ԱՄՆ-ից 40 «F-16» կործանիչ գնելու Թուրքիայի ցանկությունը, ինչպես նաեւ ամերիկյան օգնությամբ եղած նույն տիպի մոտ 80 ինքնաթիռի արդիականացումը երկկողմ հարաբերությունների քննության յուրահատուկ փորձ են: Այս մասին Անկարայում խոսում են ոչ պաշտոնական մակարդակով՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին վերջին հնարավորությունն է տրվել՝ ցուցադրելու հավատարմությունը դաշնակցային կապերի պահպանմանը: Փորձագիտական միջավայրում նշում են, որ համապատասխան խնդրանքը իրականում կապված է Թուրքիայի ղեկավարության ցանկության հետ` ծածկելու պատժամիջոցների պատճառով առաջացած ծախսերը, որոնք երկիրը կրել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման արդյունքում:
Այն մասին, որ Անկարայում «F-16» կործանիչների գնման հարցումը դիտարկվում է որպես քննություն, հայտարարել են վաշինգտոնյան «Al-Monitor»-ի թուրքական աղբյուրները: Նրանց խոսքերով՝ դա ճշմարտության պահ է Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների համար, որոնցում անջրպետ է առաջացել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից հետո: ԱՄՆ-ի կողմից պատասխանը, ինչպես նշում են «Al-Monitor»-ի զրուցակիցները, շատ բան կարող է փոխել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Խոսքն այն մասին է, որ Անկարան կարող է ռուսական կողմից համարժեք արտադրանք գնել: Թուրքիայում պաշտոնատար անձինք վստահ են, որ Բայդենի վարչակազմը հնարավորություն ունի Կոնգրեսին համոզելու, որ հավանություն տան «F-16»-ի գործարքին, «եթե, իհարկե, Վաշինգտոնն իրականում մտածում է այն մասին, որ Թուրքիան չձգվի դեպի Ռուսաստան»:
Այն մասին, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 «F-16» կործանիչ գնելու, ինչպես նաեւ մոտ 80 կործանիչների արդիականացման խնդրանքով, մեկ շաբաթ առաջ հաղորդել է «Reuters»-ը: Գործակալության աղբյուրների խոսքերով՝ համապատասխան գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներով: Չնայած այն բանին, որ շատ բան կախված է Բայդենի եւ գործադիր իշխանության ոլորտային կառույցներից, Կոնգրեսը կարող է ընթացք չտալ պայմանագրի ստորագրմանը: Ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատականները վաշինգտոնյան վարչակազմին առաջվա պես կոչ են անում ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված վերջինիս կողմից C-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ: Քննադատության համար առանձին առիթ են մարդու իրավունքների եւ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ոլորտները:
Հաղորդվում է, որ թուրքական հարցումը շարունակում է մնալ Պետդեպարտամենտում ու ոլորտային կառույցներում: Օրերս, հանդես գալով բրիֆինգում, ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել «F-16» կործանիչների վաճառքի մասին հարցին: «Ինչ վերաբերում է «F-16»-ին, ապա պետք է նշեմ, որ դա Պետդեպարտամենտի քաղաքականությունն է: Մենք հրապարակայնորեն չենք հաստատում ու չենք մեկնաբանում զենքի վաճառքի առաջարկները մինչեւ այն պահը, քանի դեռ դրա մասին Կոնգրեսը պաշտոնապես չի տեղեկացրել»,- բացատրել է նա: Սակայն Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հրապարակայնորեն հաստատել է «F-16» կործանիչների ձեռքբերման պլանները՝ շեշտելով, որ դա Թուրքիային «F-35»-ի ծրագրից հարկադրաբար հեռացնելու պատասխանն է:
ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ կապված «F-35» բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ, պատասխան էին Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Սակայն, ինչպես հայտնի դարձավ սեպտեմբերի վերջին, նույնիսկ սահմանափակող այդ միջոցառումները ԱՄՆ-ի դաշնակցին չկարողացան հետ պահել ՌԴ-ի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը զարգացնելու ցանկությունից: Ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր ենք մենք գնում, որ երկրից եւ որ մակարդակով: Ոչ ոք չի կարողանա միջամտել: Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»: Պատասխանելով հաղորդավարի ճշգրտող հարցին, թե արդյոք Անկարան մտադրություն ունի՞ C-400 համակարգերի եւս մեկ խմբաքանակ գնել Ռուսաստանից, թուրքական պետության ղեկավարը դրական է պատասխանել:
«Այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, ստիպված էր լքել «F-35»-ի արտադրության ծրագիրը,-«Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը:-Արդյունքում՝ թուրքական ղեկավարությունը չկարողացավ ձեռք բերել արդեն վաղուց պատվիրած նորագույն «F-35» կործանիչները, իսկ Թուրքիան տեխնիկական հսկայական փորձ ու տեխնոլոգիաների փոխանցման հնարավորություններ կորցրեց»: Քաղաքագետն առանձին ուշադրություն է դարձրել թուրքական ընկերությունների ֆինանսական կորուստներին, որոնք մասնակցել են «F-35»-ի ծագրին եւ պետք է մասնակցեին նաեւ արտահանմանը: Դա մոտավորապես 10 մլրդ դոլար է կազմում:
«Այս համատեքստում այն պետությունների ռազմաօդային ուժերի ամրապնդման ակտիվ գործընթաց է տեղի է ունենում, որոնք Թուրքիայի հարեւաններն են տարածաշրջանային համատեքստում,- ասել է Հասը:- Այսպես, օրինակ, վերջին ժամանակներս Հունաստանը, Իսրայելը, Եգիպտոսը, Իրանը զգալիորեն ամրապնդել եւ թարմացրել են իրենց օդուժը: Սիրիան արդիականացնում է իր ուժերը Ռուսաստանի օգնությամբ: Փաստացի Անկարայի համար իրավիճակն այնպես է դասավորվում, որ նա «F-35» կործանիչներ ձեռք բերելու հնարավորություններ չունի, իսկ մյուս կողմից՝ չի կարող օգտագործել C-400 համակարգն ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Դրանով է բացատրվում իր ունեցած կործանիչներն արդիականացնելու Անկարայի ցանկությունը»:
Փորձագետն այսպիսի համեմատություն է կատարել. «Երբ շրջապատող գործընկերներն արդեն վաղուց սմարթֆոններ են օգտագործում, Թուրքիան ստիպված է արդիականացնել կոճակային հեռախոսը եւ փորձել տեխնոլոգիաների առումով զարգացած պետության տպավորություն թողնել: Ինքը՝ Էրդողանը, այս կերպ ավելորդ անգամ կարող է լրացուցիչ միավորներ ստանալ ներքին լսարանում՝ հին ինքնաթիռների արդիականացումը ներկայացնելով որպես վաստակ: Սա ներքին շուկայում արտաքին քաղաքական խաղի օգտագործման հերթական օրինակ է: Սակայն նաեւ ԱՄՆ-ը, մյուս կողմից, չի կարող թույլատրել, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցն այդքան թուլանա, ուստի որոշ չափով շահագրգռված կլինի՝ թուրքական ռազմաօդային ուժերի համար վաճառելու ինքնաթիռներ եւ որոշ տեխնոլոգիաներ»: Սակայն գործընթացը, ըստ Հասի, կարող է ձգձգվել: Միեւնույն ժամանակ 2023 թ. Թուրքիայում նախատեսված են նախագահական ընտրություններ, եւ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի կարող չձեւավորել իր քաղաքականությունը՝ ելնելով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության մեջ ապագա փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներից:
Չնայած Անկարան հայտարարում է, որ իր հայցը քննություն է ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների համար, հասկանալի է, որ դա Թուրքիայի վերջին հնարավորությունն է՝ հասնելու հեռացող ամերիկյան գնացքին: Էրդողանի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները կձգտեն այնպիսի տպավորություն ստեղծել ամերիկյան հասարակայնության մեջ, որ եթե Թուրքիայի առաջարկը մերժվի, դա ողբերգություն կլինի ԱՄՆ-ի համար իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ: Այսպիսի միտումները, ըստ թուրքական մտահղացման, լուսանցքում կթողնեն նաեւ երկու պետությունների միջեւ առկա խնդիրները՝ կապված ռուսական «C-400» զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: Թուրքական աղբյուրները ոչ միայն տեղեկատվություն են փոխանցում, այլեւ այսպիսի եզրակացություն՝ ԱՄՆ-ը հավանություն կտա «F-16»-ի գործարքին, «եթե, իհարկե, Վաշինգտոնն իրականում մտածում է այն մասին, որ Թուրքիան չձգվի դեպի Ռուսաստան»:
Ինչպես երեւում է, Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին Թուրքիայի ղեկավարի համար: Այժմ նա հնարավորություններ է փնտրում՝ վերադառնալու նախկին տիրոջ մոտ, սակայն իներցիայով փորձում է խաղարկել Մոսկվայի գործոնը՝ լավ չպատկերացնելով, որ Արեւմուտքում շատ լավ են տիրապետում իր քայլերի տրամաբանությանը: Իսկ այդ տրամաբանությամբ «սմարթֆոնի» ձեռք բերումը կարող է եւ իրականություն չդառնալ: Այլ կերպ ասած՝ Անկարայի՝ երկու լարի վրա խաղալու մոլուցքը ձախողվել է եւ թանկ կարժենա թուրքական պետության համար: