Հայաստան աշխարհում շատ են գեղատեսիլ ու պատմական վայրերը, որոնք էլ կարող են դառնալ զբոսաշրջության զարգացման հրաշալի վայրեր:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում՝ պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի Սյունիքի նախարարական տան Հայկազունների իշխանանիստ Կոթ քաղաքում, որը 9-10-րդ դարերում առեւտրական կարեւոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին, ինչպես նաեւ Բագրատունիների արքունական ձկնորսարանը, 9-րդ դարում կառուցվել է Կոթավանքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սրբատունը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու եւ Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Մինչեւ Շահ Աբասի արշավանքները, Գեղարքունիքի գավառը, չնայած շատ ասպատակություններ էր տեսել (այստեղով անցել են թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, Հյուսիսային Կովկասի թալանչիները), կանգուն էր, ու այստեղ հայն արարում էր: Դա են վկայում տարածքում պահպանված հարյուրավոր միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը: 19-րդ դարի սկզբներին Գեղարքունիքը նույնպես գրեթե դատարկ էր իր տերերից: Ռուս-պարսկական պատերազմից հետո, 1828-30-ական թվականներին Արեւմտյան Հայաստանից շատ ընտանիքներ տեղափոխվեցին Արեւելյան Հայաստան, եւ վերաբնակեցվեց նաեւ Գեղարքունիք գավառը:
Ներկայիս Մարտունու տարածաշրջանի բնակավայրեր եկան հիմնականում ալաշկերտցիներ եւ մշեցիներ: Կոթ բնակավայրը Սեւանա լճի հարավային կողմում է՝ լիճ թափվող ամենամեծ գետի՝ Ագրիճիի ափերին փռված լայնարձակ հարթությունում: Այս բնակավայրում Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից գաղթածների մի մասը բնակություն հաստատեց: Թուրքական նվաճողները ճիշտ չեն կարողացել Կոթ անունը արտասանել եւ բնակավայրը կոչել են Ադիյաման՝ անունը վատ է, սոսկալի է։ Ներքին Ադիյամանում բնակչության գաղթը ղեկավարում էր մելիք (իշխան) Հակոբ Եղյանը։ Գաղթականների հետ էին նաեւ Թաթոյանները, ովքեր, հիմնավորվելով Կոթում, Ագրիճի գետի ափին ձեռնարկեցին ջրաղացի կառուցումը, որն ավարտվեց 1830 թ.: Ըստ տեղեկությունների՝ 19-20-րդ դարերում Ագրիճիի ափին գործել են 16 ջրաղաց, որոնք ծառայել են տարածքի բնակչությանը:
Հիմնադրման օրվանից Թաթոյանների տոհմից ջրաղացը ժառանգաբար աշխատեցրել են 10 ջրաղացպան՝ սկսած Ավետիսից: Թաթոյանների ջրաղացն այսօր էլ կանգուն է, աշխատել է նաեւ 20-րդ դարի 90-ական թվականներին, երբ սկսվել էր արցախյան պատերազմը, իսկ մեր երկրում կային բազում տնտեսական խնդիրներ: Ջրաղացը Կոթավանքի հարեւանությամբ է: Այն վերջինն աշխատեցրել է Գեորգի Թաթոյանը, ում թոռ Արտաշեսն այժմ իր ընտանիքով բարեկարգել է տարածքը, վերակառուցել ջրաղացի շենքը, իսկ մոտակայքում գործում է նրանց բազալտակերտ, եռահարկ գեղեցիկ հյուրատունը: Զրույցի ընթացքում Արտաշեսն ասաց՝ կա ծրագիր, որ շուտով կգործի պապենական ջրաղացը, կարտադրեն ալյուր ու ձավարեղեն: Ինչ վերաբերում է հյուրատանը, այն մշտապես գործում է, ընդունում հյուրերի: Մինչ համավարակը այցելուներ շատ են եղել, այժմ քիչ է նրանց թիվը, բայց կա հույս, որ շուտով կավելանան: Հնաոճ տեսք ունի նաեւ հյուրատան ներսը՝ փայտյա մահճակալներ, դռներ, ձեւավորված աթոռակներ: Ջրաղացի տարածքում կան ու ավելանալու են տաղավարներ, որտեղ կարելի է լավ հանգիստ կազմակերպել ընտանիքներով:
43-ամյա Արտաշեսն ասաց, որ 3 տարեկանից այստեղ է անցկացրել կյանքը, ներկա եղել, թե ինչպես էր պապն աշխատեցնում ջրաղացը, ճանապարհում ոչ միայն Ներքին Գետաշենի, այլեւ հարեւան բնակավայրերի բնակիչներին: Արտաշես Թաթոյանն ասաց նաեւ, որ նախատեսել է գյուղի կենտրոնում արցախյան բոլոր մարտերում զոհվածներին նվիրված հուշակոթող կանգնեցնել: Այսպես կոչված՝ գրատախտակին կգրվեն Ներքին Գետաշենից զոհված անմահ հերոսների անունները: Արդեն ընկերների հետ սկսել է աշխատանքները: Նշեմ՝ բացի այս համալիրից, Ներքին Գետաշենը հարուստ է նաեւ այլ պատմական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում են Սբ Գրիգոր Լուսավորիչ (19-րդ դ.) եւ Սբ Վարդան (9-10-րդ դդ.) եկեղեցիները, Սբ Ամենափրկիչ մատուռը (12-13-րդ դդ.)։ Գյուղի արեւմտյան կողմում` բլրի վրա, նշանավոր Կոթավանքն է (9-րդ դ.), բազմաթիվ խաչքարեր կան։ Գյուղի մոտ կան նաեւ դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի եւ 11-13-րդ դարերի Իշխանհատիկ եկեղեցին, որն Ագրիճիի ձորում է՝ Վերին Գետաշեն տանող ճանապարհի մոտ: Իշխանհատիկի (Իշխանհատակ) հարեւանությամբ կան խաչքարեր, ինչպես նաեւ՝ ավերված եկեղեցի: Այս ամենը կարող են մեծ խթան դառնալ տարածքում զբոսաշրջության զարգացման համար։
Հ. Գ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունի քաղաքից 2 կմ հյուսիս-արեւմուտք` Ագրիճի գետի ափին, Սեւանա լճից ոչ հեռու։ Ունեցել է Ներքին Ադիյաման անունը։ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու ընթացքում Ադիյաման անվան տակ ընդգրկված է եղել Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառում: Այժմ ունի մոտ 8500 բնակիչ, գտնվում է ծովի մակերեւույթից 1950 մ բարձրության վրա: