Օրեցօր Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման գործընթացն ավելի տեսանելի է դառնում: Ադրբեջանաթուրքական զույգն աստիճանաբար հասկանում է, որ միջազգային հանրության կարծիքին դեմ գնալն իրեն ձեռնտու չէ, իսկ վերջինիս ճնշումներն աստիճանաբար ավելի են ուժգնանում: Թերևս, սրանով կարելի է բացատրել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարի արած այն հայտարարությունը, թե չի առարկի, եթե ԵԱՀԿ համանախագահները նախաձռնեն իր եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Պաշտոնական Բաքուն շատ շուտ հասկացավ, որ իր՝ «Արցախի խնդիրը լուծված է» կարգախոսը ոչ մի տեղ տանող ճանապարհ է՝ փակուղի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկիրը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, 44-օրյա պատերազմի հրադադարի հենց հաջորդ օրը հայտարարեցին, որ արցախյան հիմնահարցին երկարաժամկետ և հիմնարար լուծում տալու համար պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները՝ դրանով փաստելով, որ հրահրած ագրեսիայով չի լուծվել հակամարտության բուն պատճառը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Մինսկի խմբում համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պատերազմի օրերին հայտարարեց, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, այլ՝ էթնիկ: Սրանով ՌԴ նախագահը նույնպես փաստեց, որ պատերազմը հակամարտության լուծման չէր կարող բերել, և այն պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով:
Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման մասին են պարբերաբար բարձրաձայնում նաև եվրոպական կառույցների ղեկավարները: Արցախի դեմ համատեղ ռազմական ագրեսիա սանձազերծած և պատերազմական հանցագործություններին բնորոշ գործողություններ արած ադրբեջանաթուրքական զույգին այսօր ձեռնտու չէ հակադրվել միջազգային կազմակերպություններին և խոշոր պետություններին, իսկ Ադրբեջանը դրա համար նաև չունի համապատասխան ռեսուրսներ, քանի որ պատերազմի ժամանակ կրել է ահռելի կորուստներ՝ թե ռազմական առումով, թե միջազգային հարաբերություններում, և ներկայում վերակենդանացման փուլում է:
Իսկ ինչ կլիներ, եթե Ադրբեջանն ու Թուրքիան համառեին և մերժեին Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները: Այն, ՌԴ նախագահի հայտարարության տրամաբանության համաձայն, մնալու էր չլուծված էթնիկ հարց: Իրադարձությունների զարգացման նման ընթացքի դեպքում ՌԴ խաղաղապահ ուժերը շատ երկար ժամանակ չեն լքի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գիծը: Խաղաղապահների առաքելության նման սցենարը լիովին իրատեսական է, քանի որ Արցախի ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ չի կարող Ադրբեջանի կազմում հայտնվել՝ նախ այն պատճառով, որ նախորդ դարի 90-ականների սկզբին հանրաքվեով արդեն հռչակել է իր անկախությունը՝ ժամանակի բոլոր օրենքներով վերապահված լիազորություններով իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, և երկրորդ՝ գոյության 100 տարիների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար ապացուցել է, որ նպատակային էթնիկ զտումների գործողությունների է դիմում հայերի նկատմամբ, որը միանշանակ գենոցիդի դրսևորում է: Նաև վերջին պատերազմը փաստեց, որ Ադրբեջանում երբեք չի հարգվել և չի ընդունվի իր բնօրրանում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի իրավունքը:
Մտածել, որ առանց Արցախի կարգավիճակի խնդրի քննարկման և հիմնահարցին լուծում տալու Ադրբեջանը 5 կամ 10 տարի հետո կարող է միակողմանի պահանջել Արցախից ռուսական խաղաղապահների հեռացումը, իրատեսական չէ: Առանց Արցախի կարգավիճակի որոշման խաղաղապահները չեն կարող դուրս գալ այդ տարածքից, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմի: Իսկ նման զարգացումը չի բխում տարածաշրջանում առերևույթ խաղաղության և հաղորդակցությունների ուղիների բացմանը ձգտող ադրբեջանաթուրքական շահերից: Հետևաբար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է, առավել ևս, որ Բաքվում աստիճանաբար թուլանում է Թուրքիայից նվեր ստացած «հաղթանակի» էյֆորիան, և այնտեղ արդեն հասկանում են, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայով ամենևին էլ չհասան հարցի լուծման, այլ ավելի խորացրին հակամարտությունը: