Անցյալ տարվա համեմատ 2021-ի սկզբից գազի գները որոշ բարձրացում արձանագրեցին։ Դա սպասելի էր, քանի որ դրանք երբեմն այնքան էին իջնում, որ արդեն չէին արդարացնում արտադրության ծախսերը։ Անընդհատ ավելի էժան գազի սպասման մեջ Եվրոպայում տապալեցին պահեստավորման գործընթացը։ Այնտեղ կարգն այդպես է` ամբողջ տարին ամբարում են շատ խոշոր պահեստարաններում, իսկ ջեռուցման սեզոնին՝ սկսում ծախսել։ Ահա այսպես՝ հոկտեմբերի կեսերին, երբ սկսվում է ջեռուցման սեզոնը, եվրոպական գազապահեստարաններում արձանագրվեց մոտ 75 տոկոսի կուտակում` սովորական 90-95-ի փոխարեն։ Երբ գլխի ընկան, արդեն ուշ էր` ամռանը գները մոտեցել էին 500-600 դոլարի սահմանին։ Սրան գումարվեցին մի շարք այլ պատճառներ՝ բազմապատկելով ճգնաժամը։ ԱՄՆ-ը տարիներ շարունակ տարբեր ճանապարհներով Եվրոպային համոզում էր ընդունել իր սեղմված գազը։ Այն ավելի թանկ էր, սակայն հաստատուն տեղ էր գրավել եվրոպական շուկայում։
Այնպես ստացվեց, որ այս տարի սեղմված գազի գները շատ բարձրացան Արեւելաասիական գոտում։ Եվ ԱՄՆ-ը, անգլոսաքսոնական հատկանշական պրագմատիզմով, հանկարծ իր ողջ գազն ուղղեց այդ կողմ՝ ավելացնելով Եվրոպայում դեֆիցիտը՝ փոխարենը պահանջելով Ռուսաստանից` ավելի շատ էժան գազ մատակարարել Եվրոպա։ Հակառակի նման այս տարի քամիներն էլ քիչ էին, եւ չորային եղանակի պատճառով ջրամբարները չէին լցվել։ Այնպես որ, վերականգնվող էներգիայի աղբյուրները, որոնց վրա հսկայական միջոցներ էին ծախսվել, օգնել չկարողացան, հակառակը` ավելի սրելով իրավիճակը։ Այս պայմաններում Եվրոպան հայացքն ուղղեց դարձյալ իր գլխավոր մատակարարին` Ռուսաստանին, որն ապահովում էր եվրոպական գազային ներմուծումների 40 տոկոսից ավելին։ Վերջինս անհամբեր սպասում է իր ամբողջովին պատրաստ եւ լիցքավորված «Հյուսիսային հոսք-2»-ի բացման թույլտվությանը, որի սերտիֆիկացումը պեդանտիզմի հասնող եվրոպական բյուրոկրատական համակարգի պատճառով հազիվ թե մինչեւ նոր տարի հասցնեն ավարտել։ Ռուսաստանն այդ գազամուղի կառուցման վրա ծախսել է 11 միլիարդ դոլար եւ դրա հետ կապված հեռուն գնացող շատ ծրագրեր ունի, ինչը չի ցանկանում փոխարինել կարճատեւ շահաբաժիններով։
Ռուսաստանում աճում է գազի հանույթը, սակայն, ավելի արագ աճում է Եվրոպա մատակարարումների տեմպը, եւ նա չի հասցնում դրա ետեւից։ Որքան էլ հերքեն Ռուսաստանում, այստեղ իր բաժինն ունի նաեւ քաղաքականությունը։ Հասկանալի է, որ, զիջելով եկամուտներում, Ռուսաստանն ուժեղացնում է իր բանակցային դիրքերը։ Աճում են «Գազպրոմի» բաժնեթղթերի գները, դրանք եւս արդեն գերազանցել են պատմական առավելագույնը։ Ռուսաստանը համառորեն պահանջում ու ստիպում է վերացնել Հյուսիսային հոսք-2-ի շահագործման բյուրոկրատական ձգձգումները՝ հրաժարվելով գործող ուկրաինական ուղուց։ Գազի մատակարարման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը զարմացրել է եվրոպական փորձագետներին։ «Գազպրոմն» ամբողջովին կատարում է գազի արտահանման իր պարտականությունները, նույնիսկ գերազանցում, սակայն չի օգտագործում գների բարձրացման հետ կապված՝ մեծ փողեր աշխատելու հնարավորությունը։ Ընդ որում՝ Եվրոպայում արդեն դադարել են հուսալ, որ նույնիսկ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո գազն արագ կէժանանա։ Սա իր բավական ծանրակշիռ հիմքերն ունի, մասնավորապես, եթե նկատի ունենանք նաեւ Ռուսաստանի խնդիրները։ Նրա գազամբարները լցված են ընդամենը 40-45 տոկոսով (Եվրոպայի 75-ի դիմաց), եւ ներքին պահանջարկի բավարարման հարցում էլ կարծես լարումներ կան։ Իսկ գլոբալ քաղաքական կտրվածքով հայտնի է, որ գազի ամենամեծ տնօրինողները Ռուսաստանն ու Իրանն են. երկուսին էլ Արեւմուտքը խոչընդոտում է, ինչը շրջվեց ի վնաս իրենց։ Էն վաղ էր, որ Եվրոպան (Արեւմտյան քաղաքակրթությունը) աշխարհում անվիճելի հեղինակություն էր։ Այսօր նրանց պատկերով ստեղծված համաշխարհային կառույցների խորաթափանցության, արդարության ու օբյեկտիվության մասին կարող ենք դատել թեկուզ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարագրով` լճացած, իներտ, շատ անգամ մանր էգոիստ, արդարության հակառակորդ, «տոլման ադրբեջանական դարձնող»…
Ինչեւէ, թվում է` բարձր գների դեմ առայժմ դժվար է պայքարել, որովհետեւ առաջացած մեծ պակասուրդի լրացման համար (մոտ 30 մլրդ խմ՝ գրեթե ամբողջ «Թուրքական հոսքի» տարեկան թողունակության չափ), նույնիսկ հաջողության դեպքում, անհրաժեշտ են լինելու երկար ամիսներ։ Սա է այսօր իշխող տրամադրությունը, տեսնենք՝ ինչ կասի անկանխատեսելի շուկան։
Ինչ վիճակ է Հայաստանում
Շատ համառոտ` պատմությունից։ 2013 թ. Պուտինի այցելության ժամանակ Հայաստանը մոտ 155 մլն դոլարով Ռուսաստանին վաճառեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իր մասը (20 տոկոս)։ Ինչպես իր երկրում, Հայաստանում եւս փաստացի մոնոպոլիստ դարձած «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունենք (մինչեւ 2043-ը), որ միայն իրենից կամ իր բացառիկ թույլտվությամբ կարող ենք Հայաստան գազ ներկրել։ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանից առաքվող գազի գինը իջեցվեց (190 դոլար էր)։ 2019 թ. հունվարից գազի գինը 150-ից դարձավ 165 դոլար։ Դեռ 2020-ի գարնանը «Գազպրոմ-Արմենիան» ներկայացրել էր դիմում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագինը բարձրացենելու համար։ Անցյալ տարի, հուլիսի 20-ից գազի գինը բարձրացավ խոշոր տնտեսավարողների համար, մեծ դժվարությամբ հաջողվեց այնպես անել, որ բնակչության վրա այն ուղղակի ազդեցություն չթողնի (մնաց նույնը)։ Սակայն հազար խորանարդը 165 դոլարով սահմանի վրա ձեռք բերվող գազը բնակչությանը վաճառվում է մոտ 250-ով, տարբերությունը` 90 դոլար, շատ-շատ է։
Գազի ձեռք բերման պայմանագրերը մեզ մոտ կնքվում (հաստատվում) են տարին մեկ։ Եթե անցած որոշ ժամանակահատվածում, երբ Եվրոպայում գազի ֆյուչերսները 100 դոլարի սահմաններում էին, մեզ չհաջողվեց Ռուսաստանի հետ 165-ից պակաս գնով պայմանավորվել, ապա այսօրվա դրությամբ պարզվեց, որ այդ պայմանագիրը մեր բարեբախտությունն է։ Սակայն նրա ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, եւ այնժամ մեզ սպասում են խոշոր խնդիրներ։
Սեպտեմբերի կեսերին, երբ գազի գներն առաջին անգամ սահմանեցին պատմական ռեկորդը, «Գազպրոմ» ԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը զարմանալիորեն հայտնվեց Հայաստանում։ Նա հենց այնպես երբեք ոչ մի տեղ չի գործուղվում, այն էլ՝ այսպիսի լարված շրջանում։ Անշուշտ, կարեւոր հարցեր են քննարկվել ամենաբարձր մակարդակով։ Սակայն լրատվությունը, ինչպես կարելի էր սպասել, խիստ սահմանափակ է (գուցե լավն էլ դա է)։ Ինձ մի փոքրիկ սպրդում հետաքրքրեց` Միլլերը հորդորել էր արագացնել Հայաստան-Իրան բարձրավոլտ հաղորդագծի շահագործման հանձնումը։ Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, ըստ էության, բարտերային գործարք է, որոշակիորեն դուրս գազի շուկայի վայրիվերումներից։ Կարելի՞ է ենթադրել, որ այս խորհուրդը տալիս էր` մեղմելու համար իր ստիպվածությունը` նոր պայմանագրի կապակցությամբ Հայաստանի հետ վարելու գազի թանկացման ծանր բանակցություններ…
ՀՀ վարչապետի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ գազի գնի բանակցությունների մասին խոսք չկա։ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով 2022-ին սակագնի փոփոխության հնարավորության մասին հարցին, ասաց. «Կա որոշակի անորոշություն, եւ կան որոշակի տենդենցներ, որովհետեւ երեկվա դրությամբ ռեկորդ եղավ՝ գազի գինը կազմեց 800 դոլարին համարժեք` 1000 խմ-ի համար։ Դա որոշակի հարցեր առաջացնում է»։
Ըստ փոխվարչապետի՝ բանակցությունները «Գազպրոմի» հետ պերմանենտ բնույթ են կրում. «Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին եւ փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած կա պնդում «Գազպրոմի» կողմից, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափն իրենց չի բավարարում։ Բայց դա աշխատանքային պրոցես է, հիմա բանակցությունների գործընթաց է, հուսով եմ, որ որեւէ անսպասելի բան տեղի չի ունենա՝ գազի գնի հետ կապված։ Այս տարի, հուսով եմ, կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»։ Պատասխանում, որոշակի խուսափողականության հետ միասին, զգացվում է հստակ մտահոգվածությունը։ Եվ դա բնական է այս վիճակում։
Բոլոր կանխատեսումներով՝ գազի միջազգային շուկայում մեղմացում կարելի է սպասել ոչ շուտ, քան հաջորդ տարվա գարնանը։ Այն էլ՝ թեական։ Մենք գազի նոր բանակցությունները վարելու ենք ամենաանհարմար, պահանջարկի կուլմինացիոն բարձրացման պահին։ Հնարավոր է՝ կարողանանք զիջումներ կորզել, հարցն այն է` ինչ չափով։ Լուկաշենկոյին, օրինակ, դա հաջողվեց անցյալ ամիս, բայց դրա դիմաց նա 28 նոր պարտավորություն վերցրեց Ռուսաստանի առաջ։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք նման խնդիրների։ Պարզ օրինակ` ռուսերենի պաշտոնական լեզվի կարգավիճակի բազմիցս հնչեցված հարցը եւ շատ ուրիշներ։
Իսկ առայժմ եվրոպական գազի բորսայում երկնագույն վառելիքի նոյեմբերի համար նախատեսված ֆյուչերսների գինը հոկտեմբերի 18-ի ժամը 12-ի վիճակով երկար ընդմիջումից հետո առաջին անգամ իջել է 1000 դոլարից՝ կազմելով 983.5 1000 խմ-ի համար։ Չնայած տեղեկություններին, որ օրվա ընթացքում այն դարձյալ հասավ մինչեւ 1121.5 դոլար, սա կարեւոր հոգեբանական սահմանագիծ է ավելի քան մեկ ամիս շարունակվող գնային «խելագարության» պայմաններում։ Սպասենք հետագա զարգացումներին…
Ի դեպ, նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի մանրամասնեց «Գազպրոմի» հետ գնի մասին բանակցությունների ընթացքը։ Եթե, ինչպես նշվում է, խնդիրը 2013 թ. պայմանավորվածության մասին է ըստ որի՝ պիտի ապահովվի 9 տոկոսանոց շահույթ, ապա կարելի է եզրակացնել, որ բանակցությունները դրական են ընթանում, եւ հաջողվել է հաղթահարել եվրոպական այս «ցունամիի» հարցը։
Կարճ ասած՝ եթե նոր տարուց հետո, այսպիսի լարված պայմաններում, մեզ հաջողվի պահպանել գազի ներմուծման ներկայիս գինը կամ բավարարվել փոքր շտկումներով, ապա դա կլինի հայկական տնտեսական քաղաքականության մեծ հաջողությունը։ Նման արդյունքի արդեն հասել են Բելառուսը եւ Չինաստանը։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ