Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի հետ և հաղթեց 4:1 հաշվով:
Առաջին մրցափուլում Ուզուր Ջուժուպբեկովը հայտնվեց պարտերում, իսկ Արթուր Ալեքսանյանը գլորում կատարեց ու հաշիվը դարձրեց 3:0: Առաջին մրցափուլն ավարտվեց հայ ըմբիշի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը պարտերում հայտնվեց պասիվության համար և հաշիվը դարձավ 3:1, բայց մրցակցին չհաջողվեց միավոր վաստակել: Ուզուր Ջուժուպբեկովի մարզիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, ինչից հետո հայ ըմբիշին ևս մեկ միավոր շնորհվեց մրցակցի սխալ վիճարկման համար: Վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչն աչքի ընկավ վստահ պաշտպանությամբ և հասավ հաղթանակի՝ 4:1:
Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կմրցի ֆինն Արվի Սավոլայնենի հետ, որը 3:1 հաշվով հաղթեց կուբացի Գաբրիել Ռոսիլիոյին: