Անհամբերությունը, անհիմն աճապարանքը, չպատճառաբանված շտապողակա-նությունը մերժելի են. ոչ միայն գործին չեն նպաստում, այլեւ վնասում են:
Այդ մասին բազում նախազգուշացումներ կան. «Անջուր մի բոբկացիր», «Էշը չա-ռած ախոռն է կապում», «Առանց ձիու մսուրք ա կապում», «Ձուկը ծովի մեջ գին չու-նի», «Ձի չկա՝ նալ կը փնտռե», «Կով չունիս՝ կապ կոլորես», «Հավկիթ չունի՝ թուխս կը նստի», «Ձուկը ծովում վաճառք չեն անի», «Չվաստակած փողը չեն հաշվի»:
Լատիներեն ասացվածքը նույնպես հորդորում է չշտապել, մասնավորապես՝ մին-չեւ հաղթանակ չտանելը հաղթահանդես չսարքել («Ante victoriam ne canas triumphum»):
«Արջը չը զարկած՝ փոստը մի ծախեր» հայերեն ասացվածքը ստույգ համարժեքն ունի գերմաներենում («Man soll die BՊrenhaut nicht verkaufen, ehe der BՊr gestochen ist»), ռուսերենում («Не убив медведя, шкуры не продавай») եւ ֆրանսերենում («Il ne faut pas vendre la peau de l’ours avant de l’avoir tuռ»):
Սրան մոտ է իսպաներեն ասացվածքը, որ խորհուրդ է տալիս չհեծնել դեռեւս չբռնված կենդանուն («Ensillar antes de traer las bestias»):
Մի փորձիր անցնել կամուրջը, քանի դեռ չես հասել կամրջին՝ ասվում է անգլերեն ասացվածքում («Don’t cross the bridges before you come to them»): Եվս մեկը ակնարկում է, թե մի աղաղակիր, քանի դեռ չես վնասվեր («Don’t cry out before you are hurt»):
Իսկ ռուսներն ասում են՝ մինչեւ չթռչես՝ «հո՛պ» մի ասա («Не говори гоп, пока не перепрыгнешь»).
Շտապը հազվադեպ է լավ լինում՝ ըստ իտալերեն ասացվածքի («Presto e bene raro avviene»): Մեկ այլ ասացվածք արձանագրում է մարդկանց մեջ շատ տարածված ան-համբերությունը, ասելով, թե համբերատարությունը մի լավ ծառ է, որը, սակայն, բոլոր այգիներում չի աճում («La pazienza Ռ una buon’erba, ma non nasce in tutti gli orti»):
Ֆրանսերեն եւս մի ասացվածք հույժ կարեւոր զգուշացում է անում, թե պետք չէ շներին ծաղրել, քանի դեռ գյուղից դուրս չեք եկել («Il ne faut pas se moquer des chiens qu’on ne soit hors du village»):
Շատ ժողովուրդների մտածելակերպն է, իսկապես, հավաստում, թե հենց անհամ-բերությունն է հիմնականում տապալում մեր լավագույն մտահղացումները, ձախո-ղում ծրագրերը, խոչընդոտում մարդկանց փոխըմբռնումը, մեզ անակնկալ փորձանքի բերում:
Պատահական չէ, որ հայ գրականության մեջ հաճախ ենք հանդիպում նման ե-րեւույթի արձանագրումների: Լեւոն Շանթի հերոսներից մեկը անհարկի շտապողականությունից խուսափելու հորդոր է անում՝ ասելով զրուցակցին. «Դուն ալ ձիդ շատ շուտ թամբող մարդ ես» («Կայսր»): «Ուրեմն դու դեռ ջուրը չտեսած, ոտներդ հանել ես արդեն», -ասում է Ղազարոս Աղայանի հեքիաթի հերոսը ընկերոջը («Ասլան-Բալա»):
Արդ, համբերատարության մղող այս բոլոր ասացվածքները պիտանի են ոչ միայն կյանքի զանազան ոլորտներում առհասարակ, այլեւ հույժ օգտակար են մարդկանց համատեղ աշխատանքի կազմակերպման եւ կառավարման տեսակետից:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ