Համոզված եմ՝ անտարակուսելի է, որ բոլոր նրանք, ովքեր բազմիցս նայել ու չեն հոգնել Արման Մանարյանի նկարահանած «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմից, պիտի որ սքանչացած լինեն ոչ միայն մեծատաղանդ Հրաչյա Ներսիսյանի կախարդիչ խաղով (Ներսես ախպար), այլեւ Նիկողոս աղային կերպավորած Ցոլակ Ամերիկյանի, որի դերակատարումը նույնքան հանճարեղ է, բնական ու ապրված է, տպավորիչ է ու առինքնող: Այս երկու մեծերի խաղը թվում է, թե ֆիլմային խաղ չէ, այլ իրական կյանքի դրվագային ցնցող մի պատկեր՝ վերառնված կինոժապավենին: Հիրավի, եթե Ցոլակ Ամերիկյանը որեւէ այլ ֆիլմում կամ ֆիլմերում գլխավոր կամ երկրորդական դերեր մարմնավորած էլ չլիներ, միեւնույն է, իր այս դերակատարումով մնալու էր հայ կինոարվեստի պատմության մեջ՝ որպես մեծերի շարքին դասվող չափազանց ինքնատիպ ու հմայիչ, տաղանդավոր դերասան…
Հաճախ է պատահում, երբ զավակները գնում են հայրական ոտնահետքերով: Եվ դա օրինաչափ է: Սակայն անցանկալի ու անբնական կլիներ, եթե Ցոլակ Ամերիկյանը եւս (Գալուստ Սուլուլիկյան) գնացած լիներ Տրապիզոնում որպես լավ արհեստավոր ճանաչված իր Քերոբ հոր նախընտրած ժանապարհով: Թե ինչու՝ կարծում եմ՝ պարզ է:
Տրապիզոնից, որտեղ ծնվել են Արման Կոթիկյանը, Համբարձում Խաչանյանը, Երվանդ Սահառունին, Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, հայ մշակույթի երեւելի այլ դեմքեր, մանուկ Գալուստը հորեղբոր հետ հանգրվանում է Բաթումում, նախնական կրթություն ստանում է այստեղ, ապա ռուսական քաղաքային ուսումնարանում: Հետո մեկնելու էր Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ ուսանելու, սակայն կարճ ժամանակ անց, 1906-ին վերադառնալու էր Բաթում եւ ներքին մի մղումով մասնակցելու սիրողական խմբերի ուժերով տրվող ներկայացումներին: Ասել է, թե 18-ամյա երիտասարդի ներսում վաղուց արթնացել էր դերասանը: Խաղում է «Համլետ»-ում, «Ավազակներ»-ում, «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Ղարաբաղի աստղագետը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլ դրամաներում ու պիեսներում: Որքան էլ որ դրվատանքի էին արժանանում իր դերակատարումները, այդուհանդերձ, ծարավ ուներ դիտելու ժամանակի անվանի դերասանների խաղը: Եվ որքան էլ նյութական պայմանները սուղ, դժվարությունները՝ անխուսափելի, մի կերպ կարողանում է հասնել Փարիզ, անցնել Մարսել, այստեղից՝ Եգիպտոս ու Հունաստան: Եվ դիտում է օտար հայտնիների խաղը: Երկար ու շահեկան շրջագայություններից հետո վերադառնում է Կովկաս, անդամակցում Ամո Խարազյանի թատերախմբին: 1910 թ. օսմանյան սահմանադրությունից հետո մեկնում է Արեւմտյան Հայաստան, Էրզրումում սիրողների ուժերով ստեղծում թատերախումբ եւ սկսում ներկայացումներ տալ՝ Ն. Գոգոլի «Ռեւիզորը», Շիրվանզադեի «Չար ոգին», «Պատվի համարը», «Նամուսը», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» ու «Պաղտասար աղբարը»: Այս բոլոր ներկայացումներում գլխավոր դերակատարը ինքն էր՝ արդեն որպես դերասանական անուն նախընտրած Ցոլակ Ամերիկյանը:
Էրզրումյան գործունեությունից հետո նրա միջավայրը Թիֆլիսն էր, իսկ Բաթումում բեմ է բարձրանում Սիրանույշի, Օվի Սեւումյանի, Վահրամ Փափազյանի, այլ տաղանդավոր դերասանների հետ:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին շրջագայում է Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, խաղում հայահոծ շատ քաղաքներում՝ Կիեւ, Խարկով, Օդեսա, Տագանրոգ, Արմավիր, Նովոռոսիյսկ, Մոզդոկ, Վլադիկավկազ, այլ քաղաքներ: 1931-ին գալիս է Գյումրի ու ամբողջությամբ նվիրվում երկրի երկրորդ պետական թատրոնին՝ մարմնավորելով բազմաթիվ կերպարներ հայրենի եւ օտար հեղինակների պիեսներում ու դրամաներում:
Ցոլակ Ամերիկյանը ֆիլմերում նկարահանվել է՝ սկսած 1938-ից՝ «Զանգեզուր», «Ում է ժպտում կյանքը», «Մոր սիրտը», «Հյուսիսային ծիածան», «Փառքի օղակներ» եւ, վերջապես, մշտապես դիտարժան ու սիրված «Տժվժիկ»-ում՝ Նիկողոս աղայի քանդակային կերպավորումով: Այսօր նրա հիշատակի օրն է: Խոնարհում մեր սքանչելի «Նիկողոս աղային…»: