Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ Արամ Տեփնանցին ադրբեջանցիները սպանել են ռուս խաղաղապահների ուղեկալի մոտ: Ավելին՝ մինչեւ միջադեպը խաղաղապահներն արցախցուն վստահեցրել են, որ կարող է հանգիստ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, նույնիսկ ռուս զինծառայողներից մեկը մի քանի րոպե նստել է վերջինիս տրակտորը, որպեսզի նա չվախենա: Սակայն Տեփնանցի մեքենայից խաղաղապահի հեռանալուց մի քանի րոպե անց նա գնդակահարվել է: Ելնելով փամփուշտի հետագծից եւ կրակի դիպուկությունից՝ մասնագետները եկել են եզրակացության, որ այն արձակվել է նշանառուի կողմից:
Եթե նույնիսկ քաղաքացու զոհվելու պատճառը նշանառուի գնդակ չի եղել, այլ սովորական ավտոմատի, միեւնույն է, զոհը անկանոն կրակահերթի հետեւանք չէ, այլ՝ նպատակային թիրախավորված կրակի: Առավել ուշադրության է արժանի այն փաստը, որ սպանությունն իրականացրել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դիտակետի հարեւանությամբ: Ադրբեջանը, գործելաոճին հավատարիմ, հերքել է իր զինված ուժերի կողմից կրակոց արձակելու փաստը: ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատել է այն եւ հայտնել, որ կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում:
Միջադեպը հերթական շարքային սպանությունը չէ, այն լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, եւ եթե ադրբեջանական կողմը կատարվածի վերաբերյալ քննություն չանցկացնի ու մեղավորին չպատժի, ապա դա, ոչ ավել՝ ոչ պակաս, կարող է դիտարկվել որպես Մոսկվային հասցված Բաքվի ապտակ: Դեպքը կործանարար հարված կլինի Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության համար: ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի ուղեկալի հարեւանությամբ Արամ Տեփնանցին սպանելը եւ մեղավորներին չբացահայտելը հավասարազոր են Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը չստանձնելուն: Այսօր պաշտոնական Բաքուն առաջին հերթին Ռուսաստանին բացատրելիք ունի: Տարածաշրջանում ձեւավորված ստատուս քվոյի պայմաններում Արցախի Հանրապետությունն էլ այս դեպքում իր քաղաքացու սպանության վերաբերյալ պատասխանները պետք է ստանա ՌԴ խաղաղապահներից:
Նախկինում ադրբեջանցիների նման քայլերին հայկական կողմը պատասխանում էր սահմանի տարբեր հատվածներում ոչ համարժեք պատժիչ գործողություններով: Այսօր դեռ չենք պատասխանել, քանի որ հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ կանգնած են ռուս խաղաղապահները: Հայկական կողմն առայժմ սպասում է Ադրբեջանի քայլերին եւ ՌԴ արձագանքին: Միջադեպի մեղավորների հանդեպ համարժեք պատժամիջոցներ չկիրառելն առնվազն կհրահրի նշանառուների պատերազմի վերսկսում: Այն դեպքում, երբ ադրբեջանական դիրքերն այդքան մոտ են հայկական բնակավայրերին, նման փոխհրաձգության սկսումը շատ արագ մեծ ծավալներ կստանա՝ հարցականի տակ դնելով առաջին հերթին խաղաղապահ առաքելությունն ընդհանրապես: Հետեւաբար՝ Ադրբեջանի այդ գործողության հեռահար նապատակը բացառապես ռուսական խաղաղապահ առաքելության արժեզրկումը կլինի:
Անկախ այն բանից, թե ինչ ընթացք կստանա մարտակերտցու գնդակահարության միջադեպը, այն միանշանակ տասնամյակներ շարունակ այդ երկրում մանկական տարիքից հայատյացության դաստիարակության օրինաչափ հետեւանք է, որը նույն ոգով շարունակվում է նաեւ պատերազմից հետո: Այդ քաղաքականությունը շարունակվում է նոր թափով, Ադրբեջանի առաջնորդի գլխավորությամբ՝ ռազմավարի պուրակի տեսքով եւ պարբերաբար արվող ռազմատենչ հայտարարություններով: Եթե Ադրբեջանի կողմից արվող վերոնշյալ քայլերը եւ այնտեղ վարվող հայատյաց քաղաքականությունը չդադարեցվեն, ապա անիմաստ է խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման, առավել եւս հաղորդակցության ուղիների վերաբացման մասին:
ՀՀ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ միջադեպը նաեւ Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, եւ ընդգծել, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։ Եթե Ադրբեջանը մեղավորին չբացահայտի եւ չպատժի, ապա այն առավել ցցուն կարտահայտի պաշտոնական Բաքվի՝ խաղաղություն հաստատելու մասին կոչերի եւ իրական քայլերի հակասությունը, ինչի մասին հայկական պետությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են:
Իրականությանը մոտ վարկած է, որ Արցախի քաղաքացու սպանության հեռահար նպատակը ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությունը հարցականի տակ դնելը եւ Արցախ-Ադրբեջան շփման գոտում նաեւ թուրքական ուժերի ներգրավումն է: Այս դեպքում հայկական կողմը երբեք չի համաձայնի պատերազմի ժամանակ փաստացի կողմ հանդիսացող Թուրքիային տեսնել իր սահմանների մոտ, եւ տրամաբանական էլ չէ ու անհնար վերջինիս կողմից անաչառ խաղաղապահ գործողության իրականացումը: