«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված եւ հայ արեւովը կիզված, ունի ընտիր, պայծառ եւ եռանդուն ձայն: Հայերուս համար որքա՜ն պարծենալիքներ պիտի առթնե տակավին նա, որ իր գործունեության գարնան շեմին վրա է կանգնած…»:
Կոմիտաս
Եթե հետեւելու լիներ Մուշում հայտնի իր հոր՝ Սարգսի արհեստին, ինքն էլ էր դարբին դառնալու, եւ հայ երգարվեստը չէր ունենալու Արմենակ Շահմուրադյան փառահեղ երգչին, որին Տարոնի սոխակ պատվանունն են տվել: Բայց նրա շնորհը աստվածատուր էր. ութ տարեկանից էր հաճախել տեղի եկեղեցու երգչախումբ՝ միաժամանակ ուսանելով վարժարանում: Սակայն ամեն ինչ խաթարվում է հոր վաղաժամ մահով, իսկ մայրը միջոցներ չուներ զավակի ուսումը շարունակելու համար: Բարեբախտաբար, փոքրիկի ձայնային արտակարգ շնորհը կարեւորելով, Մշո հոգեւոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խարախանյանը որդեգրում է նրան եւ ուղարկում սովորելու Մշո նշանավոր սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց դպրոցում:
Սակայն եկեղեցու անձուկ միջավայրը Արմենակի սրտով չէր, եւ կարճ ժամանակ անց վերադառնում է ծննդավայր: Նույն պայծառանուն եպիսկոպոսն այս անգամ իր անձնական ծախսերով ու հանձնարարական նամակով ճանապարհում է Էջմիածին՝ Գեւորգյան ճեմարանում սովորելու: Այստեղ դառնում է երաժշտության իր ուսուցչի՝ մեծավաստակ Կարա Մուրզայի երգչախմբի մեներգիչ: Երկար ժամանակ պետք չէր, որ նրա շքեղ ձայնն ու բարձրորակ կատարումները գրավեին Կարա Մուրզային փոխարինելու եկած երիտասարդ Կոմիտասի ուշադրությունը: Այդուհետ պատանի երգիչը հայոց երգի վեհափառի հոգածության ներքո էր: Շուրջ տարի ու կես նա ձեւավորվում է Կոմիտասի անմիջական հսկողությամբ եւ կատարելագործվում նրա մասնագիտական խորհուրդներով: Ի դեպ, այս հոգածությունից զատ՝ նրա դասընկերներն էին Ավետիք Իսահակյանը, Գրիգոր Սյունին, Դերենիկ Դեմիրճյանը, որոնց հետ մտերմությունը շարունակվելու էր երկար տարիներ:
Նա դեռ կշարունակեր ուսումնառությունը ճեմարանում, եթե չմասնակցեր ուսանողական խռովությանը՝ ընդդեմ կրթօջախում իշխող պահպանողական-հետադիմական մթնոլորտի ու ղեկավարության գործելակերպի: Սակայն այս անգամ եւս բախտը ժպտում է Արմենակին՝ Խրիմյան Հայրիկի միջնորդությամբ մեկնում է Թիֆլիս եւ դառնում Ներսիսյան դպրոցի սան: Շուտով ծանոթանում է թիֆլիսյան հայ մեծերից շատերի հետ՝ Ղազարոս Աղայան, Գեւորգ Բաշինջաղյան, Հովհաննես Թումանյան, այլք: Իսկ դպրոցում նրա ուսուցիչը մեկ այլ երախտավոր էր՝ Մակար Եկմալյանը:
1896 թվական: Ուսումնառության ավարտ: Իսկ Արեւմտյան Հայաստանում սկսվել էին համիդյան ջարդերը: Սուլթանական այդ վայրագությունների դեմ թիֆլիսահայության բողոքի ալիք էր բարձրացել: Երգիչը դրանց եռանդուն մասնակիցների թվում էր: Ցարական ոստիկանությունը ձերբակալում եւ Մետեխի բանտ է նետում նաեւ նրան, ապա, որպես թուրքահպատակի, հանձնում նրանց: Բանտից բանտ փոխադրվելով, հասնում է մինչեւ Կարս: Ութ ամիս: Այդ անձկության մեջ Արմենակի միակ սփոփանքը երգն էր, որով շահում էր հսկիչների բարյացակամությունն ու բախտակիցների մտերմությունը: Ով զարմանք՝ թեւավորված երգն անցնում է բանտի բիրտ պատերից, հասնում թուրք հյուպատոս Ֆուադբեյին, որն էլ նրան ազատ աքսոր է ուղարկում հայրենի Մուշ: Հարազատ քաղաքում երկու տարի ուսուցչություն է անում նույն Ժառանգավորաց վարժարանում, ղեկավարում իր իսկ ստեղծած երգչախումբը:
Այդ օրերին իր երբեմնի սանի ճակատագրով մտահոգ Կոմիտասը Էջմիածնից հորդորանքի գիր է ուղարկում. «Ասացեք Արմենակին՝ չնստի-մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա՝ ձայնը մշակելու»: Սակայն ազատ աքսորում գտնվողն ինչպես կարող էր հատել թուրքական սահմանը: Եվ դպրոցի ղեկավարության միջնորդությամբ, իբր բուժման մեկնելու նպատակով, ձեռք է բերում լիբանանյան անձնագիր եւ ֆրանսիական նավով Լիբանանի փոխարեն մեկնում Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում է ազգաշահ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցի ծախսերով կառուցված եկեղեցու օծման արարողությանը, դրան մասնակցող երգիչների մեջ ճանաչվում առաջինը: Եվ այստեղ կրկին բախտը ժպտում է Արմենակին. Փարիզում սովորում է աշխարհահռչակ երգչուհի Պոլինա Վիարդոյի մոտ, ով հանձն է առնում երկու տարի անվճար պարապել նրա հետ:
Այնուհետեւ ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա: Իսկ 1911 թ. հունվարի 27-ին փայլում է նրա աստղը՝ Ֆաուստի դերով հանդես է գալիս Գունոյի նույնանուն օպերայում: Հաջողությունը ցնցող էր: Փարիզյան մամուլի եւ երգարվեստի սիրահարների խնդրանքով, նրա մասնակցությամբ ներկայացումը կրկնվում է շուրջ մեկ ամիս: Շահմուրադյան երգիչը միաբերան համարվում է այդ օրերի Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: Այնուհետեւ Փարիզի Մեծ օպերայի երգիչը համերգներով հանդես է գալիս Կահիրեում, Կ.Պոլսում, Թիֆլիսում, Բաքվում: Նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մեծն բարերար Ալ. Մանթաշյանցը: 1914 թ. Արմենակ Շահմուրադյանը հանգրվանում է Ամերիկայում, համերգներ ունենում ամերիկյան խոշոր քաղաքներում, եվրոպական ու ասիական երկրներում:
Թափառումներից հոգնած ու արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով երգիչը, որ շլացրել էր հանդիսատեսին, կրկին վերադառնում է Փարիզ եւ շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչին՝ Կոմիտասին տեսակցության: Հիվանդասենյակում, բժշկի խորհրդով, երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն է ունենում տառապյալ հանճարի վրա: Վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար եւ բացականչում միակ բառը՝ «Արմենա՜կս…»: Այդքանը միայն: Այնուհետեւ նորից լռություն՝ ոչ ճանաչում է, ոչ լսում, ոչ էլ պատասխանում իրեն պաշտող երգչի հարցերին: Մոտենում է պատուհանին, դեմքը հպում ապակուն եւ խռովածի տեսք ընդունում: Շահմուրադյանը երկար ժամանակ անզոր է լինում դուրս գալ հիվանդասենյակից:
Ինը տարի անց այդ նույն հոգեբուժարանում վախճանվում է «Տարոնի սոխակը» ու Ֆրանսիայի ամենաթովիչ տենորը: «Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրադյանի նմանը չի եղել,- այդ օրերին գրել է Վիլյամ Սարոյանը:- Եթե ինձ հարցնեք, նա փառավոր կյանք ապրեց: Կարեւոր չէ, թե ինչպես եւ ինչու մահացավ, որովհետեւ քիչ մարդիկ են փառավոր մեռնում…»:
Եվ փառավոր վաստակ, որի դեմ անզոր է մահը: