«Գիրքը կյանքի նույնպիսի երեւույթ է, ինչպես մարդը, այն նույնպես կենդանի, խոսող փաստ է, եւ այն ավելի քիչ է «իր», քան մյուս բոլոր իրերը, որ ստեղծվել ու ստեղծվում են մարդու կողմից»:
Մ. Գորկի
Հոկտեմբերի 7-ը 2004 թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվեց գրադարանավարի օր` կարեւորելով գրքի ու ընթերցողի միջեւ միջնորդներից մեկի ու գրադարանի ծանր աշխատանք կատարողի դերն ու նշանակությունը:
Անցյալ դարի 90-ականներից մեր կենցաղն սկսել էր աստիճանաբար փոխվել` մեզ դարձնելով ուրիշ, ինքներս մեզ` օտար, եւ որքան օտարությունը ներխուժում էր մեր մաշկից ներս, այնքան «ինքնահաստատված» էինք զգում ու եռանդով արհամարհում այն, ինչ թանկ ու հարազատ էր մի ժամանակ, իսկ մի ժամանակ տանը գրապահարան, գրադարակներ ու փոքրիկ գրադարան ունենալը պարծանք էր ավելի, քան զգեստապահարանում նորաձեւ հագուստ կամ սպասքապահարանում թանկարժեք սպասք ունենալը։ Խոսքուզրույցի թեման գրքերն էին, դրանց ընթերցումն ու մեկնումը, նորանոր կերպարների հետ ծանոթանալը, ինչը լավագույն սնունդ ու բովանդակային ժամանց էր, ճամփորդություն` պատմության ու ժամանակի միջով. եւ որքան շատ էինք ընթերցում, այնքան ավելի էինք զգում ընթերցելու, նոր գրքի, նոր տպավորությունների կարիքը, իսկ տնային գրադարանը որքան էլ մեծ լիներ, արագ էր սպառվում. մնում էր վազվզել մասսայական գրադարաններ: Այստեղ էր, որ գրադարանավարուհու ժպիտը ինչ ասես` արժեր, հենց գրադարանավարուհու, քանզի գրադարանավար պարզապես չկար, ու հիմա էլ, կարծում եմ, չի լինի, չի լինի, քանի որ գրադարանների սպասարկուներն ամենացածրն էին վարձատրվում, իսկ այսօրվա մասին խոսելն իսկ ավելորդ է. նրանց կյանքում ոչինչ չի փոխվել այդ առումով, եթե չասել` դարձել են առավել անտեսված, ուրեմն` վերոհիշյալ որոշման կապակցությամբ կարելի է մի փոքր սրբագրում անել ու հոկտեմբերի 7-ը համարել գրադարանավարուհո՛ւ օր…
Անդրադառնամ գրադարանավարուհու ժպիտին եւ նրա գրավչությանը. դա նշանակում է` ոչ ավելի, ոչ պակաս, քան այն, որ խրախուսվում է ընտրությունդ, եւ ցանկացածդ գիրքը շուտով կհայտնվի ձեռքիդ, այն հազվագյուտը, որ երբեմն նույնիսկ մեկ օրինակ է լինում, այն էլ` ընթերցասրահի համար, իսկ քեզ վստահվում է տանել տուն ու հանգիստ ընթերցել, քանզի հայտնի է, որ քեզ համար ընթերցելը ոչ միայն հաճույք է, այլեւ աշխատանք, եւ որ գիրքը կվերադարձվի ժամանակին կամ պահանջված դեպքում…
Ճանաչել ընթերցողին եւ ոչ միայն տալ նրա ուզած գիրքը, այլեւ նրա ճաշակի համապատասխան գիրք առաջարկել. սա ընթերցողին այն ցայտնոտից հանելն է, երբ թվում է` ամեն բան սպառված է, եւ նորության հույս չկա… Առաջին անգամ գրադարանի մշակին հանդիպեցի դպրոցում` հենց առաջին դասարանում, ընկեր Վալյան էր. նրա շնորհիվ գրադարանի հանդեպ հարգանքն ու ակնածանքը ծնվեցին միանգամից, գրքի հանդեպ հատուկ ուշադրությունն ու խնամքը` նույնպես… Ընթերցողի խնդիրը գիրք տանել-բերելը չէր, այլ ընթերցված, ժամանակին ու խնամքով այն վերադարձնելը, ու գրադարանավարուհին էլ գիրքն ընթերցողին հանձնում էր սոսնձած, կազմած վիճակում, հաճախ հարցեր էր տալիս` համոզվելու համար` արդյոք գիրքն ընթերցված ու հասկացված է վերադարձվում, այլապես մի քանի անգամ զրկում էր անփույթ ու անտարբեր ընթերցողին գրադարան մտնելուց, մինչեւ վերջինս սկսեր լուրջ վերաբերվել գրքին, իսկ լավ ընթերցողին թույլ էր տալիս մտնել ներս, շրջել գրադարակների արանքում ու ինքնուրույն ընտրել ուզած գիրքը. սա առանձնահատուկ ու վստահելի վերաբերմունք էր, որին քչերն էին արժանանում, ինչը բավականության ու հպարտության զգացում էր առաջացնում։
Այդպես էր վերաբերվում ընթերցողներին եւ Երկաթուղայինների պալատի գրադարանավարուհին` տիկին Անահիտը. նա նույնպես եզակի անձնավորություն էր, եւ թվում է` ընթերցել էր հսկայական ողջ գրադարանը ու քաջ ծանոթ էր թե՛ հեղինակներին, թե՛ նրանց գործերին ու թե՛ այդ գործերով հետաքրքրվող ընթերցողներին. առանձնակի հաճույք էր մտնել այս գրադարանները եւ շփվել գրքի նվիրյալների հետ, սովորել նրանցից, կիսվել տպավորություններով, զրուցել ու երեւակայել… Այնուհետեւ գրեթե չհանդիպեցի ընթերցողի հետ անհատական աշխատանք տանող գրադարանավարների. շատերը պարզապես հանձնում ու ընդունում էին գիրքը, եւ վերջ, իսկ խորհրդային տարիներին գրախանութներում կարելի էր հանդիպել գրավաճառների, ովքեր քաջատեղյակ էին վաճառվող գրքերին ու հեղինակներին եւ գրախանութ այցելող ընթերցողներին, ովքեր գիտեին` ում` ինչ առաջարկել, ովքեր համբերությամբ սպասում էին` մինչեւ գնորդը թերթեր նոր ստացված գիրքն ու ծանոթանար դրան, կողմնորոշվեր` վերցնե՞լ այն, թե՞ այլ բան ընտրել…
Ինձ համար գրախանութն ու գրադարանը գրեթե նույն բանն են, ու դեռ չեմ կարողանում մարսել գրքի` բիզնեսի առարկա լինելու հանգամանքը… Վերջերս գրախանութում մի քանի նոր գրքեր թերթեցի` ծանոթանալու երիտասարդ հեղինակների գործերին, նրանց ոճին ու հետաքրքրության առարկային. գրավաճառուհին տեղից վեր կացավ ու ցցվեց կողքս, թեեւ իրենից մի մետրի չափ էլ հեռու չէի ու ոչ էլ` աչքից թաքուն, ու խանութում մեր երկուսից բացի ոչ ոք չկար. նրա խուզարկու հայացքը տհաճություն էր պատճառում, ու ես մտածում էի` ի՞նչ կա, արդյոք, գրքի թերթերի արանքում, բացի հեղինակի մտքերից, որ ես կարող եմ գողանալ ու վնաս պատճառել խանութին. պարզ երեւում էր, որ չի հասկանում, թե ինչ է վաճառում` գի՞րք թե մանր-մունր զանազան իրեր, որ հնարավոր է` բռի մեջ պահած, աննկատ դուրս հանել, իսկ թե անհանգստությունը գիրքը չփչացնելու համար էր, կարող էր ավելի տակտով հետեւել ու ագրեսիվ պահվածքով չվանել պոտենցիալ գնորդին…
Անգամ հագուստեղենի խանութներում հնարավորություն է տրվում հագուստները փորձելուց հետո գնել ուզածը, ուր մնաց՝ գրախանութում, որ ցանկացած բոլոր գրքերը հնարավոր չէ գնել ու տուն տանել միանգամից, իսկ գրքի հետ ընթերցողի կապը վերականգնելը մեր օրերի համար դառնում է հույժ անհրաժեշտ, քանզի տասնամյակների բացթողումը, այդ ընթացքում գրաշխարհը խոտանով լցնելը, գիրքը սոսկ բիզնեսի առարկա դարձնելն ու գրականության հանդեպ արհամարանք սերմանելը չափազանց ծանր են նստել մեր հասարակության առօրյայի ու ճակատագրի վրա. մարդկանց միտքն ու հոգին սկսել են զբաղեցնել դատարկությունն ու սին արժեքները, որոնց համար, բնական է, կռիվ տալու ցանկությունն անիմաստ է դառնում, շատերի համար անիմաստ են դարձել անգամ այն արժեքները, որոնց համար քաղաքացին ոչ միայն պատրաստ պետք է լինի ամեն տեսակ զոհողությունների, այլեւ կյանք դնելու…
Ու թեեւ գիրքը շարունակում է մնալ որպես բիզնեսի առարկա, գոհունակությամբ պետք է նշեմ, որ գրականության մեջ ներխուժած 90-ականների խոտանն ու փնթիությունն սկսել են տեղի տալ, նահանջել, եւ հայտնվել են նոր հեղինակներ` ինքնուրույն ոճով ու մտածելակերպով՝ հարգելով լեզուն ու նրա հնարավորությունները, հակված դեպի գրական ու համամարդկային արժեքները, այնպես որ` ժամանակն է կրկին վստահել գրողին ու գրականությանը եւ այդ գրականությունը սպասարկողներին, եւ թող շնորհավոր լինի գրադարանավարի՝ այդ յուրօրինակ դոնկիխոտի օրը…