ԵՊՀ պատմության ֆակուլտետում երեկ տեղի ունեցավ անվանի հայագետ-պատմաբան, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառումը եւս մեկ միջոց է մեծարելու անվանի պատմաբանին եւ գնահատելու նրա մեծ ավանդը հայոց պատմագրության մեջ: Գիտաժողովին ներկայացվեց Մովսիսյանի գիտական կյանքին ու գործունեությանը վերաբերող 8 զեկուցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսների ու արեւելագիտության ինստիտուտի գիտնականների կողմից։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով՝ Մովսիսյանը կենդանի լեգենդ էր, որի պատմական հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ պետք է ուսումնասիրվի եւ ներկայացվի հանրությանը՝ սերունդներ կրթելու նպատակով: Մինասյանը կարեւորեց այն մեծ աշխատանքը, որ երիտասարդ պրոֆեսորը տանում էր հայոց պատմության կեղծարարության դեմ։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Արտակ Մովսիսյանը համալսարանի ներկան էր ու ապագան. «Այն ջիղը, որով նա աշխատում էր նոր գիտելիք ստեղծելու ու փոխանցելու, նոր սերունդներ կրթելու համար, հնարավորություն չի տալիս նրա մասին խոսել անցյալով»։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը հիշեց, որ առաջին իսկ հանդիպումից զգացել է այն մեծ ներուժը, որ ուներ Մովսիսյանը, միաժամանակ նա շատ կարեւորեց, որ երիտասարդ գիտնականի մուտքը գիտության բնագավառ շարունակվեց դեպի ազգային գաափարախոսություն։ «Իր գիտական գործունությամբ նպաստում էր ազգային գաղափարաբանության ավելի խոր ընկալմանը։ Մենք պետք է շարունակենք նրա գործը պատմագրության բնագավառում»,- շեշտեց նա։
Ակադեմիկոսը նաեւ անդրադարձավ հայագետի գործունեության արտասահմանյան ոլորտին՝ նշելով, որ, օրինակ, ժամանակակից գերմանական գիտական շրջանակները մեծագույն հետաքրքրությամբ էին կարդում այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք իր հետ բերեց Արտակը հայագիտության մեջ։ Սաֆրաստյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին՝ ոչ միայն գիտաժողովներով եւ այլ միջոցառումներով հարգել Արտակ Մովսիսյանի հիշատակը, այլեւ սահմանել նրա անվան ամենամյա կրթաթոշակ, որը կտրվի պատմաբանի պատմագիտական կարեւոր գործը շարունակելու պատրաստ ուսանողներին։ «Նա նպաստում էր մեր ժողովրդի ոչ միայն ինքնաճանաչմանը, այլեւ մեր ազգային գաղափարաբանության խորացմանն ու ընդլայնմանը երիտասարդության շրջանում»,- ասաց նա։
ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ Մովսիսյանի աշխատությունները լավագույն պատասխանն են հայոց պատմության կեղծարարներին։ Ըստ նրա՝ այսօրվա նոր սերնդի համար պատմաբանի օրինակելի կերպար պետք է լինի Արտակ Մովսիսյանը, որպեսզի նրա պես նոր խոսք ասեն, լինեն համարձակ եւ հարստացնեն մեր պատմությունը։ Ակադեմիկոսը խիստ տպավորված էր Մովսիսյանի այն հոդվածով, որտեղ նա անդրադառնում է Աշխարհաժողովին, դրանով Մովսիսյանը ցույց է տվել, որ ժողովրդավարության սկզբունքները վաղուց են հասանելի եղել հայերին, իսկ այսօվա խնդիրները նա փորձել է դիտարկել Աշխարհաժողովի լույսի ներքո։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը ներկայացրեց Արտակ Մովսիսյանի «Հայաստանը՝ ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» վերտառությամբ վերջին աշխատությունը, որը հրապարակվել է նրա մահից ընդամենը 50 օր հետո: Կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ սկզբնաղբյուրների՝ Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկությունների հիման վրա կատարած ուսումնասիրությունները: Այս հարցում եւս Մովսիսյանը նախանձախնդիր էր եւ անգամ հիվանդանոցում աշխատում էր գրքի վրա։
Մալխասյանը մեր պատմության միջազգայնացման առումով կարեւորեց «Հայոց պատմություն» դասագրքի անգլերեն եւ հայերեն լեզուներով հրատարակությունը, որի աշխատանքներն ընթացքի մեջ են։ «ԵՊՀ-ում տարբեր միջազգային ծրագրերով ուսանողների ենք հյուրընկալում, որի շրջանակներում հնարավորություն կունենանք հայոց պատմությունն ամբողջական տարբերակով ներկայացնել անգլերենով»,- ասաց նա։ Նշենք, որ Արտակ Մովսիսյանը գրել է դասագրքի հնագույն եւ հին շրջանների մասին, միջին դարերը հեղինակել է Միքայել Մալխասյանը, իսկ նորագույն շրջանը՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Աննա Կոստանյանը Արտակ Մովսիսյանի այրուն՝ Երեանուհի Դանիելյանին հանձնեց «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից հետմահու շնորհված «Վահագն» զորության ռազմի աստված հուշանշանը։ «Արտակ Մովսիսյանն իր անմնացորդ նվիրումով առ հայրենիք, առ հայ մշակույթ, գրականություն եւ գիտություն, դեռ երկար տարիներ է ապրելու մեր բոլորի հիշողություններում, քանզի նա իր ձեռագրով անջնջելի հետք է թողել մեր պատմության էջերում»,- ասաց Կոստանյանը։
Հուշ-ցերեկույթը մեկնարկեց մեկ ռոպե լռությամբ ի հիշատակ Արտակ Մովսիսյանի եւ արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների, այդ թվում՝ համալսարանական 12 ուսանողների: