Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով փորձում են հասնել Հայաստանի կողմից զիջումների մի քանի կարևոր հարցերում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդ կարևոր հարցերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, Հայաստանի սահմաններին:
«Ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան չստացավ այն արդյունքները, ինչ նախատեսում էր: Մասնավորապես, այդ պատերազմը հրահրելով՝ Թուրքիան նպատակ ուներ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր Արցախի շուրջ, այսինքն՝ այն մոդելը լիներ, ինչպես կար Սիրիայում, բայց ռուսները դրան չգնացին, թույլ չտվեցին: Թուրքիան հաշվարկել էր, որ այդ պարեկներն ունենալը հնարավորություն կտար մուտք գործել Հայաստան: Հասնել նրան, որ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն գոյություն չունենար: Թուրքերը չստացան այն, ինչ ուզում էին և հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս առնչությամբ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի այս առաջարկը:
«Եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա դա լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիան իրենից վտանգ է ներկայացնում ինչպես իրեն մոտիկ, այնպես էլ հեռու գտնվող տարածաշրջանների համար՝ սկսած Բալկանյան թերակղզուց մինչև Կենտրոնական Ասիա, Աֆղանստան և այլն: Այն վտանգ է նաև Ռուսաստանի համար: Թուրքիան փորձում է թուլացնել ռուսական պետականությունը:
«Դրան է ծառայում Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, մեր տարածաշրջանում, Բալկանյան թերակղզում: Դրանից բացի՝ Լիբիայում Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր բևեռներում են գտնվում: Ռուսաստանը պետք է հասկանա, որ գալու է մի պահ, որ նա ավելի վճռական հակազդի Թուրքիային»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը: