Ծիծեռնավանք
Լինելով շրջանի ամենանշանավոր սրբավայրը եւ առավել ուսումնասիրված 19-20-րդ դարերում՝ Ծիծեռնավանքի մասին ավելի շատ նյութ կա։ Վանական համալիրը ներկայիս Քաշաթաղի շրջանում առավել հայտնի եւ մեր պատմության ընթացքում նշանակալի դեր ունեցող պատմամշակութային հուշարձանն է։ Բանավոր ու գրավոր խոսքում հայտնի է նաեւ Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Աղողլան, Ծիծառնավանք, Ծիծեռնեկու վանք, Ծիծառնովանք, Ծիծառնուվանք, Ծիծեռնակավանք, Ծիծեռնակու սուրբ վանք, Ծիծռանավանք, Ծիծռանվանք, Ծիծռավանք, Ծիծռնավանք, Ծիծռնովանք անուններով։
Հակարիի հյուսիսարեւմտյան Աղավնո-Արքունագետ վտակի աջ ափին է, Ծիծեռնավանք գյուղում՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Երբեմնի գեղեցիկ վանքից պահպանվել են Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարը, պարիսպները, դարպասը՝ արեւմտյան կողմից, սեղանատունը, որն այժմ թանգարանի դեր է կատարում։ Սուրբ Գեւորգ տաճարն աչքի է ընկնում ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն եւ լավ պահպանված օրինակն է։ Հայաստանում նույն ժամանակաշրջանի եւ ճարտարապետական առումով նման տաճարներ են Երերույքը՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ, Ծիրանավորը՝ Աշտարակում, Սուրբ Գեւորգը՝ Սյունիքի Տեղ գյուղում, Եղվարդի բազիլիկը, Ապարանի Սուրբ Խաչը եւ այլն։
Եկեղեցու արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7–8 շարք բարձրությամբ) մասը պատկանում է 4-րդ դարին (կամ՝ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանի)։ Ըստ որոշ հուշարձանագետների կարծիքների՝ Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց 4-րդ դարում վերածվել է եկեղեցու։ 5-7-րդ դդ. հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները եւ խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը։ Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արեւմտյան ճակատում մուտք չունենալը (հատուկ է հեթանոսական տաճարներին եւ բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերեւի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը եւ այլն։ Տաճարը 3 մուտք ունի հարավից եւ մեկը՝ հյուսիսից։ Հետագայում, երբ ծածկը դարձրել են թաղակապ, ներսում հյուսիսային պատին կից որմնասյուներ են ավելացրել։
Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի։ Մույթերը զարդարված են շախմատաձեւ ու երկշարք ատամիկներով, ալիքաձեւ ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (նման հարդարանքը հանդիպում է 5-րդ դ. 2-րդ կեսին կառուցված Տեկորի, Երերույքի, Փարպիի, Ամարասի բազիլիկ եկեղեցիներում)։ Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով։ Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրա կարմիր ներկը։
Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշում է Սյունիքի մոտ 150 վանքերի մեջ որպես 30 նշանավոր վանքերից մեկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում, եւ դասում է 17¬-րդ տեղը, թեեւ մինչ Ծիծեռնավանքը նշվում են մի քանի աննշան վանքեր։ Ուշ միջնադարում նույնպես Ծիծեռնավանքը պատկանել է Տաթեւի թեմին. «Թէմի եղեալ վանք եւ անապատք են սոքա. Մեղրոյ սուրբ Յովհաննէս անունվանքն. Մեծ անապատն արանց. Հարանց անապատն արանց. Շնհերու Աստուածածին անապատն կուսանաց. Հալիձորոյ անապատն կուսանաց. Մանլեւու ամենափրկիչ անապատն կուսանաց․ Գանձափարախու վանքն, Կարճեւանու սուրբ ուխտն 3ովհաննու եւ Ծիծեռնակու սուրբ վանքն»: