Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած կիոկուշին կարատե մարզաձևի մրցումներից արցախցի Ռուդի Քամալյանը և Դավիթ Ավետիսյանը վերադարձել են հաղթանակով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրանք, տարբեր քաշային կարգերում գրավելով 3-րդ մրցանակային տեղը, Արցախ են բերել բրոնզե մեդալներ: Մարզիչ, աշխարհի չեմպիոն Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների գրանցած արդյունքներից:
«Հուլիսի 4-11-ը մասնակցեցինք Բուլղարիայում կայացած աշխարհի գավաթի ամենամյա խաղարկությանը և մարզահավաքին: Մեր թիմը 10 հոգուց էր բաղկացած. 7 մասնակիցներ ու 3 մարզիչ: Ռուդի Քամալյանը և Դավիթ Ավետիսյանը նաև պատերազմի մասնակիցներ են, որոնք կարողացել են պատերազմից հետո իրենց մեջ ուժ գտնել և պարապել այնպես, որ վերադառնան հաղթանակով», – մեզ հետ զրույցում նշեց Ա. Առուշանյանը:
Դավիթ Ավետիսյանը հնարավորություն ունեցավ մարզահավաքի ժամանակ փորձ և նոր հմտություններ ձեռք բերելու:
«Ունեցել եմ 3 մենամարտ, առաջինը թուրք մարզիկի հետ, որին հաղթել եմ նոկաուտով, երկրորդ մենամարտում առավելության հասա բուլղարացի մարզիկի նկատմամբ, իսկ երրորդ մենամարտը վնասվածքի պատճառով չկարողացա շարունակել: Մենք, անցնելով պատերազմի դժվարությունների միջով, կարողացանք նաև հաղթահարել այս փորձությունը», – ասաց Դ. Ավետիսյանը:
Բրոնզե մեդալակիր Ռուդի Քամալյանի խոսքով՝ սա արտերկրում նրա առաջին մեծ հաղթանակն է:
«Առաջին մենամարտս ունեցա Թունիսը ներկայացնող մարզիկի, երկրորդը՝ շվեդ մարզիկի հետ, կարողացանք մտնել կիսաեզրափակիչ: Երրորդը բավականին դժվար մենամարտ էր՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ: Աշխարհի գավաթի խաղարկությունը կազմակերպվել էր բավականին բարձր մակարդակով, և մրցակիցները լավ էին պատրաստված», – նշեց Ռուդի Քամալյանը: