Ինչի՞ց է ծնվում ատելությունը… Այս հարցի պատասխանը հաճախ անբացատրելի է թվում, հատկապես այն դեպքերում, երբ դա հառնում է երախտագիտության փոխարեն… Այդպես էլ այսօր ու սրանից էլ առաջ, տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում դժվար է հասկանալ մարդու այն տեսակը, երբ նրան անուրանալի ծառայություն է մատուցվում, իսկ նա այդ ծառայության դիմաց` երախտագիտության փոխարեն, լցվում է ատելությամբ ատելությունը վերածում ոխակալության, ոխն էլ հանգեցնում ոճրագործության, հենց նրա հանդեպ, ով անաչառ նվիրումով ծառայել է պոտենցիալ ոճրագործի շահերին` կասկած անգամ չունենալով, որ նվիրվածությունը կարող է ոխ առաջացնել անհասկանալի գենետիկա ունեցող ինչ-որ տեսակի արարածի մեջ…
Վերջերս «YouTube»-ում հայկական երաժշտության` հայ կամ օտարազգի երաժիշտների վիրտուոզ կատարումների տակ հանդիպում եմ գրառումների, որտեղ որոշ ադրբեջանցիներ պնդում են, թե տվյալ երաժշտությունն ադրբեջանական է, այնքան ակնհայտ կեղծիք, որ ժխտելն անգամ ծիծաղելի է, քանզի հայ եւ ադրբեջանական երաժշտության միջեւ սարուձորի տարբերություն կա, ինչը ոչ միայն մասնագետը, այլեւ սովորական ունկնդիրը չի շփոթի… Սա, իհարկե, նորություն չէ, երբ ազերիները փորձում են իրենց վերագրել օտարի մշակույթը կամ առնվազն տգիտություն ցուցաբերել, իսկ ամենաարտառոցն ու անմարդկայինը նրանց վարքում օտարի մշակույթը ոչնչացնելն է, այն դեպքում, երբ մշակույթը համամարդկային է, եւ այդ մշակույթից բանական արարածն օգտվում է, վայելում այն, զարգացնում ինտելեկտը, որն էլ նպաստում է սեփական արարչագործությանը, սակայն ազերիները առավել բեւեռացված են օտարին ոչնչացնելո՛ւ միջոցով ինքնահաստատվել եւ ոչ արարելու, քանզի նրանց իշխանական մեքենան էլ սեփական ժողովրդին հպատակեցնելու միակ հավաստի ճանապարհը համարում է իր ժողովրդի աչքում օտարին գցելը, նրա միտքը անընդհատ «թշնամու» վրա բեւեռելը, նպատակը` նրան ոչնչացնելը եւ դրանով բավարարվելը… Ի՞նչ է սա` անճարակություն, նախանձ, թե իշխելու յուրօրինակ ձեւ…
Ժամանակին իր երկրի ու ժողովրդի պատմությունը չուսած Ալիեւն այսօր իր համար փորձում է պատմություն կերտել ու ինչ-որ քարտեզներ ձեւավորել, որտեղ իրեն պատկերացնում է առնվազն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակիցը, իսկ Հայաստանն էլ` մայրաքաղաք Երեւանով, պապերի երբեմնի նստավայրն ու սեփականությունը… Իհարկե, սա նույնքան ծիծաղելի ու զավեշտական է, որքան շարքային ադրբեջանցու` հայկական մշակույթն իրեն վերագրելու գրառումները, բայց եթե շարքային ադրբեջանցու գրառումները կարելի է արհամարհել, ապա իշխանության մարմաջը հղի է վտանգավոր հետեւանքներով, գործողություններով, որ նրանց կողմից սանձազերծված պատերազմը հազարավոր կյանքեր արժեցավ երկուստեք եւ էլի կարժենա, եթե հանդուրժենք ալիեւյան գենետիկ զառանցանքներն ու չպատասխանենք դրանց, ինչպես հարկն է…
Մի հոդվածի սահմաններում, սակայն, հնարավոր չէ հիշատակել այն ողջ աշխատանքները, որ արել են հայերը Ադրբեջանում ու մայրաքաղաք Բաքվում, նպաստել այդ երկրի զարգացմանը թե՛ արդյունաբերական, թե՛ գիտատեխնիկական, թե՛ մշակութային տեսակետից, բայց օգտվելով այն առիթից, որ հոկտեմբերի 6-ը Բաքվի ճարտարապետներից մեկի` հայազգի Նիկոլայ (Նիկողայոս) Գեւորգի Բաեւի ծննդյան օրն է ու հարգանքի տուրք մատուցելով տաղանդավոր ճարտարապետին, Ալիեւին տեղյակ պահենք, որ այսօր Բաքվում գործող` Ադրբեջանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի (նախկինում` Մայիլովի թատրոն) նախագիծը հայազգի Բաեւի աշխատանքն է (1910-1911 թթ.), որին մասնակցել է նույնպես հայազգի ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքայելյանը։ Բաեւի նախագծով են իրականացել նաեւ Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները, Էրմենիքենդ թաղամասը (Բաեւի թաղամաս) եւ հարակից շինությունները, Հիվանդանոցային ավանը (19 լազարեթ` 24 մասնաշենքով)։ Բաեւն աշխատել է ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում, որտեղ նույնպես աչքի ընկնող կառույցների հեղինակ է, ինչպես ներկայումս գործող կենտրոնական բանկի շենքը (1933 թ.), ներկայիս ՀՀ դատախազության շենքը (1936 թ.), Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը (1938), Երեւանի առաջին տպարանի շենքը (1920-ականներ), բնակելի տներ եւ այլն։
Բաեւը, ընդհանուր առմամբ, 200-ից ավելի շինարարական նախագծերի եւ շինությունների հեղինակ է։ Ծնվել է Ռուսական կայսրության Աստրախան քաղաքում` 1875 թ., 1901-ին ավարտել Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության եւ քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը, 1911-ից աշխատել է Բաքվում։ 1911-1918 թթ. եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը։ 1927 թ. տեղափոխվել է Երեւան եւ 1929-1930 թթ. աշխատել որպես «Հայգյուղշինի» տնօրեն։ Նիկոլայ Բաեւի անձնական արխիվը պահվում է Հայաստանի ազգային արխիվում։ Ինչպես Նիկոլայ Բաեւը, այնպես էլ շատ ու շատ հայ գործիչներ խտրականություն չեն դրել իրենց տաղանդը ոչ միայն սեփական, այնպես էլ այլազգի ժողովուրդների բարօրությանը ծառայեցնելուն, ինչը միանգամայն բնական է ստեղծագործող անհատի համար, քանզի արարումը մերձեցնող եւ ոչ թե բաժանող հատկություն ունի, ինչը ոչ մի կերպ չեն ընկալում ադրբեջանական իշխանությունները, որ տասնամյակներով ոչնչացնում են ոչ միայն իրենց հողում օտարների կողմից կառուցված պատմամշակութային շինությունները, այլեւ ուրիշի հողին ոտք դնելու առաջին քայլը «նշանավորվում» է այդ հողում խոյացող կառույցների ոչնչացումով, քանզի «իրենցը» համարող այդ հողում չեն կարող ցույց տալ մի շինություն, որի հեղինակն իրենք են, ուստիեւ ուրիշի հողում հաստատվելու ամենակարճ ճանապարհը, ըստ իրենց, ուրիշի ինքնության ամեն կերպ չեզոքացումն է` ինչ գնով էլ լինի` ուժի թե ամբարտավանության…
Ու թեեւ Բաքվի կառուցման ու զարգացման հարցում զգալի ներդրում ունեն հայ գործիչներն ու ճարտարապետները, հայերը երբեք Բաքվի վրա աչք չեն ունեցել եւ չունեն, ինչպես ազերիները` Երեւանի, որ ոչ մի ներդրում չունեն այստեղ, եւ, ընդհանրապես, պատմությանը անդրադարձ անելով, թող Բաքվի իշխանությունները հաշիվ տան իրենց, թե քանի արժեքավոր շինություն պիտի ոչնչացնեն սեփական մայրաքաղաքում, որ այնտեղից իսպառ ջնջեն հայի հետքը…