Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Համբուրգի հայ համայնքի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց:
Որպես դպրոցի տարածք անհատույց կծառայի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքը, որը աշակերտների սակավության պատճառով չի օգտագործվում: Ըստ ՀԱԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանի՝ սկզբնական փուլում նախատեսվում է վերանորոգել մասնաշենքի ամենամեծ դահլիճը, այն ապահովել գույքով, որից հետո կսկսվեն մարզումները։ Աստիճանաբար կվերանարոգվեն և անհրաժեշտ գույքով կhագեցվեն նաև մասնաշենքի մյուս սենյակները: Աշխատանքներին ֆինանսական աջակցություն է բերել Համբուրգի հայ համայնքը:
Սերգեյ Բարսեղյանի հաղորդմամբ՝ Ոսկեվանում բնակվում են ֆիզիկապես ուժեղ կազմվածքով շատ երիտասարդներ, որոնք սպորտում կարող են ունենալ հաջողություններ: Հաշվի առնելով, որ Ոսկեվանը գտնվում է Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ջուջևան և Ոսկեպար գյուղերի կենտրոնում, մարզիկներ կներգրավվեն նաև այդ գյուղերից: