Տոկիոյում կայացավ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ իր նվաճած բրոնզե մեդալն ստացավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Հովհաննես Բաչկովը։
Հովհաննես Բաչկովն արարաողությունից հետո լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը: Սպասում էի ավելիին, բայց էլի, փառք Աստծո, որ կարողացանք այս մեդալը նվաճել: Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար: Շատերը կմտածեն, թե ինչու եմ տխուր բրոնզե մեդալի համար, սակայն, երբ դու քո քաշում ֆավորիտ ես, մի քիչ տխրում ես նման մեդալի համար»:
Բաչկովը շեշտեց, որ ամեն մի մեդալի հետևում հսկայական աշխատանք կա: «Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը համատեղել, ապա գուցե հաջորդ խաղերին էլ մասնակցեմ»,-շեշտեց նա:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ: