Սողոմոն Պետրոսյան անուն-ազգանունը, թերեւս, շատ քիչ բան կարող է հուշել այսօրվա մեր ընթերցողին, ինչը չես ասի 1970-80-ական թվականների մասին, երբ սովետական մամուլը հաճախակի էր անդրադառնում այն դեպքերին, որոնք ճակատագրական էին նաեւ այս պատվախնդիր հայորդու համար: Վերհիշենք այդ իրադարձությունները հենց դրանց գործող գլխավոր անձերից, հերոսներից՝ Սողոմոն Պետրոսյանի ներկայացմամբ:
«-1970 թ. դեկտեմբերի 31-ին Լենինգրադից Երեւան թռիչքի պատրաստվող «ԻԼ-18» ինքնաթիռը վթարի ենթարկվեց,- պատմում է 84-ամյա Ս. Պետրոսյանը:- Աղետի պահին ես խոհանոցում էի, ուշքի եկա կրծքավանդակի ու մեջքի ահավոր սուր ցավերից եւ երբ տեսա, թե ինչ իրավիճակ է ինքնաթիռում` ողբ, ճիչ, վիրավորներ, արյուն, այս ու այն կողմ ընկած դիակներ, նոր միայն հասկացա, թե ինչ է տեղի ունեցել: Ինքնաթիռը մեջտեղից, կարելի է ասել, կիսվել էր: Անտեսելով ցավերս, մի կերպ հասա օդաչուների խցիկ, բայց… Անձնակազմի 5 անդամն էլ զոհվել էին: Հասկանալով, որ ամեն վայրկյան ինքնաթիռում կարող է հրդեհ բռնկվել, ուժերիս գերագույն լարումով օգնեցի ուղեւորներին դուրս գալ այնտեղից: Այդ ընթացքում ինքս էլ ուշագնաց եղա: Ուշքի եկա հիվանդանոցում, որտեղ էլ իմացա, որ զոհվել է եւս 18 ուղեւոր: «Պուլկովո» օդանավակայանի ղեկավարները փորձում էին վթարի մեղքը բարդել մեր անձնակազմի վրա: Սակայն շուրջ 2 տարի չարչարվելուց հետո, կարողանալով գտնել այն վարորդին, ով այդ օրը թռիչքադաշտում ձյուն մաքրելիս է եղել, գերագույն դատարանի միջնորդությամբ ապացուցեցինք, որ մեղավորն օդանավակայանի թռիչքային ղեկավարներն էին, որոնք թռիչքադաշտի զբաղված լինելու պարագայում մեզ թռիչքի էին թույլատրել…»:
Ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամների ընտանիքները, ինչպես շարունակում է պատմել Ս. Պետրոսյանը, իր համապատասխան, հիմնավոր ցուցմունքի համաձայն, ապահովվեցին թոշակներով, իսկ օդանավակայանի մեղավոր աշխատակիցները պատժվեցին:
Հաջորդ ճակատագրական դեպքը տեղի է ունեցել 1985 թ. «Տու-154»-ի հետ, որտեղ եւս մեր զրուցակիցը ինքնաթիռի բորտուղեկցողն էր:
«-Ճիշտն ասած,- շարունակում է հիշել նա,- այդ օրը հրաշքով փրկվեցինք: Երբ ինքնաթիռն օդ բարձրացավ, 15 վայրկյան հետո շարժիչներից մեկը շարքից դուրս եկավ: Հրամանատար Ռաֆայել Մելքոնյանի եւ օդաչու-հրահանգիչ Պետրոս Բաղդասարյանի հմտությունն ու փորձառությունը շատ բանով օգնեցին եւ վճռորոշ նշանակություն ունեցան: Ինքնաթիռի` մոտ 1 ժամ օդում պտտվելու եւ վառելիքի մեծ մասն օգտագործելու արդյունքում օդանավակայանը հնարավորություն ունեցավ պատրաստվելու վթարի ենթարկված ինքնաթիռն ընդունելուն: Բարեհաջող վայրէջք կատարեցինք` վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայան: Ինքնաթիռի 150 ուղեւորը 2 ժամ հետո, այլ ինքնաթիռով եւ անձնակազմով, արդեն Մոսկվայում էին: Այս հաջող գործողությունն արժանացավ խորհրդային ղեկավարության ուշադրությանն ու գնահատանքին: Հրամանատարն ու օդաչու-հրահանգիչը պարգեւատրվեցին Աշխատանքային կարմիր դրոշի, բորտինժեներ Վազգեն Գաբրիելյանը` Ժողովուրդների բարեկամության, անձնակազմի շտուրման Աշոտ Գրիգորյանը եւ երկրորդ օդաչու Գագիկ Միրզոյանը` «Պատվո նշան» շքանշաններով, իսկ բորտուղեկցորդուհիներ Հասմիկ Գրիգորյանը, Օլգա Շչելկանովը եւ ես` «Աշխատանքային գերազանցության» մեդալով: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ատբաշյանն էլ իր հերթին մեզ պարգեւատրեց արժեքավոր նվերներով»:
Ահա, այսպիսի փորձությունների միջով է անցել հայկական քաղաքացիական ավիացիայի վաստակաշատ ու նվիրյալ վետերաններից մեկը` Սողոմոն Պետրոսյանը: Հարուստ ու բովանդակալից են նրա աշխատանքային կենսագրության էջերը, հպարտանալու շատ բան ունի: Շուրջ 40 տարի աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում` բարի համբավ ու հեղինակություն վայելելով շրջապատում: Բավական է նշել, որ նա օդում անցկացրել է 14.500 թռիչքային ժամ: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է նաեւ մի շարք այլ պարգեւների:
Երբ Հայաստանն արդեն անկախացել էր, Ս. Պետրոսյանը նշանակվում է օդանավակայանի թռիչքների անվտանգության ինժեներ-տեսուչ: 1994-ին նրան հանձնարարվում է կազմակերպել ուղեկցման ծառայություն, որի ղեկավարումը վստահվում է հենց իրեն` փորձառու մասնագետին: 1999 թ. անցել է վաստակած հանգստի` մինչեւ օրս էլ շարունակելով հոգում փայփայել նվիրական սերը երկնքի անսահմանության ու «թռչող» լազուրային երազանքների նկատմամբ: Եվ, անշուշտ, սրտանց շատ է ուրախանում` տեսնելով հայկական քաղավիացիայի երբեմնի համբավի, հեղինակության վերականգնման ուղղությամբ այսօր ձեռնարկվող գործնական ու հուսադրող քայլերը…