Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Տավուշի մարզում։ Ընթացքում ԱրՊՀ դասախոս, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, «Մեր երկիրը» հեռուստահաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք Մարզկենտրոն Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում։
Լ․ Հովհաննիսյանն Արցախի գիտական կենտրոնի աջակցությամբ հոդված է պատրաստում 18-րդ դարի երկրորդ կեսին Տավուշ տեղափոխված արցախցիների մասին։ Այս առումով հանդիպում ունեցանք թանգարանի երկար տարիների աշխատակից, 1986-2016թթ․ տնօրեն Նարիման Թանանյանի հետ, ով հեղինակել է «Իջեւանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի անվանի մարդիկ» գիրքը: Ընթացքում ծանոթացա թանգարանի պատմությանը, առօրյային։ Նազելի Ղալումյանը, ով աշխատել է Իջևանի տարածաշրջանային պետական քոլեջում որպես բաժնի վարիչ, արդեն 5 տարի է՝ տնօրինում է թանգարանը Տեղեկացրեց՝ թանգարանը գործում է իջևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, 1980-ականների սկզբից տեղավորված է ներկա շենքում, ունի «Տեղեկատվական», «Բնության», «Հնագիտության», «Ազգագրության», և «Մեր հերոսներ» բաժինները և հինգ ցուցասրահ։ Հիմնադրվել է 1955 թվականին Իջևանի գործկոմի կողմից/տնօրեն՝ Գայանե Ստեփանյան՝ մինչև՝ 1986թ․/։ Այցելուների համար գործում է 1997 թվականից, գտնվում է Դիլիջան-Իջևան ճանապարհի ձախակողմյան եզրին։ Ժամանակին եղել է հարուստ ժառանգություն ունեցող թանգարաններից մեկը՝ գործելով որպես սարդարապատի թանգարանի մասնաճյուղ։ 1992 թվականին այս թանգարանից Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի պատմության թանգարաններ են տեղափոխում շուրջ 1600 ցուցանմուշներ։ Այժմ Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կան Ք․Ա․ 3-2-րդ հազարամյակին պատկանող իրեր, ինչպես նաև ուրարտական շրջանից, երրորդ հազարամյակից մեզ են հասել տարբեր հնագիտական նյութեր, այդ թվում՝ բրոնզե սակր, սահմանաքարեր, խեցեղեն իրեր, զենքեր և այլն։
Ցուցադրված են նաև Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, այդ թվում՝ հեռախոսը Մորզեի այբուբենով, որով Կասյանը 1920 թ. նոյեմբերի 30-ին հեղկոմի անունից, Հայաստանի Սովետականացման մասին հեռագրում է Լենինին, հեղափոխության և Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող այլ իրեր։ Թանգարանի բակում նույնպես կան պատմական արժեք ունեցող նմուշներ, ինչպես նաև ժամանակակից քանդակագործների ստեղծագործություններ։ Ցուցադրված 2 թնդանոթներից մեկն արտադրվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927թ․ Եկատերինբուրգում, մասնակցել է Մեծ հայրենականին։ Բակում կան նաև ձիթհան գործիքներ, մեկը՝ երկաթյա՝ համեմատաբար՝ ավելի նոր, իսկ մյուսը՝ հսկա կլոր քար է, որ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն օգտագործել է իր «Ձոն աշխատանքի» քանդակում։
Թանգարանի բակում կան նաև տարածքից տեղափոխված խաչքարերի բեկորներ, որոնք միջնադարյան հուշարձաններ են։ «Մեր հերոսներ» բաժնում տավուշեցի հերոսներն են՝ ազատագրական պայքար, մեծ հայրենական, աշխատանքային, արցախյան պատերազմ։ Ն․ Ղալումյանը տեղեկացրեց՝ այցելուներ շատ են ունենում, հատկապես ամռանը։ Կարևորեց, որ այցելուների կազմում շատ են երիտասարդները, դեռահասները, զբոսաշրջիկները։ Թանգարանը բաց է ամեն շաբաթ՝ երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00: Ներկայացնելով իր գիրքը՝ Ն․ Թանանյանը հպարտորեն նշեց՝ 70-ից ավելի նշանավոր զավակներ է տվել հարազատ տավուշի մարզը, և ինքը փորձել է գրել բոլորի մասին։ Շատ է կարևորում թանգարանի դերը մարզկենտրոնում։ Զոհրաբ Ըռքոյան