Անկախ պետականության կայացման շուրջ երեք տասնամյակների ընթացքը ցույց տվեց, որ պետության քաղաքականության եւ ազգային շահերից բխող հիմնախնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է ապահովել հասարակության ակտիվ մասնակցությունը՝ ազգային գաղափարախոսության սահմանման եւ իրագործման միջոցով: Չնայած ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը, սակայն նույնքան կարեւոր են նաեւ համազգային առաջնահերթ խնդիրների լուծման համար ազգային գաղափարախոսության ձեւավորումը եւ ներդրումը: Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ այսօրվա տեղեկատվության պայմաններում հնարավոր չէ ձեւավորել ընդհանուր մտածողության, աշխարհընկալման եւ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի արդյունավետ իրագործելու համազգային գաղափարներ եւ նպատակներ: Մարդկանց վարքագծի վրա նոր գաղափարների եւ խոսքի ազդեցությունն այնքան մեծ է, որ դեռեւս հույն պատմիչ եւ փիլիսոփա Պլուտարքոսը կարծում էր, որ խոսքը եւ դրա հետ կապված նույնիսկ աննշան արարքները երբեմն ավելի արտահայտիչ եւ ուսուցողական են, քան ճակատամարտերն ու պաշարումները։
Ըստ էության՝ ազգային գաղափարախոսության նպատակը կայուն եւ զարգացող պետության կառուցումն է, որն ուղղված է բավարարելու մարդկանց նյութական եւ հոգեւոր հարաճուն պահանջմունքները: Ազգային գաղափարախոսությունն ապագայի վերաբերյալ տեսական եւ կիրառական տեսակետների եւ մոտեցումների մի ամբողջական հայեցակարգ է, որը ձեւավորվում է հետեւյալ հենասյուների հիման վրա՝ ա) հոգեւոր-քրիստոնեական արժեքների եւ գաղափարների յուրացում ու տարածում, բ) հայրենասիրություն, գ) մշակույթ, դ) ազգային սովորույթներ եւ ավանդություններ, ե) անվտանգություն, զ) աշխատանքի եւ կապիտալի միջեւ առկա հակասությունների (արտադրությունը՝ հասարակական, յուրացումը՝ մասնավոր) աստիճանական վերացում, հասարակության տարբեր շերտերի միջեւ սոցիալական լարվածության նվազեցում, սոցիալական արդարության հաստատում, ազգային համաձայնության եւ համերաշխության միջավայրի ստեղծում, սոցիալական կյանքի որակի բարելավում, է) շուկայական սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացում եւ հասարակության բարեկեցիկ կյանքի համար լավագույն պայմանների ստեղծում, ը) հայկական ընտանիքի ազգապահպան դերի ընդլայնում, թ) կառավարման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացում եւ արդյունավետության բարձրացում, ժ) աշխարհում կատարվող նորարարությունների եւ նորարարական տեխնոլոգիաների առավելագույն չափով յուրացում եւ դրանց հիման վրա ֆիզիկական, մարդկային, սոցիալական կապիտալի ընդլայնում ու զարգացում, ի) հասարակական գիտակցության բարձրացում եւ շրջակա բնականոն միջավայրի պահպանում, լ) օտարերկրյա պետությունների հետ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ընդլայնում, խորացում եւ զարգացում, խ) հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնում, ծ) Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ընդլայնում եւ հետեւանքների հաղթահարում:
Այստեղ, մասնավորապես, կարելի է հստակեցնել եւ ձեւակերպել՝ ա) հենասյունը որպես հոգեւոր-քրիստոնեական արժեքների ընկալման, դերի, նշանակության եւ արդիականության վերաբերյալ մարդկանց եւ հասարակության տեղեկացվածության շարունակական բարձրացման հայեցակարգային հիմնախնդիր: Մեր հոգեկերտվածքում եւ գիտակցության մեջ արմատացած է այն պնդումը, եւ պատմագրությունը նաեւ վկայում է, որ հայկական պետականության սկզբնավորումն ունի աստվածային ծագում, հետեւաբար այն օրինական է ու հավերժ: Ըստ Եղիշեի՝ քրիստոնեությունն այն պատվարն է, որը պահպանում է հայերի ինքնությունը եւ անկախությունը: Ընդ որում՝ ըստ մեր կողմից առաջարկվող՝ մարդու էության փիլիսոփայական մոտեցման, մարդու էության միջուկը կազմում է աստվածային ծագում ունեցող սուրբ հոգին, որի շուրջ ձեւավորված հաջորդ թաղանթը կազմում է հոգեւոր ուղեղը, այնուհետեւ երկրորդ թաղանթը` ֆիզիկական ուղեղը, եւ երրորդ թաղանթը կամ վերջին ուղեծիրը կազմում է մեր ֆիզիկական մարմինը (ցանկությունները): Դրան համապատասխան՝ մարդու կողմից որոշումների կայացման գործընթացը տեղի է ունենում «սուրբ հոգի-հոգեւոր ուղեղ-ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին-հասարակություն» շղթայի միջոցով: Ըստ այդ մոտեցման՝ ազգի հոգեկերտվածքը եւ խառնվածքը ձեւավորվում են «սուրբ հոգի-հոգեւոր ուղեղ» շղթայի միջոցով, եւ հասարակության մեջ դրանք դրսեւորվում են ֆիզիկական ուղեղի կողմից կազմակերպվող գործողություններով: Մարդու առօրյա նյութական եւ հոգեւոր ցանկություններն իրականանում են «ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին» շղթայի միջոցով, որն, ըստ էության, սոցիոլոգիական հետազոտությունների եւ վերլուծությունների առարկա է: Այս առումով հիմնախնդիրների ձեւակերպման մեջ կարեւոր եւ նշանակալի դեր ունեն նաեւ այն ազգային գործոնները եւ առանձնահատկությունները, որոնք վերաբերում են լեզվին, պատմական հիշողությանը, ազգային բնավորությանը, ինքնագիտակցությանը, ճաշակին եւ այլն: Ընդ որում՝ ազգային գաղափարախոսության ներդրումը հնարավորություն կընձեռի, կախված հայեցակարգի փոփոխությունից, փոխել նաեւ մարդու վարքագիծը՝ նպաստելով ազգային գաղափարների իրականացմանը:
Ազգային գաղափարախոսության հայեցակարգը, ի տարբերություն այլ հայեցակարգերի, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից առաջինն այն է, որն ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը եւ ոլորտները: Ազգային գաղափարախոսության հենասյուներից յուրաքանչյուրն ունի համակարգային բնույթ, դրանք փոխկապված են մեկը մյուսի հետ եւ կազմում են մեկ միասնական համակարգ: Ազգային գաղափարախոսության բոլոր հենասյուներն ունեն իրենց քանակական եւ որակական գնահատման չափանիշները եւ բնութագրվում են իրենց լուծման, ներդրման կամ տարածման հրատապությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ բավականին մեծ է հենասյուների փաստացի եւ ցանկալի մակարդակների միջեւ առաջացած տարբերությունը կամ ճեղքվածքը, որոնք կարող են նշանակալի եւ լուրջ համազգային հիմնախնդիրներ առաջացնել: Ընդ որում՝ ստեղծված հիմնախնդիրների արդյունավետ լուծման նկատմամբ հասարակության կողմից մշտապես առկա են մեծ ակնկալիքներ եւ սպասումներ: Այստեղ ենթադրվում է, որ յուրաքանչյուր հիմնախնդրի լուծման համար առկա է առնվազն մեկ անկախ գործիք: Ազգային գաղափարախոսության հայեցակարգի մյուս առանձնահատկությունն այն է, որ այս կամ այն հենասյան հետ կապված որոշ հիմնախնդիրներ հնարավոր չի լինում լուծել ձեւավորված միտումների եւ ժամկետների պայմաններում, այլ դրա համար անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել առանձնահատուկ միջոցառումներ: Դրանք կարող են առնչվել համապատասխան նյութական, մարդկային եւ ֆինանսական միջոցների ստեղծման, կուտակման ու ձեռքբերման, կազմակերպաիրավական ու կառավարման կառուցվածքային փոփոխությունների հետ:
Ազգային գաղափարախոսության հայեցակարգի երրորդ առանձնահատկությունը պայմանավորված է այն բանով, որ առանձին հենասյուների հետ կապված հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել կոնկրետ որոշակի նախարարության շրջանակներում, այլ դրա համար անհրաժեշտ է համակարգել մի շարք նախարարությունների եւ կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներ: Հաճախ գործող կառավարման համակարգը բավարար չափով խթաններ չի ունենում, որպեսզի բացահայտի այս կամ այն հենասյան հետ կապված հիմնախնդիրը եւ դրանք դարձնի հասարակական լայն քննարկման առարկա: Ելնելով դրանից՝ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ազգային գաղափարախոսության հայեցակարգի ներդրման եւ կիրառման համակարգող անկախ հասարակական խորհուրդ: Այդ խորհրդի որպես հիմնական գործառույթներ կարող են լինել յուրաքանչյուր հենասյան հետ կապված հիմնախնդիրների ձեւակերպումները, լարվածության, հրատապության եւ առաջացած ճեղքվածքի գնահատումը, դրանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, հենասյուների միջեւ փոխկապվածությունների եւ փոխազդեցությունների վերլուծությունները, ահազանգման ու կանխատեսման համակարգերի ստեղծումը եւ հիմնախնդիրների լուծման ուղենիշների հրապարակումը: Դա միաժամանակ կնպաստի նաեւ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Ազգային գաղափարախոսության շրջանակներում այս կամ այն հայեցակարգային հիմնախնդրի ներառման եւ քննարկման համար կարող են ստեղծվել նաեւ տեղեկատվական այլ հարթակներ ու ձեւաչափեր: Ամփոփելով՝ նշեմ, որ ազգային գաղափարախոսության հայեցակարգի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում կազմել նաեւ ազգային գաղափարախոսության երկարաժամկետ ծրագիր եւ դրանից բխող միջոցառումներ, ինչպես նաեւ ներդնել դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակեպաիրավական ընթացակարգեր:
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու