-ի հերթապահ ուժերի կողմից ռուսական արտադրության «Պանցիր-Ս» եւ «Բուկ-Մ2» համակարգերով: «Մեկ հրթիռ Հալեպի նահանգի Սֆիրա բնակավայրում վնասել է գիտահետազոտական կենտրոնը»,- նշել է Կուլիտը:
«Աշարկ ալ-Աուսատի» աղբյուրները կարծում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների կանխարգելման մասին պարբերական հաշվետվությունները վատ նշան են հրեական պետության համար: Չնայած սաուդյան հաղորդումների ապացույցների թույլ բազային, իրավիճակն անհանգստացրել է իսրայելցի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին: Հետազոտողների շրջանում երկար ժամանակ կարծիք կար, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը չտուժեն անդրսահմանային հարձակումների արդյունքում, բայց ահա շիական անկանոն կազմավորումների դեմ միտվածությունը կարող է մասամբ համապատասխանել ռուսական հետաքրքրություններին: Այսպիսով՝ համաձայն այդ գնահատականների՝ կարելի է վերահսկել եւ զսպել Իրանի ազդեցությունը, որը, ըստ որոշ կարծիքների, Սիրիայում օգտագործում է շիա մարտիկներին:
Հրեական պետությունում նոր կառավարության ձեւավորումը կարող է ազդել նաեւ Սիրիայի վերաբերյալ ռուս-իսրայելական շփումներում նոր իրողություն ստեղծելու վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հղած իր վերջին ուղերձում իսրայելական «Շաս» կուսակցության պատգամավոր Մոշե Արբելը, Կիեւին խնդրելով թույլատրել, որ հրեա հաշիդները սեպտեմբերին զանգվածային ուխտագնացություն կատարեն դեպի Ուման, հորդորել է չենթարկվել Իսրայելի նախարարների կաբինետի արգելքներին: Արբելն իր դիրքորոշումը փաստարկել է նրանով, որ, իբր, այս կաբինետը «ռուսամետ» է: Նա այդպիսի եզրակացություն է կատարել այն պատճառով, որ կառավարության կազմում ընդգրկվել է Ավիգդոր Լիբերմանը, որի «Մեր տունն Իսրայելն» է կուսակցությունը գլխավորապես ներկայացնում է ռուսախոսների շահերը:
Բայց սա սոսկ մանիպուլյացիա է թվում: Իսրայելի նոր նախարարների կաբինետը կարող է շատ ավելի հեռու լինել Կրեմլից, քան նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը: Հունիսին ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր երդմնակալության կապակցությամբ՝ Յաիր Լապիդը թվարկել է մի շարք ոլորտներ, որոնք առաջնահերթություն կլինեն «փոփոխությունների կառավարության» համար:
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, որը ռոտացիայի կարգով պետք է փոխարինի Բենեթին վարչապետի պաշտոնում, մանրամասն չի խոսել Ռուսաստանի մասին՝ նշելով, որ դրան ավելի ուշ կանդրադառնա: Իսկ դա չի կարող հարց չառաջացնել, թե «փոփոխությունների բլոկը» որքանո՞վ է պատրաստ պահպանել ռուսական հետաքրքրությունները սիրիական ասպարեզում: