Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղ հասնելու համար պետք է անցնել Կարմիր Շուկայի տարածքով, այն ճանապարհով, որը շահագործում է նաև թշնամին։ Մաճկալաշենը սահմանամերձ է․ մինչև պատերազմը առաջնագծից գյուղը հեռու էր 35-40 կմ, հիմա ադրբեջանցիների դիտակետից հեռու է 1-1,5 կմ։ 110 տնտեսություն ունեցող գյուղը պատերազմում 11 զոհ է տվել։
Ցուցանակի վրա գրված է՝ Մարտունի, Հադրութ Ֆիզուլի։ Պատերազմից առաջ սա ընդամենը ուղղություն ցույց տվող վահանակ էր, հիմա՝ պատմություն։ Գնում ենք Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղ։ Պետք է անցնենք Կարմիր շուկայով, այն ճանապարհով, որը մեզ հետ շահագործում է նաև թշնամին։ Մի քանի անցակետ ենք անցնում։ Որոշ տեղերում ռուս խաղաղապահները հայերեն էին՝ ձեր անձնագիրը, ваш паспорт-ի փոխարեն։
Մաճկալաշենում զրուցակիցս Յուրիկ Ավանեսյանն է, թուրքի ձեռագրին ծանոթ է 90 –ականներից։ Ասում է՝ ծանոթ է նաև «ոտնամաններին»։ Իմ զարմացած հայացքին արձագանքում է մի պատմությամբ՝ առաջին պատերազմի տարիներից։ Պատմում է՝ ամբողջ գիշեր ձյուն էր եկել։ Առավոտյան նկատել են, որ բակի ձյան վրա թարմ ոտնահետքեր կան։ Ասում է՝ միանգամից կռահեցի, որ թուրքը ռազվեդկի է եկել մեր գյուղ։
«Եղբորս հետ մի տան մեջ էինք մնում։ Առավոտյան մեկ էլ գոռում ա, թե հրացանդ վերցրո՛ւ, ե՛կ։ Եկալ եմ տեսալ նոր հետք։ Ասում եմ՝ էս մերոնցից չի, էս ամենաքիչը 41 համարի ոտքի տեղ ա ու թազա սապոգի հետք։ Մտածում եմ՝ մեր բատալյոնում թազա բատինկա հագնող չկա։ Դաշնակցության բերածը արդեն մաշվել ա։ Իսկ ամենամեծ հագնողն էլ 40 համար ա։ Ասեցի՝ չէ, սա ստեղից չի։ Պարզվում է՝ իրանք ուզում էին գյուղը գրավեին ու ռազվեդկա էին ուղարկել, դե, մենք էլ գյուղը պաշտպանեցինք։ Իսկ էդ մարդուն բռնցեինք, ու հո մի չափալախ չտվեցի»,–պատմում է Յուրիկ Ավանեսյանը։
44-օրյա պատերազմին Յուրիկ Ավանեսյանը չի մասնակցել, տարիքն արդեն մեծ է։ Բայց ունի իր բացատրությունը, թե ինչու պարտվեցինք։ Ասում է՝ անկազմակերպ էին, ամեն ինչ որոշված էր․
«Լավ աֆիցերին վռնդել ես, վատ աֆիցերին բերել ես։ Հիմա էլ ով որ տվել ա, նրան պահում ես, ով որ չի տվել, նրան վռնդում ես։ Թուրքին ես լավ գիտեմ, չի կարա հա՛մ կռվի, հա՛մ ճանապարհ պատրաստի, հա՛մ էլ գա Շուշին վերցնի։ Ես ընտեղից ոտքով եկալ եմ, անանցանելի ճանապարհ ա։ Քեզ 3 հատ սնարյադ չի՞ եղալ, որ խփես։ Եղալ ա։ Չե՛ս արել․․ Ղարաբաղցու ասած շինած սարքած պետությունը ծախալ ես»։
Պատերազմից հետո մաճկալաշենցիների 90 տոկոսը վերադարձել է գյուղ։ Թվում է՝ ապրում են կյանքի բնականոն ընթացքով։ Զրուցակիցս, սակայն, ասում է՝ բոլորը գեդարի են։ Հետո բացատրում է օտար բառի իմաստը․
«Դա ադրբեջաներեն բառ է։ Այն նվագն է, որի տակ հարսին հանում են հոր տնից։ Բայց ես չեմ գնալու իմ գյուղից։ Մինչև վերջ մնալու եմ ու էստեղ պիտի մեռնիմ»։
Գնում եմ Մաճկալաշենի գյուղապետարան։ Գյուղապետ Լեռնիկ Ալեքսանյանը Մոնթեի զինակից ընկերն է․
«Մենք զինակիցներ էինք, առանց մեզ մարտի չէին մտնում։ Միշտ իրար հետ էինք»։
Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ այս պատերազմում Մոնթեի պակասը շատ էր զգացվում։ Կարոտով հետ է գնում ու վստահեցնում՝ Մոնթեն լիներ, կռիվն ուրիշ ելք կունենար․
«Սկզբնական օրերին ոգևորվածությունը շատ մեծ էր։ Ես 20 տարի զինվորական եմ եղել, չէի ուզում ասել, բայց կասեմ։ Անկազմակերպվածությունից, անօդաչու թռչող սարքերից, թշնամու հրետանու ճշգրիտ հրետակոծությունից մեր ոգին կոտրվեց, զինվորները մատնվեցին խուճապի, ու այդպես՝ մինչև վերջ»։
Լեռնիկ Ալեքսանյանը պատերազմում վիրավորվել է։ Դեռ լիովին չի ապաքինվել, բայց ուզում է անել ամեն ինչ, որ գյուղը դառնա առաջվանը՝ որքան հնարավոր է։
Մինչև պատերազմը Մաճկալաշենն առաջնագծից հեռու էր 35-40 կմ, հիմա գյուղի ու առաջնագծի միջև հազիվ 1-1,5 կմ է։ Վարելահողերի ու արոտավայերի մեծ մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Գյուղացիներից շատերը անասունները վաճառել են, պահելու հնարավորություն չկա։ Կա անորոշություն վաղվա հանդեպ։ Ասում են՝ մեզ հույս տալով ապրում-աշխատում ենք։
Գյուղապետի ուղեկցությամբ գնում եմ «Ամարաս» վանական համալիր։ Բակում ակտիվ շինարարություն է․ «Լույս» հիմնադրամի միջոցներով համալիրը վերանորոգվում է։ Հետդարձին գյուղապետը ցույց է տալիս թշնամու դիտակետերը։ Բայց ասում է՝ վանք գնալը վտանգավոր չէ, օրվա ցանկացած ժամի կարող ենք գալ, աղոթել։