Կյանք, որի յոթ տասնամյակներից ավելի քան հիսունը անցել են Հայոց եկեղեցու գրկում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Արարատյան թեմը հայրապետական է անվանվում, որովհետև առաջնորդը կաթողիկոսն է համարվում և ուղղակիորեն մասն է կազմում Ս. Էջմիածնի: Եթե հաշվի առնենք այս հանգամանքը և նկատի ունենաք, որ Գարեգին Երկրորդը եկեղեցական ուսումնառության տարիներից դուրս մինչև կաթողիկոս ընտրվելը ծառայել է միայն Արարատյան թեմում և Ս. Էջմիածնում, ապա կարող ենք վստահաբար ասել, որ Հայոց Եկեղեցու միակ հայրապետն է, ում ողջ եկեղեցական գործունեությունը անցել է Ս. Էջմիածնում, որտեղից հասնելով համահայկական ճանաչման, դարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսության 132-րդ գահակալը՝ շարունակելով ծառայությունը Ս. Էջմիածնին:
Ծնվել է 1951թ. օգոստոսի 21-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում:
1965-1971թթ. ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտելով նույն տարում նշանակվել է ճեմարանի տեսուչի օգնական և «Նոր Կտակարանի պատմություն» առարկայի դասախոս:
1972թ. հոկտեմբերի 15-ին ձեռամբ Տիրան արքեպս. Ներսոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Նորընծա հոգևորականի ուսումնառության հետագա ընթացքը 1970-ական թվականներին զուգակցվում է հովվական գործունեության հետ: Երջանկահիշատակ Վազգեն Առաջինի հայրապետական տնօրինությամբ 1972թ. մեկնում է Վիեննա՝ ուսումը շարունակելու տեղի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ դառնալով Վիեննայի հայ համայնքի հոգևոր հովիվը:
1975-1979թթ. ուսումը և եկեղեցական ծառայությունը շարունակում է Գերմանիայում՝ որպես Բոննի համալսարանի աստվածաբանության բաժնի ուսանող և Քյոլնի հայ համայնքի հովիվ:
Ուսման ավարտական փուլը 1979թ. շարունակում է Զագորսկի Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայում:
1980թ. մարտի 10-ից ծառայության է նշանակվում Արարատյան հայրապետական թեմում՝ որպես առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983թ. մարտի 21-ին նշանակվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:
1982թ. մայիսի 7-ին վարդապետական թեզ է պաշտպանում «Պողոսագիտությունն այսօր» թեմայով:
1983թ. հոկտեմբերի 23-ին ձեռամբ Վազգեն Առաջինի եպիսկոպոս է ձեռնադրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:
Վազգեն Առաջինի հետ իր գործուն մասնակցությունն է բերել Ռուս Ուղղափառ եկեղեցու 1000-ամյակի հանդիսություններին Մոսկվայում և Ս. Էջմիածնում: Երիտասարդ եպիսկոպոսն այդ ժամանակ կմտածեր արդյո՞ք, որ Հայաստանում Քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի հանդիսությունները միջազգային հնչեղությամբ կազմակերպելը իրեն էր վիճակվելու՝ որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի:
1990թ. հիմնում է Սևանի հոգևոր դպրանոցը, որը հունիսի 15-ին Վազգենյան էր անվանվելու ի պատիվ Վազգեն Առաջինի: Այս դպրանոցը գալու էր ազդարարելու հայ վանական կյանքի նորոգության ու հոգևոր նոր սերնդի պատրաստության գործը անկախության ճանապարհը վերագտած Հայաստանում:
Ի գնահատություն եկեղեցական գործունեության՝ Վազգեն Առաջինի տնօրինությամբ 1992թ. արժանանում է արքության պատվի:
1998թ. նոյեմբերի 30-ին կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ է նշանակվել Գարեգին Առաջինի հայրապետական տնօրինությամբ:
Ծանր հիվանդ Գարեգին Առաջինի հետ 1999թ. մարտի 24-ին մասնակցել է Վենետիկում 1700-ամյակի առիթով կազմակերպված «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսին:
Գարեգին Առաջինի վախճանվելուց հետո 1999թ. հոկտեմբերի 27-ին գումարված ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս և Ս. Էջմիածնում կաթողիկոսական օծում ստանում է նույն թվականի նոյեմբերի 4-ին:
Գարեգին Երկրորդի կաթողիկոսական ընտրությունը համընկնելով մեր երկրի համար ծանրագույն փորձության՝ հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ, միաժամանակ նախորդեց համաքրիստոնեական և ազգային-եկեղեցական երկու մեծագույն իրադարձությունների՝ Քրիստոսի Ս. Ծննդյան 2000 և Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակներին:
Գարեգին Երկրորդը 2000թ. հունվարին Հորդանանի ափերին քրիստոնեական աշխարհի կրենապետերի հետ հաղորդվելով Մկրտության 2000-ամյա նորոգվող խորհրդին, մեկ տարի անց Քրիստոնյա աշխարհի կրոնապետերին ընդունեց Հայաստանում, որով երկու տարվա մեջ նախ քրիստոնեության օրրանում, ապա և սուրբգրային Արարատի հովանու ներքո երկիցս արտահայտվեց Քրիստոնյա աշխարհի և ավանդական եկեղեցիների միասնությունը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին բնորոշ առաջին հատկանիշն է եկեղեցաշինությունը, եկեղեցական նոր սերնդի պատրաստությունը և եկեղեցական կյանքի վերակազմավորումը՝ սկսած ծխական միավորներից ու հոգևոր հովվություններից:.
Իրար միահյուսված այս երեք հասկացությունների իրականացմամբ է, որ եկեղեցին անցյալի նվիրական հասկացություն լինելուն զուգահեռ շարունակելու է իր կենդանի ներկայությունը և առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ պահպանելով մեր ժողովրդի հոգևոր դիմագիծը:
Հայաստանի Երկրորդ Հանրապետության անցնող երեք տասնամյակների ընթացքում որքան դժվար է եղել նման աննախադեպ եկեղեցաշինության իրականացումը, նույնքան դժվար է նաև նորաօծ եկեղեցիների համար նորաօծ հոգևորակնների պատրաստումը: Հայաստանի Հանրապետությունում հոգևորակնների սուր պակասի մասին առաջին ահազանգերը հնչեցին դեռևս 1980-ական թվակնների վերջին Վազգեն Առաջինի կողմից:
Գևորգյան հոգևոր ճեմարանի կողքին այս նպատակին էին ծառայելու նախ Վազգենյան հոգևոր դպրանոցը, ապա և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանը: Քահանաների պակասը լրացնելու համար բացվեց նաև Քահանայից լսարանը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական լսարաններից մինչև Քահանայից լսարանը տարբերակված ձևով պատրաստվում են արդի աստվածաբանական կրթություն ստացող հոգևորականներից մինչև եկեղեցական կյանքի ժողովրդային սպասավորության քահանաներ:
Վստահաբար կարելի է ասել, որ Սահակ-Մեսրոպյան Ոսկեդարից, 13-14-րդ դարերի Սյունյաց վարդապետարաններից ու Գևորգ Չորրորդ Մեծագործ Հայրապետի ծավալած գործունեությունից հետո, հայ եկեղեցական ուսումնական հաստատությունների և եկեղեցական կրթության նման վերելք չի եղել մեր ժողովրդի պատմության մեջ:
Աննախադեպ կարելի է համարել նաև Մայր Աթոռի գրահրատարակչական գործունեությունը տպագրությունների քանակով, ծավալով և թեմատիկ ընդգրկմամբ:
Ողջ Հայաստանի, ինչպես նաև Անդրկովկասի տարածքի առաջին տպարանը, որի հիմադրման 200-ամյակը լրանում է այս տարի, շնորհիվ Գարեգին Երկրորդի, հասել է տեխնիկական վերազինման ժամանակակից բարձր մակարդակի, ուր տպագրվում են անցյալի եկեղեցական մատենագրության ու հայրաբանական ժառանգության բնագրերը, ինչպես նաև ժողովրդային հրատարակություններ՝ նվիրված հայ եկեղեցու պատմությանը, եկեղեցու խորհուրդներին և ընդհանրապես ծեսերին ու կրոնական տարբեր հարցերին:
Ինչպես որ հայ եկեղեցու պատմությունն է անբաժանելի հայ ժողովրդի պատմությունից, այնպես և Հայոց եկեղեցուն վերաբերող ցանկացած հարց և ուսումնասիրություն առնչվում է նաև հայագիտության տարբեր գիտակարգերին, որով Մայր Աթոռում իրականացվող ուսումնասիրություններով և հրատարակություններով Ս. Էջմիածինն այսօր հայագիտության երկրորդ կենտրոնն է Երևանի գիտաուսումնական և ակադեմիական հաստատությունների կողքին:
Գարեգին Երկրորդի հայրապետության տարիներին Վաչէ և Թամար Մանուկյանների բարերարությամբ հիմնվեց համանուն կենտրոնը, որի գրադարանում կենտրոնացված են ո՛չ միայն Մայր Աթոռի գրադարանային միավորները, այլև այն համալրվում է Նորին Սրբության հայրապետական այցելությունների ընթացքում ստացած կամ Ս. Էջմիածին եկած հոգևորականների ու մտավորականների նվիրած հրատարակություններով: Մի շարք գիտակարգերի վերաբերող ժամանակակից հրատարակություններով այն եզակի գրքային հավաքածու է և նմանը չունի Հայաստանի Հանրապետության որևէ գրադարանում:
Շնորհիվ Վեհափառ Հայրապետի Հայաստանի հայագիտական ներուժը լավագույնս ներառված է Մայր Աթոռի կառույցներում՝ Գերագույն Հոգևոր խորհրդից մինչև Գևորգյան հոգևոր ճեմարան, Ս. Էջմիածնի հրատարակչություն և «Էջմիածին» ամսագիր:
Ս. Էջմիածնի կրոնաեկեղեցական կյանքին զուգահեռ կարևոր տեղ են գրավում գիտամշակութային միջոցառումները: Վերջին 1700 տարիներին վերաբերող հոբելյանական իրադարձությունները քանի որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապվում են Հայոց եկեղեցու հետ, ուստի նշանակալից յուրաքանչյուր հոբելյանի կատարումը կամ Ս. Էջմիածնն է իրակացնում, կամ այն կատարվում է Հայաստանի համապատասխան հաստատությունների հետ միասնաբար, ուստի գիտամշակութային առումով ևս Ս. Էջմիածինը կենդանիորեն ներկա է մեր ժողովրդի կյանքում:
Գարեգին Երկրորդի շնորհիվ էականորեն վերակազմավորվեցին Մայր Աթոռի թանգարանային համակարգը և ձեռագրատունը: Ցուցադրության արդիական միջոցների կիրառմամբ Հայոց Եկեղեցու ավանդական սրբությունները և եկեղեցական արվեստի նմուշները ներկայանում են մի նոր փայլով՝ ընդլայնելով այցելուների գիտելիքները հայ արվեստի մասին:
Շնորհիվ Հայորդաց տների և բարեգործական տարբեր հաստատությունների Ս. Էջմիածինը սոցիալական և ընդհանուր կրթական առումով ևս ներկա է մեր ժողովրդի կյանքում: Այս հաստատությունների գործունեությունը տարբեր բարերարների նվիատվություններով ապահովելը գտնվում է Գարեգին Երկրորդի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Գարեգին Երկրորդի հայրապետության տարիներին ավելի քան մեկ տասնամյակ աշխատելով Սուրբ Էջմիածնում որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի ձեռագրատան վարիչ ականատեսն եմ եղել, թե Վեհափառ Հայրապետը ինչ սրտացավությամբ և խստապահանջությամբ էր վերաբերվում վեր բարձրացող ամեն կառույցի ամեն քարի ճիշտ տեղը դրվելուն:
Բախտ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես օր առ օր վերաշինվել և ընդլայնվել է Մայր Աթոռը:
Թեթևացած շունչ եմ քաշել, երբ Մայր Աթոռի ընդհանուր նորոգության շրջագծում կառուցվել է նոր ձեռագրատունը՝ թանգարանային ընդհանուր համակարգում:
Դժվարին է եղել Հայոց Հայրապետի անցած ճանապարհը, սակայն առավել դժվարին է լինելու այսուհետ անցնելիքը՝ կապված մեր երկրի այսօրվա հոգսերի և վերքերի հետ:
Հավատացած ենք, որ այս մեծ իրագործումները, որոնք մինչև հիմա կատարվել են Գարեգին Երկրորդի շնորհիվ, դառնալու են նախերգանքը այն հսկայական անելիքների, որոնք իր համահայկական բարձր հեղինակությամբ Նորին Սրբությունը կյանքի է կոչելու մեր երկրի վերաշինության ճանապարհին:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին մաղթելով հայրենաշեն ու եկեղեցաշեն գործունեություն երկար տարիներ մեր խոսքն ավարտենք Հայոց հայրապետներին տրվող ավանդական մաղթանքով, որ Ահարոնի ծաղկյալ գավազանով հովվի մեր ժողովրդին՝ առաջնորդելով «Ի վայրի դալարւոջ և առ ջուրս հանգստեան» (Սաղմ. ԻԲ 2):
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Բանասիրական գիտությունների դոկրոր