Չեխիայի Հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան եւ «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին «զգայական» սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով եւ խոհանոցային համապատասխան սարքավորումներով, խաղահրապարակ՝ մարզասարքերով եւ ժամանցի միջոցներով: Ծրագիրն արժեցել է 25.000 դոլար:
Ի դեպ, Սպիտակի Ա. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը կառուցել են չեխ շինարարները 1990 թվականին եւ տարիներ շարունակ կրթօջախին օգնում են ամենատարբեր հարցերում: «Շնորհակալ ենք Չեխիայի Հանրապետությանը՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար,- մասնակիցների՝ Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկինի, ակումբի նախագահ Վահագն Նազարյանի, այլոց ներկայությամբ բացման խոսքում ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:- Ներառական կրթություն իրականացնող այս դպրոցում նման ծրագրի շնորհիվ սովորողների համար ստեղծվեցին միջավայրային անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն երեխաների ուսումնավերականգնողական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու բարձրացմանը»:
Բեդրիխ Կոպեցկու խոսքով՝ այս դպրոցը հայ-չեխական բարեկամության վառ օրինակ է: Նա խոստացավ ապագայում էլ ուշադրության կենտրոնում պահել դպրոցը եւ աջակցել զարգացման ծրագրերին: Միջոցառմանը դպրոցը ներկայացրեց կրթության առանձնահատուկ կարիքներով իր սաներից մեկի՝ Հարութ Սիմոնյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցում սովորում է 415 աշակետ, որոնցից 13-ն ունեն կրթության առանձնահատուկ կարիքներ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի