«Հայաստա՛ն, լեռների ամուր կապուկը ձեռքիդ, ցրտից կապտակող օդի մեջ համառ շարժվում ես առաջ՝ դեպի գերեվար Մայր լեառն Արարատ, դեպի Գեղամա սարերն հեթանոս (Սեւանը՝ քուրմդ զմրուխտ տաճարի), դեպ կտրուկ բացվող լեռնանցքը Շուշվա, որ քեզ հանում է դուռը Արցախի… Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում՝ քանդել քարկապը դարավոր իղձիդ…
Դու դեռ կքայլես…»:
Լեւոն ԱՆԱՆՅԱՆ
Տարիներ առաջ էր, երբ ձեռքս ընկավ «Գրական թերթի» հերթական համարներից մեկը: Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ պարբերականի երկէջյա բացվածքում կարդացի Գրողների միության նախագահի աշխատանքային մեկ օրը ժամ առ ժամ ներկայացնող ծավալուն հրապարակումը: Իսկ այդ ժամանակ մեր գրողական ընտանիքը ղեկավարում էր քուն ու դադար կորցրած Լեւոն Անանյանը: Կարդացի յուրօրինակ այդ «տեղեկատվությունն» ու մնացի ապշած. Աստծու սիրուն, ինչպե՞ս է հասցնում լինել ամենուր, ընդունել հյուրերի ու ճանապարհել, մասնակցել այս կամ այն գրողի գրքի շնորհանդեսին, ջերմ, սրտառուչ խոսք ասել, այնտեղից փութալ պայմանավորված հանդիպումների, նորից մտնել միություն, հետաքրքրվել գրահրատարակչական խնդիրներով, ելքեր փնտրել դրանք լուծելու, հետո նորից… Եվ այսպես շարունակ…
Իսկ մինչ Գրողների միությունը միապաղաղ առօրյայից աշխույժ մեղվափեթակ հիշեցնող միջավայրի վերածելը, կազմակերպչական նախանձելի եռանդով օժտված, մարդասիրության չափանիշ ու այդ չափանիշներով ապրող ու գործող պայծառ մտավորականը, որպես լրագրող, հրապարակախոս, արձակագիր ու բանաստեղծ, լուսածիր իր կենսագրության էջերն էր հյուսել տարբեր պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը, աշխատել «Գարուն» փնտրվող ամսագրի խմբագրությունում, իսկ 1990-2001 թթ., որպես գլխավոր խմբագիր, նոր շունչ ու ոգի տվել նորոգ վարկանիշ վաստակած «Գարուն»-ին՝ դժվարին ժամանակներում անխաթար պահելով ամսագրի լուսընծայումը: Ավելին՝ 1992 թվականին, երբ Արցախի լեռներում որոտում էին հրանոթները, եւ երկիրը տնքում էր պատերազմական հոգսուցավերից, նախաձեռնում եւ հիմնադրում է «Ապոլոն» թարգմանչական հրատարակչությունը՝ մեծարժեք գրքերով հարստացնելով հայ գրականության գանձարանը:
Բոլորին էր ի տես Լեւոն Անանյան գրչության անհանգիստ մշակի անսպառ եռանդը, վեհանձնությունն ու նվիրվածությունը իր գործին, անձեւական ուշադիր վերաբերմունքը սփյուռքահայ թե հայրենաբնակ երիտասարդ ու տարեց գրչակից ընկերների, սկսնակների հանդեպ: Էլ չասեմ նրա կարեկից ու հարեհաս լինելու՝ եզակիներին բնորոշ առաքինության մասին, որով զարդարված էր իր անձը: Եվ այս ամենը, չգիտես ինչ տրամաբանությամբ, շարժում էր շատերի նախանձը, չարացնում: Եվ դա բնական էր, որովհետեւ ԳՄ նախագահը, բացառությամբ աննշան փոքրոգիների, համընդհանուր սեր էր վաստակել ու վայելում էր ոչ միայն գրողական ընտանիքի, այլեւ հասարակության լայն շերտերի պատիվն ու հարգանքը:
Թերեւս, դժվար լինի հաշվել, թե քանի-քանի գրքեր է խմբագրել այսօրվա պատվարժան հոբելյարը, քանի գրքեր կազմել, առաջաբաններ գրել, հանդես եկել օրախնդիր քանի՛-քանի՛ տասնյակ տաք ու երկրաշահ հրապարակախոսական հոդվածներով: Եվ քանի գրքեր չեն գրվել իր բազմազբաղ առօրյայի, ստեղծագործելու իր ժամանակը մյուսների համար չխնայելու, նաեւ հասարակական գործունեությամբ զբաղվելու պատճառով: Իսկ հեղինակային գրքերը՝ թեկուզ սակավաթիվ, սակայն ամբողջացնում են նրա ներաշխարհի անխառն գույները՝ «Արմատ եւ սաղարթ», «Հուշանվեր», «Դիմակայություն»…
Լեւոն Անանյանն ապրել եւ շարունակում է ապրել իր չխամրող գրով, ազգանվեր իր գործունեությամբ, ՄԱՐԴՈՒ եւ ՀԱՅԻ իր տեսակով: Եվ նրա ծննդյան օրվա առիթով որքան պատեհ է հնչում Հրաչոյի՝ Հրաչյա Մաթեւոսյանի խոսքը՝ ասված ի հավերժություն գնացած իր գրչընկերոջ վաղաժամ հեռացումի հանգամանքով. «Մի՞թե մարդու կենսագրությունն ավարտվում է նրա մահով: Լեւոն Անանյան, արդեն հիշատակող ես, սիրելի՛ Լեւոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում: Դու էդ Հողի եւ Գրի տերը եղար…»:
Եվ հիմա ես այդ Գրի եւ Հողի տերը, սիրելի եղբայր: Եվ կլինես ու, գիտենք, կընդունես հոբելյանիդ առիթով ասված շնորհավորանքի մեր խոսքը քո վերերկրային պայծառ տիրույթներում…