Սեպտեմբերի 17-19-ին ինչպես ողջ Ռուսաստանում, այնպես էլ Մոսկվայի մարզում տեղի կունենան ՌԴ Պետական դումայի ընտրությունները: Դրանցից բացի, կանցկացվեն նաեւ տարածաշրջանային դումաների եւ պատգամավորների տեղական խորհուրդների ընտրությունները: «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածուներից մեկը, որը ցանկանում է դառնալ Մոսկվայի մարզային դումայի, ինչպես նաեւ Խիմկիի պատգամավորների խորհրդի պատգամավորը, ադրբեջանական ծագում ունեցող գործարար Ալիեւ Խանօղլի Սալե-օղլին է՝ «ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ» նշանաբանով:
Իր ֆինանսական վիճակի շնորհիվ, ինչպես գրել է Մոսկվայի լրագրողների միության անդամ, հասարակական գործիչ, հրապարակախոս Արամ Խաչատրյանը, Ալիեւ Խանօղլի Սալե-օղլին 10 տարի առաջ կարողացել է «գնել» «Արդար Ռուսաստան» կուսակցության տեղի մասնաճյուղը եւ դառնալ Խիմկիի տեղական խորհրդի պատգամավոր:
2021 թ. սեպտեմբերի 14-ին քաղաքագետ Վիկտոր Ալեքսանդրովն «Ադրբեջանի ջարդարարներն ունեն հուսալի «տանիք» հոդվածում կարճ ներկայացրել է Խ. Ալիեւի գործունեության որոշ ուղղություններ, բայց դրանք լիարժեք չեն: Այդ հոդվածում Վիկտոր Ալեքսանդրովը հաղորդում է, որ Խիմկիի պատգամավորների խորհրդի պատգամավոր Խ. Ալիեւի օգնական Ռոման Աղաեւն ադրբեջանական «ՎԲՈՆ» ծայրահեղ արմատական, ազգային-ծայրահեղական, պանթուրքիստական, իսլամական ուղղվածության կազմակերպություն է, որն ահաբեկել է բազմաթիվ ռուսների: Երկար ժամանակ այդ կազմակերպության ադրբեջանցի ազգայնականները հարձակվում էին մոսկվացիների եւ Ռուսաստանի այլ քաղաքների բնակիչների վրա, սպառնում ինտերնետային բազմաթիվ օգտատերերի ու բլոգերների: Այս փաստերը հաստատվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների եւ դատարանի կողմից:
Ալիեւի մերձավորներից մեկը տխրահռչակ ադրբեջանցի քաղաքագետ, բուռն պանթուրքիստ, ռուսատյաց եւ հայատյաց Ֆուադ Աբասովն էր:
Ալիեւը նրա հետ միասին ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ միջոցառումների: Այսպես՝ 2018 թ. մայիսին պատգամավոր Ալիեւը Ֆուադ Աբբասովի հետ Խիմկիում մասնակցել է «Անմահ գնդի» երթին: Աբասովն Ալիեւի թույլտվությամբ սկսել է վիրավորել երթի մյուս մասնակիցներին, ընդ որում՝ ոչ միայն Խիմկիի հայկական սփյուռքին, այլեւ ողջ հայ ժողովրդին…
Խիմկի քաղաքի ազգային համայնքների շարասյուների հանդիսավոր երթի ընթացքում նա ադրբեջաներենով խուլիգանական հայտարարություններ է արել հայկական պատվիրակության հասցեին եւ տեղադրել ինտերնետում, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել: Ահա նրա հայտարարության տեքստը, որը ներկայացվում է թարգմանաբար: «Այսօր մենք մասնակցում ենք երթին՝ ի պատիվ Խիմկի քաղաքի հիմնադրման, եւ այս երթի նախաձեռնողը պատգամավոր Խանօղլի Ալիեւն է: Առջեւում ընթանում են մեր տաջիկ եղբայրները: Եվ մեր ադրբեջանցիները նույնպես երթին մասնակցում են ազգային հագուստով: Իսկ մեզնից հետո մեր «պեդերաստ» հարեւաններն են՝ իրենց դրոշով»:
Ի վերջո, Աբասովին Ռուսաստանից արտաքսեցին Ադրբեջան իր հակապետական գործունեության, պարբերական սադրանքների, ինչպես նաեւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ էթնիկ ատելություն սերմանելու համար՝ նրա առջեւ ՌԴ-ի դռները փակելով 45 տարի ժամկետով:
Ինչպես երեւում է, Ալիեւը բազմաթիվ կապեր ունի մարդկանց հետ, ովքեր պարբերաբար զբաղվել են հակառուսական գործերով: Դրանք սոսկ զուգադիպություններ չեն կարող լինել…
Ալիեւն ազգությամբ թալիշ է, եւ Ռուսաստանի Դաշնության ադրբեջանական որոշ համայնքներ դեմ են եղել, որ նա 2020 թ. դեկտեմբերին ընտրվի ՌԴ ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ: Նրանք Ալիեւին հիշեցրել են, որ նա ՌԴ-ում ակտիվորեն աշխատել է որպես թալիշական ազգային շարժման ակտիվիստ, նաեւ շեշտել թալիշների առաջնորդներից մեկի՝ Ալաքռամ Հումմատովի հետ նրա բարեկամությունը, կապերն ու հանդիպումները: Բայց նա ընտրվեց…
Ալիեւի գործունեության հետաքրքիր պահերից մեկը նրա բողոքն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի թեմայով «Արդար Ռուսաստան» քաղաքական կուսակցության կենտրոնական ապարատի ղեկավարի տեղակալ Նովիչկովի արտահայտությունների հետ: Նովիչկովի խոսքերով, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, կուսակցության ներկայացուցիչները դիմել են չճանաչված հանրապետության բնակիչներին: «Հակամարտության՝ մեկ անգամ եւ ընդմիշտ լուծումը Ռուսաստանին միացման մեջ է: Այլ միջոց գոյություն չունի»,- հայտարարել էր Նովիչկովը:
Այս իրավիճակում Ալիեւը, արդեն որպես ՌԴ ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, բողոք է հղել ՌԴ Պետական դումայի նախագահին, ինչպես նաեւ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավարությանը, ՌԴ գլխավոր դատախազությանը եւ ՌԴ հետաքննիչ կոմիտեին՝ կապված Նովիչկովի հայտարարության հետ:
Աբսուրդը այն է, որ Ալիեւը բողոք է հղել իրավապահ եւ պետական մարմիններին այն կուսակցության ղեկավարության դեմ, որի ոչ միայն անդամն է, այլեւ Խիմկիի «Արդար Ռուսաստան» կուսակցության մասնաճյուղի նախագահը:
Եզրափակելով իր խոսքը՝ Արամ Խաչատրյանը շեշտում է, որ Խիմկիում խնդիրները կուտակվել են նաեւ այդ մարդու պատճառով, քանի որ պատգամավորության 10 տարվա ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել եւ այսուհետ նույնպես չի անի: Եվ անհասկանալի է, թե իր վերջին ելույթներում ում է քննադատում Ալիեւը, եթե զբաղվել է միայն ադրբեջանական մշակութային կենտրոնի բացմամբ՝ մի կողմ նետելով Խիմկիի բնակիչների խնդիրները: Ալիեւի համար գլխավորը խոստանալն ու քննադատելն է, իսկ մնացածը կարեւոր չէ, քանզի վստահ է, որ բոլորին կարելի է գնել: Խիմկիի «Արդար Ռուսաստան» կուսակցության գրասենյակը վերածվել է ադրբեջանական ծայրահեղականների որջի եւ հակահայկական գործունեության կենտրոնի:
Վերջին պատերազմից հետո ՌԴ-ում բավական ակտիվացել են ադրբեջանցիները: Լուրեր են շրջանառվում, որ նրանք, ըստ էության, ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից, իսկ վերջինիս հետեւում կանգնած է Թուրքիան՝ ծայրահեղ իսլամիստների հովանավորը: Թե ինչ հետեւանքներ կունենա ՌԴ-ի տարածքում ծայրահեղ իսլամիստների գործունեությունը, լիովին պարզ է: Բայց մենք դրան չենք անդրադառնա, քանզի ցանկացած ոք, ով կցանկանա ուսումնասիրել, թե ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները «տնավորվել» ուրիշների տարածքներում, Ալիեւի գործողություններում հեռուն գնացող միտումներ կտեսնեն՝ պոտենցիալ նոր զոհերի հաշվին: