«Գաղութատիրության դարաշրջանն ավարտվեց, ապուշ: Ինչպես եկար, այնպես էլ վերադարձիր Ամերիկա»: Այս կոշտ խոսքերը պատկանում են Թուրքիայի ամենաէրդողանամետ «Ենի Սաֆակ» թերթի տնօրեն Իբրահիմ Կարագյուլին: Իսկ ո՞վ է այդ «ապուշը», ում նա նկատի ունի: Պարզ է՝ Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանը նախագահ Բայդենի կողմից նշանակված Ջեֆ Ֆլեյքն է…
Ո՞րն էր թուրք լրագրողի անհավանական պայթյունի պատճառը: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեսպանը խոսել է Թուրքիայում «մամուլի ազատության» եւ «ժողովրդավարության» մասին՝ հավելելով, որ «Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները բախվում են լուրջ մարտահրավերների»: Եվ եւս մեկ բան. Ֆլեյքն Անկարային կոչ է արել «ռուսական նոր զենքեր չգնել»՝ շեշտելով, որ եթե վերջինս շարունակի ընթանալ այդ ճանապարհով, Վաշինգտոնը «պատասխանատվության կենթարկի Թուրքիային»: Իհարկե, այսպիսի հարցերը կարող էին նորմալ քննարկվել երկու՝ ենթադրաբար դաշնակից երկրների միջեւ: Բայց Բայդենի օրոք Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերությունները հասել են հնարավոր ամենավատ կետին: Եվ սա հենց այն է, ինչ ասում է Էրդողանի մտերիմ ընկեր Իբրահիմ Կարագյուլը՝ հարվածի տակ դնելով դեսպանին, որին ուղղակիորեն մեղադրում է նախագահ Էրդողանին տապալելու համար Անկարա մեկնելու մեջ: «Ձեզ Էրդողանին տապալելու հրամա՞ն է տրվել: Հեղաշրջո՞ւմ եք ուզում: Դուք գաղութի նահանգապե՞տն եք»,- հոխորտում է «Ենի Սաֆակի» տնօրենը:
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիայում դեսպան նշանակված Ջեֆ Ֆլեյքի հաստատման լսումների ժամանակ հարց է ուղղել նրան, որ երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019 թ. Սենատն առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2021 թ. ապրիլի 24-ին Բայդենը նույնպես այն անվանել է գենոցիդ եւ ճանաչել այն: Նախկինում Ֆլեյքը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերին: «Դուք կմիանա՞ք Սենատին ու վարչակազմին Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում»,– ի վերջո, հարցն այսպես է ձեւակերպել Մենենդեսը, որին նախկին սենատոր Ֆլեյքը պատասխանել է մեկ բառով՝ այո:
Հավանաբար, նաեւ այդ փաստն է զայրացրել թուրք լրագրողին, ով իր զառանցանքում չի մոռանում նաեւ Էգեյան ծովում թուրքական էքսպանսիոնիստական նկրտումները. «Էգեյան ծովի քարտեզը նույնպես կփոխվի: Մենք տեսնում ենք, թե ինչ եք կազմակերպում, Ջեֆ Ֆլեյք: Մենք գիտենք ձեր ռազմակայանների նպատակը Արեւելյան Միջերկրականում եւ Էգեյան ծովում: Հասկանում ենք, թե ինչի եք պատրաստվում՝ Էգեյան կղզիները վերազինելով եւ բազա ստեղծելով նույնիսկ Ալեքսանդրապոլիսում…»:
Խորքային քննարկումների բացահայտումը
Այս սպառնալիքները «Էրդողանի ռեժիմի» ամենամտերիմ շրջանակներում տեղի ունեցող խորքային քննարկումների բացահայտումն են: Ինքը՝ Թուրքիայի նախագահը, ամեն առիթով «կրակում» էր իր ամերիկացի գործընկերոջ վրա՝ հատկապես այն բանից հետո, երբ Բայդենը հրաժարվեց նույնիսկ մի քանի րոպեով ընդունել նրան Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերությունները լավ չսկսվեցին»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին՝ վերադառնալով Նյու Յորքից: Նա նույնիսկ հիշատակել է ամերիկյան «F-35» կործանիչների հարցը, ծրագիր, որից դուրս է մնացել Արեւմուտքին հակադրվելով ու ՌԴ-ից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: Դրանով, ինչպես գրում է ավստրիական «Die Presse» թերթը, «Թուրքիայի նախագահը բաժանվեց Բայդենից եւ Պուտինի հետ մտերմանալու հնարավորություններ է փնտրում: Նա համարում է, որ Ամերիկայի նախագահի՝ իր հետ հանդիպելու առաջարկի մերժումը մեծ հանցագործություն է»: Նույն կերպ գերմանական «Թագեսշաուն» ընդգծում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանը զգում է, որ իրեն դուր չի գալիս Ամերիկայի նախագահ Բայդենը»:
Ստեղծված իրավիճակում Էրդողանը բանակցություններ վարելու նպատակով չորեքշաբթի մեկնեց Ռուսաստան եւ Սոչիում հանդիպեց ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Սա մի քայլ է, որն ավելի շատ հիշեցնում է Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացնելու փորձ, քանի որ նրա ժողովրդականությունը կտրուկ նվազել է՝ զարմացնելով վերլուծաբանների մեծ մասին: Պուտինը սահմանափակվեց միայն Էրդողանին շնորհակալություն հայտնելով այցի համար, իսկ Թուրքիայի նախագահը գրառում կատարեց թվիթերյան էջում. «Մենք Սոչիից հեռացանք իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ հանդիպումից հետո»: Տիպիկ բառեր, որոնք չեն կարող թաքցնել, որ, ինչպես գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն, «Վլադիմիր Պուտինն ու Էրդողանն այլեւս մտերիմ չեն, ինչպես նախկինում»:
Նոր ճգնաժամ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում
Ըստ ամենայնի՝ Թուրքիայի նախագահն ապահովել է Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգի երկրորդ փաթեթի գնումը: Պուտինի համար, անշուշտ, ՆԱՏՕ-ի անդամ երկրին նման ռազմավարական համակարգի վաճառքը հաջողություն է ոչ միայն ռուսական սպառազինության արդյունաբերության, այլեւ այն «ճաքերի» առումով, որոնք առաջացնում է ՆԱՏՕ-ում: Ըստ տեղեկությունների՝ դա չի խանգարել Ռուսաստանի նախագահին՝ խոսելու այն մասին, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային, ինչպես նաեւ հիշեցնելու նրան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կատարած հակառուսական հայտարարությունները՝ կապված Ղրիմի պատկանելության եւ այնտեղ ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների հետ: Հիշեցնենք, որ Էրդողանը քննադատել էր Ռուսաստանի կողմից «անեքսիայի ենթարկված» Ղրիմի թերակղզում ընտրությունների անցկացումը եւ կրկնել իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Հավանաբար, ի պատասխան դրա՝ ռուսական ուժերը վերջերս ռմբակոծեցին Սիրիայում թուրքամետ աշխարհազորայինների դիրքերը: Թուրք հայտնի մեկնաբան Սեդաթ Էրգինը «Հուրիեթում» գրել է, որ «Սոչիի հանդիպումը զգալիորեն տարբերվում էր Պուտին-Էրդողան նախորդ գագաթնաժողովներից, քանի որ, ամենայն հավանականությամբ, երկու երկրների տարբեր դիրքորոշումների միջեւ հաշտեցման որեւէ կետ դեռ չի գտնվել, հատկապես՝ Սիրիայում»:
Ուստի Թուրքիայի նախագահը գիտի, որ գտնվում է մուրճի եւ սալի միջեւ: Եթե տպավորություն ստեղծվի, որ Թուրքիան վերադարձնում են Ռուսաստանի գիրկը, եւ Պուտինն Էրդողանին սպառազինության համակարգեր է տալիս, առաջարկ, որին Էրդողանը, իհարկե, չի կարող ասել՝ ոչ, Անկարայի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների միջեւ ճգնաժամ, անկասկած, կբռնկվի: C-400-ների երկրորդ փաթեթի հնարավոր մատակարարումը Թուրքիային անխուսափելիորեն կհանգեցնի ԱՄՆ կառավարության կողմից նոր պատժամիջոցների, բայց նաեւ անդառնալիորեն կխաթարի ամերիկա-թուրքական հարաբերությունները:
Միխալիս ՊՍԻԼՈՍ