Անկարան հեշտությամբ կհրաժարվի Մոսկվայից, եթե Արեւմուտքի հետ կապերն ավելի շահավետ համարի։ Այդ մասին գրում է քաղաքագետ Փոլ Անտոնոփուլոսը InfoBrics հարթակի հոդվածում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն սեպտեմբերի 29-ին Սոչիում երկկողմանի հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար:
«Հարց է ծագում՝ պե՞տք է արդյոք Մոսկվան վստահի Անկարային, հատկապես, հաշվի առնելով, որ Թուրքիայի առաջնորդի բարեկամական հռետորությունը հաճախ փոխարինվում է թշնամանքով»,-նշում է փորձագետը:
Նրա կարծիքով՝ երկու երկրների շահերը բախվում են մոլորակի բազմաթիվ շրջաններում. Պուտինը փորձում է պահպանել խաղաղությունը Սիրիայում, իսկ Էրդողանը փափուկ ուժի եւ բանակի միջոցով ցանկանում է վերադարձնել օսմանյան տիրապետության տակ գտնված նախկին հողերը:
Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան հուսահատ կերպով փորձում է դառնալ հզոր տերություն, սակայն իրականությունն այնպիսին է, որ դրա ներկայությունը մերձարեւելյան հանրապետությունում ամբողջովին կախված է Ռուսաստանի կամքից: Բացի այդ, Անկարան ձգտում է փոխել ուժերի բալանսն Անդրկովկասում ու Լիբիայում, որպեսզի թուլացնի Մոսկվայի ազդեցությունը, հավելել է նա:
Չնայած երկու տերությունների միջեւ մի շարք հակասություններին՝ նրանք իրական հնարավորություն ունեն կապերն ու համագործակցությունը խորացնելու համար, հիշեցրել է Անտոնոփուլոսը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան առաջիկայում կձեռնարկի քայլեր վեց երկրներից կազմված հարթակ ստեղծելու ուղղությամբ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար: Կարելի է ենթադրել, որ այդ վեց երկրները կլինեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, գրում է փորձագետը:
«Չնայած տարածաշրջանային հարթակ ստեղծելու մասին Էրդողանի առաջարկը դրական քայլ է ճիշտ ուղղությամբ՝ հաշվի առնելով նրա հաջորդական անհուսալի վարքն ու դավաճանություններն անցյալում՝ Մոսկվան, մի կողմից, ոգեւորությամբ կընդուներ այդ դաշինքը, սակայն նաեւ կմտահոգվեր՝ իմանալով, որ Թուրքիան շատ հաճախ հեշտությամբ ուղղվում է դեպի Արեւմուտքը»,-եզրափակել է մասնագետը: