«Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Օրինական բոլոր սահմանները պետք է պահպանվեն: Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա»…
Քյումարս Հեյդարի
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ
Տարածքային ամբողջականության մասին տասնամյակներ բարբաջող ադրբեջանական իշխանությունները` չունենալով հարեւանի վրա հարձակվելու այլ կռվան, մոռանում են` նախ, թե ինչ տարածքային նվիրատվության վրա է գոյացել այսպես կոչված` Ադրբեջան հանրապետությունը, երկրորդ, որ այլ հանրապետություններ եւս ունեն տարածքային ամբողջականության իրավունքներ ու սեփական պետության սահմաններ, եւ որ այդ սահմանները հատելու դեպքում պատասխան են տալու այն ուժերին, որոնք այդ սահմանների հանդեպ շահագրգռություն ունեն, եւ դա սոսկ Հայաստանի Հանրապետությունը չէ։
Իրենց ուղղակիորեն սատարող համաշխարհային հայտնի ուժերի հետ միասին Արցախի Հանրապետության դեմ տարած երերուն հաղթանակից հետո ադրբեջանական իշխանությունների էյֆորիան հասավ այն աստիճանի, որ նրանք չբավարարվեցին «տարածքային ամբողջականության» հարց լուծելով ու Արցախի Հանրապետության վրա ոտնձգություններով. հայ ժողովրդի նկատմամբ դարերով կուտակված մաղձը դրսեւորվեց խաղաղ բնակչության, հումանիտար մասնագիտություն իրականացնող անձանց ու օբյեկտների, մշակութային օջախների, գերիների, բնության ու անգամ կենդանիների հանդեպ վայրագություններով։ «Տարածքային ամբողջականության» նրանց մարմաջը տարածվեց ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության վրա, ու, գզրոցներից հանելով Հայաստանին տիրելու իրենց երազանքները, ուղղակիորեն սպառնալիք դարձան ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջանների ու բուն Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այն Իրանը, որ պատերազմի սկզբում կարծես հավանություն էր տալիս Ալիեւի «տարածքային ամբողջականության» հարց լուծելու զառանցանքին, այսօր բավականին հստակ պատկերացնում է տարածաշրջանում ստեղծված այդ զառանցանքի մուտացիաների սպառնալիքը իր շահերին եւ անգամ հայտարարում, թե պատրաստ է Հայաստանի հետ պաշտպանել նրա սահմանները թուրք-ադրբեջանական ոտնձգություններից։
Հայաստանի սահմանները համատեղ պաշտպանելու` Իրանի պատրաստակամության համատեքստում ուշագրավ է գեներալ Քյումարս Հեյդարիի այն ձեւակերպումը, թե երկրին պատուհասած ժամանակավոր դժվարությունները պատճառ չեն, որ այլ երկիր հատի նրա սահմանը… Եվ, իսկապես, սա ոչ միայն ռազմական տեսանկյունից ազնիվ չէ, այլեւ անցնում է բարոյականության սահմանը, այլ կերպ` սույն պարագայում ոչ թե արդարության կամքն է թելադրվում, այլ ամբարտավանության, որն հղի է տարածաշրջանում այնպիսի ուժերի բախումով, ինչը ողջ տարածաշրջանի համար կարող է ողբերգական վախճան ունենալ։ Տարատեսակ ուժերի ու շահերի բախման կիզակետում հայտնված Հայաստանն այսօր կանգնած է ընտրության առջեւ. քաշվել մի կողմ եւ ասպարեզը տալ աշխարհի ու սեփական քարտեզը վերաձեւող տերությունների քմահաճույքին կամ ակտիվորեն պայքարել հանուն իր անվտանգության ու շահերի` ընտրելով դաշնակիցներ եւ ոչ թե իր փոխարեն հարց լուծողներ, ու այնուհետեւ դառնալ մեկի կամ մյուսի վասալը։
Այն, որ այսօր տարածաշրջանի ստեղծված իրադրությունում մեր շահերը հիմնականում համընկնում են Իրանի ու Ռուսաստանի հետ, կասկած չի հարուցում, կասկած չի հարուցում եւ այն, որ ունենք բավականաչափ ռազմական գրագետ ներուժ եւ պայքարող մարտիկներ, որոնց համախմբելով ու դաշնակիցների հետ համագործակցելով՝ կարող ենք հասնել հարցերի` մեզ համար շահեկան լուծման…