2000 թ. մայիսի 20-ին՝ ամերիկյան զինված ուժերի օրը, Նյու Լոնդոնում հանդիսավորությամբ մի հուշաքար է բացվում, որին գրված էր. «Մանհեթենյան նախագծի մասնակից, փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին: Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը: Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում: Թեեւ ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին…»:
Ո՞վ էր տաղանդավոր այս հայորդին, որ ամերիկյան իշխանությունների կողմից հետմահու արժանացել էր նման վերաբերմունքի:
Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան՝ ամերիկահայ ֆիզիկոս, որի նախագծած եւ ստեղծած ռումբերն օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Նա արմատներով Արեւմտյան Հայաստանից էր, ծնողները ԱՄՆ էին ներգաղթել 1913 թ.: Ապագա ֆիզիկոսը ծնվել է 1921 թ. Նյու Լոնդոնում, այստեղ էլ ստացել նախնական կրթություն: Հայրը տեխնիկ էր ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայում, ով հետագայում դառնալու էր քաղաքի հիվանդանոցներից մեկի նույնանման լաբորատորիայի վարիչ: Տակավին պատանեկան հասակում են ի հայտ գալիս նրա նախասիրությունները մաթեմատիկայի եւ բնական գիտությունների նկատմամբ, իսկ ակնհայտ ունակություններն ապշեցնող էին: Հանդարտ բնավորությամբ Հարությունը նաեւ երաժշտության սիրահար էր՝ ջութակ էր նվագում դպրոցական նվագախմբում: 1938-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան ընդունված ուսանողը, մասնավորապես մասնիկային ֆիզիկայի հանդեպ աճող հետաքրքրությունից դրդված, ուսումը կիսատ թողնելով՝ տեղափոխվում է Ինդիանա նահանգ՝ ընդունվելով Պերդյուի համալսարան: 1942-ին բակալավրի աստիճան ստանալով՝ սկսում է աշխատել ցիկլոտրոնների վերաբերյալ դոկտորական թեզի վրա: 1944 թ. միանում է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում Մանհեթենյան նախագծի վրա աշխատող Օտտո Ֆրիշի՝ միջուկի կրիտիկական զանգվածի հետազոտությամբ զբաղվող խմբին: Նա ներգրավվում է միջուկային նախագծի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի՝ կրիտիկական զանգվածի (ռադիոակտիվ նյութի նվազագույն զանգված, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան) որոշման գիտափորձում: Նա լաբորատորիայում 6.2 կգ զանգվածով պլուտոնիումի միջուկի շուրջ պետք է ձեռքով միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիտից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորեր: Աղյուսների շարքերը հերթով դասավորելու ընթացքում նեյտրոնային հատուկ հաշվիչները պետք է փորձարարին նախազգուշացնեին աղյուսների սահմանային քանակների մասին, որից հետո հաջորդ աղյուսի տեղադրումը կհանգեցներ կրիտիկական զանգվածի առաջացման: Այնուհետեւ Դաղլյանը որոշում է նույն փորձը կրկնել արդեն այլ չափի նմանատիպ աղյուսներ դասավորելու դեպքում: Ճաշից հետո շտապում է դասախոսություն լսելու, սակայն լսարանում մտադրվում է փորձի համար լաբորատորիա վերադառնալ նույն օրը՝ երեկոյան, չնայած այդպես չէր նախատեսված: Ու թեեւ լավ գիտեր, որ միայնակ լաբորատորիա մտնելն անվտանգության կանոնների խախտում է, այդուհանդերձ գնում է այդ քայլին: Նրան չի խանգարում նաեւ լաբորատորիայի մուտքի մոտ նստող հսկիչը, որի պարտականությունների մեջ մտնում էր միայն հակահրդեհային անվտանգությունը պահպանելը: Երեկոյան անհամբեր ֆիզիկոսը պահեստից հանում է աղյուսներն ու սկսում շարել պլուտոնիումի միջուկի շուրջ: Հինգերորդ շարքի կեսին հասնելուց հետո՝ ձախ ձեռքով միջուկի վրայով աղյուսն անցկացնելիս, հաշվիչն ազդանշան է տալիս, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել: Հարրին իսկույն ձեռքը հետ է քաշում եւ պատահաբար, ըստ էության ձեռքը դողալու հետեւանքով, աղյուսը գցում է միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի: Դաղլյանն աջ ձեռքով ակնթարթորեն մի կողմ է հրում աղյուսը՝ այդ կերպ կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան: Հսկիչը, աղյուսի անկման ձայնը լսելով, ներս է մտնում ու տեսնում իրադրությունը գնահատել փորձող երիտասարդ գիտնականին: Ռիսկը նվազեցնելու համար նա որոշում է մասնակիորեն քանդել նաեւ միջուկը շրջապատող աղյուսների շարքը եւ ապա հսկիչին տեղեկացնում կատարվածի մասին:
Նրան անմիջապես տեղափոխում են Լոս Ալամոսի հիվանդանոց, սակայն ճառագայթահարման հետեւանքներն անդառնալի էին: Բժիշկների գործադրած ջանքերն անզոր էին նրան փրկելու: Բարձր դոզայով ճառագայթահարված գիտնականի առողջությունը քայքայվում էր արագ ընթացքով: Քսանհինգօրյա մաքառումներ, եւ քսանվեցամյա տաղանդավոր հայորդու հոգին համբարձվում է երկինք…
Ահա թե ինչու էին ամերիկյան իշխանություններն արժանապատվորեն անմահացնում Հարություն-Հարրի Դաղլյան պայծառանուն հայորդու հիշատակը…