Նախախորհրդային շրջանում Բաքվի գավառի եւ հայերի ունեցած ավանդի մասին զգալի տեղեկություններ կան, բազմաթիվ են մենագրությունները, բայց Խորհրդային Ադրբեջանի շրջանը գրեթե չի ուսումնասիրվել։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի եւ կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (МАНЭБ) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը փորձել է լրացնել այդ բացը՝ ուսումնասիրելով հայ գիտատեխնիկական մտքի ավանդը Խորհրդային Ադրբեջանի նավթի եւ գազի բացահայտման ասպարեզում՝ այդ երկրի հետխորհրդային պատմագիտության միտումնավոր խեղաթյուրման ենթատեքստում։
Միայն 1943-1983 թթ. ընթացքում Ադրբեջանի նավթագազային ոլորտի մեջ զգալի ներդրման համար հայազգի 22 մասնագետ արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ 2-ը՝ Լենինյան մրցանակի: 1951 թ. ԽՍՀՄ Պետական մրցանակ են ստացել Վռամ Սամսոնի Մելիք-Փաշաեւը, Գուրգեն Պավելի Հովհաննեսովը, Նիկոլայ Վարդանի Սահակովը, Գուրգեն Մովսեսի Տեր-Ավագովը, Լեւոն Արսենի Մեժլումովը, իսկ 1961-ին Լենինյան մրցանակի են արժանացել Զավեն Մելիք-Թանգյանն ու Դավիթ Մզռեուլյանը (Մզռեուլով)։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի զրուցակիցը նկատեց, որ այդ գիտնականները հիմնականում արցախցիներ էին։ Օրինակ՝ Սամսոն Ապրեսովը ծնունդով շուշեցի էր, երկրաբանության գծով գիտությունների դոկտոր եւ առաջիններից էր, որ հիմնավորել է Ադրբեջանի ծովային նավթի պաշարների առկայությունը Նավթային քարեր հանքավայրում (Բաքվից 40 կմ արեւելք, Կասպից ծովում)։ Պրոֆեսորը դաստիարակել է նավթային երկրաբանների մի քանի սերունդ։ Գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսովը ծնվել է Բաքվում, Պետական մրցանակի դափնեկիր է։ Նա նույնպես նավթի հանքավայրեր է հայտնագործել Ադրբեջանում եւ Բաշկիրիայում։ ԽՍՀՄ պետմրցանակի կրկնակի դափնեկիր (1943, 1951 թթ.), պրոֆեսոր Վռամ Մելիք-Փաշաեւը, կրկին՝ շուշեցի, «Азморнефть» տրեստի գլխավոր երկրաբանն է եղել, ինչպես նաեւ Նավթային քարեր, Գյուրգյանի ծով, Սանգաչալի ծով եւ Դարվինի բանկանավթային եւ նավթագազային հանքավայրերի առաջնահայտնագործողը։ «Երկրաբանության մեջ առաջնահայտնագործող լինելը նույնն է, ինչ Նոբելյան մրցանակի արժանանալը։ Սա նաեւ շատ մեծ քաղաքական կապիտալ է, որը մենք պետք է կարողանանք ճիշտ եւ արդյունավետ իրագործել»,- շեշտեց Մելիք-Ադամյանը։
Խորհրդային Ադրբեջանի նավթագազային համալիրը բաղկացած է եղել նավթային երկրաբաններից, հորատման տեխնիկայի ճարտարագետներից, նավթային մեքենաշինարարներից եւ նավթաքիմիկոսներից։ Այդտեղ հայերը մեծ ավանդ են ունեցել, մինչդեռ հետխորհրդային Ադրբեջանում Նաթիգ Ալիեւի եւ Միր Բաբաեւի համահեղինակությամբ լույս տեսած գրքում կամ հայերի անուններ մի տեղում ընդհանրապես նշված չեն, կամ մյուս տեղում ազգանվան վերջում «յան»-ի փոխարեն նշված են «ով» վերջավորությամբ։
Հետխորհրդային Ադրբեջանում մինչխորհրդային Բաքվի գավառից ընդամենը 250 մլն տոննա նավթ է արդյունահանվել։ Միայն «Նավթային քարեր» հանքավայրից 1951-ից առ այսօր արդյունահանվել է 176 մլն տ հում նավթ եւ մոտ 13 մլրդ խմ ուղեկցող գազ: Նշվում է, որ այս հանքավայրում դեռեւս կա մոտ 10 մլրդ դոլար արժողությամբ 21 մլն տ: Ընդհանրապես՝ միայն հետխորհրդային շրջանում (1991-2021 թթ.), այս տարվա մայիսի գներով, հայ առաջնահայտնաբերողների ջանքերի շնորհիվ Ադրբեջանի նավթային հանքավայրերից (Նավթային քարեր, Գյուրգյանի ծով, Սանգաչալի ծով, Դարվինի բանկա, Բուլլա կղզի) արդյունահանվել է 20 մլրդ դոլարի 42 մլն տ հում նավթ եւ մի քանի մլրդ դոլար արժողությամբ բնական գազ: «Ադրբեջանի վիճակը՝ նավթի եւ գազի հետ կապված, այնքան էլ լավ չէ, գագաթնակետը եղել է 2010-ին, երբ արդյունահանվել է 50 մլն տոննա նավթ, հիմա այդ ցուցանիշը հասել է 25 մլն տ-ի։ Բաքու-Ջեյհան նավթամուղն ընդամենը հիսուն տոկոսով է աշխատում, նավթի ինքնարժեքը բարձրանում է։ Քսան տարի հետո Ադրբեջանը նավթ չի ունենա, բայց դեռ 120 տարի ապահովված կլինի գազով»,- մանրամասնեց նա։
Ադրբեջանի գիտնականների միտումնավոր խեղաթյուրումները՝ հայերի ունեցած ավանդի առումով, ինչպես նաեւ հայկական ազգանունների անտեսումը, բացի բարոյական տեսանկյունից, կարող են ունենալ նաեւ իրավական հետեւանքներ: Հ. Մելիք-Ադամյանի խոսքերով՝ ՄԱԿ-ին կից մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) կոնվենցիայի 73-րդ հոդվածի եւ այլ միջազգային նորմերի համաձայն՝ Ադրբեջանի համար կարող են առաջանալ ինչպես ոչ ունեցվածքային, այնպես էլ ունեցվածքային իրավական հետեւանքներ։ Այդ հոդվածով առաջացած հեղինակային իրավունքի խախտումների մասով խնդրի լուծման երկու ճանապարհ է առաջարկում մասնագետը, առաջինը՝ պետական մակարդակով արձագանքելու խեղաթյուրումներին, իսկ երկրորդ ճանապարհը՝ այդ մարդկանց ժառանգները կարող են քայլեր ձեռնարկել եւ պահանջներ ներկայացնել՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ խախտվել են հեղինակային իրավունքները։
Գիտնականը խոստովանում է, որ երկար է փնտրել, թե ինչ ավանդ են ունեցել ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ, եւ, ի վերջո, գտել է, որ եղել են չորս սոցիալիստական աշխատանքի հերոսներ (Սիսիանի շրջան)՝ ոչխարաբույծներ, որոնց անունները սիրով թվարկեց՝ Ալի Ալահվերդի Օղլի Հուսեինով, Շիրվան Իման Օղլի Ջաֆարով, Սամադին Լաչին Օղլի Շուքուրով, իսկ օրինակ՝ Մահմեդ Աբդուլ Օղլի Գյոզալովը կարողացել է 456 գլուխ մայր ոչխարների յուրաքանչյուր 100 մայրից ստանալ 124 գլուխ գառ, ինչի համար էլ 1948-ին արժանացել է կոչման։ «Մենք հիշում ենք ադրբեջանցի մրցանակակիրներին։ Ճիշտ կլիներ, եթե նրանք էլ նշեն մեր դափնեկիր դոկտոր-պրոֆեսորներին, այլ ոչ թե նրանց անունները ջնջեն իրենց գրքերից»,- ասաց նա։
Նշենք, որ այս թեմայով ավագ գիտաշխատողը զեկույց է ունեցել «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» միջազգային եռօրյա գիտաժողովի շրջանակներում։