Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչ Դայանա Շոուն ԱՄՆ-ի Կոնգրեսին տեղեկացրել է կարեւոր հետաքննության մեկնարկի մասին: Այն կիրականացվի մի քանի գերատեսչությունների ուժերով եւ վերաբերում է Աֆղանստանից ամերիկյան ուժերի՝ օգոստոսին դուրսբերմանը: Այսպիսով՝ Սպիտակ տունն ընդառաջել է կոնգրեսականներին, հատկապես՝ հանրապետականներին, ովքեր պահանջում են անվանել մեղավորներին ու այն բանի պատճառները, թե ինչու Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց:
Նամակի տեքստը, որը Շոուն ուղարկել է Կոնգրեսի երկու պալատների հետախուզության եւ միջազգային հարցերի հանձնաժողովներին, հայտնվել է ամերիկյան մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ: Դրանում գլխավոր տեսուչը բացատրել է, որ ինքը որոշել է օրենսդիրներին տեղեկացնել ծառայողական քննության մասին, քանի որ կան «Կոնգրեսի աճող հետաքրքրությունը» այդ թեմայի նկատմամբ» եւ «յուրահատուկ հանգամանքներ, որոնք պահանջում են գլխավոր տեսուչների ողջ համայնքի կոորդինացումը»: Այսինքն՝ գործնականում ստուգում կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի գերատեսչություններում: Մասնավորապես, դատելով Շոուի նամակից, պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչը կպարզի Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության ամերիկացիների վրեժխնդրության հանգամանքները, որին զոհ գնաց ավելի քան 200 մարդ, այդ թվում 13-ը՝ ամերիկացի զինվորներ: Մամուլում հաղորդվել է, որ ամերիկացիներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ենթադրյալ ահաբեկիչների վրա, սակայն արդյունքում զոհվել է ՆԱՏՕ-ի թարգմանչի ընտանիքը:
Վերջապես, տեսուչները կզբաղվեն այսօրվա դրությամբ Աֆղանստանի հետ կապված ամենացավագին հարցով, որը հուզում է ամերիկյան հանրությանը: Շոուն եւ նրա ենթակաները Պենտագոնի հետ համատեղ կձգտեն պարզել Քաբուլից դիվանագետների, շարքային ամերիկացիների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման հանգամանքները: Աֆղանստանի վերաբերյալ լսումների ընթացքում, որոնք անցկացվել են Կոնգրեսի մի քանի հանձնաժողովներում, զինվորականներն ու Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մեղադրվում են ԱՄՆ-ի մոտ 200 քաղաքացու տարհանման ձախողման մեջ: Եվ դա՝ չնայած այն բանին, որ հազարավոր աֆղանցիներ ԱՄՆ են տեղափոխվել առանց համապատասխան ստուգման եւ հաստատման, որ իրենք իսկապես օգնել են ամերիկյան զորքերին: Հանրապետական կոնգրեսականները պահանջել են Բայդենից հրաժարական տալ: Բայց նա չի ազատել նույնիսկ օրենսդիրների աչքում քիչ թե շատ մեղավոր Մարկ Միլին՝ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավարին: Սակայն, ինչպես վկայում են իրադարձությունները, Բայդենը չի կարող կադրային կազմակերպչական եզրակացություններ չանել:
Երկուշաբթի հրաժարական է տվել Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը: Նա երեք տարվա ընթացքում կապեր էր հաստատում «Թալիբանի» հետ եւ դարձել է 2020 թ. ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ Դոհայի համաձայնագրի ճարտարապետը: Այժմ նրան կփոխարինի Թոմաս Ուեսթը, որը Պետդեպարտամենտում ու Ազգային անվտանգության խորհրդում աշխատել է Բարաք Օբամայի օրոք եւ սերտ համագործակցել է այն ժամանակվա փոխնախագահի՝ Ջոզեֆ Բայդենի հետ: Այդ նշանակումը վաղուց էր կանխատեսվում, ինչպես եւ Խալիլզադի պաշտոնանկությունը: Տարեսկզբից Ուեսթը նրա տեղակալն էր եւ, անկասկած, տեղյակ է իր ղեկավարի գործերին:
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հոկտեմբերի 18-ին հղած իր նամակում Խալիլզադը խոստովանել է, որ ակամա իր լուման է ներդրել Աֆղանստանում ողբերգական իշխանափոխության մեջ, քանզի նրան չհաջողվեց հասնել քաղաքական համաձայնության «Թալիբանի» եւ Աշրաֆ Գանիի կառավարության միջեւ: «Պատճառները, թե ինչու դա տեղի ունեցավ, չափազանց բարդ են, եւ ես դրա մասին մտքերով կկիսվեմ մոտակա օրերին ու շաբաթներին՝ այն բանից հետո, երբ կհեռանամ ծառայությունից»,- գրել է Խալիլզադը:
ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի՝ ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի գիտական գլխավոր աշխատակից Վլադիմիր Վասիլեւի կարծիքով՝ Պետդեպարտամենտի ստուգումների արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն միտք կառաջանա, որ Աֆղանստանում անհաջողության գլխավոր մեղավորները ներկայացնում են պաշտպանության նախարարությունը: Եվ հանրապետականները նույնպես ցանկանում են, որ առաջին հերթին հրաժարական տան Միլլին ու Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը: «Բայդենը, ի վերջո, պետք է ընտրի, թե ում պետք է զոհաբերի՝ Պետդեպարտամենտի՞, թե՞ պաշտպանության նախարարության պաշտոնյաներին: Ես տպավորություն ունեմ, որ Պենտագոնի ղեկավարությունը կլինի վերջինը, ում նախագահը կզոհաբերի»,- փորձագետի խոսքերը մեջբերել է «Նեզավիսիմայա գազետան»:
Հետեւաբար, մոտ ժամանակներս գլխավոր տեսուչների աշխատանքի արդյունքները կդառնան ԱՄՆ-ում ներքին քաղաքական պայքարի մի մասը: Հանրապետականները կօգտագործեն դրանք, որպեսզի հասնեն Բայդենի վարչակազմի կադրային թուլացմանը: Նախագահը կձգտի այնպես անել, որ Սպիտակ տան կորուստները նվազագույնը լինեն: Այդ պայքարի ելքն այնքան էլ պարզ չէ: Հաղթել կարող են ինչպես Բայդենը, այնպես էլ նրա հակառակորդները:
ԱՄՆ-ը չափազանց շտապ հեռացավ Աֆղանստանից 20 տարի այդ երկրում հանրության անարդյունք ու անհեռանկար «ժողովրդավարական արդիականացմանը» միտված ջանքերից հետո: Ենթադրվում է, որ աֆղանական հասարակությունը երկար չի հանդուրժի ծայրահեղական թալիբների իշխանությունը: Արդյունքում, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական պատերազմը կշարունակվի, որի օջախները, որոնք ստեղծվել են Մասուդ կրտսերի կողմից, արդեն հայտնվել են նաեւ Փանջշերում: Բացառված չէ, որ Մասուդին ակտիվորեն օգնում են արտաքին ուժերը, մասնավորապես՝ ամերիկացիները, ինչպես նաեւ տարբեր երկրներում աֆղանական մեծաքանակ սփյուռքը: Իսկ դա կարող է նպաստել քաղաքացիական պատերազմի տարածմանը:
Թալիբների իշխանության ոչ երկարատեւ լինելու մասին կարելի է դատել նաեւ այն բանից, որ նրանց ճամբարում միասնություն չկա: Ըստ վերլուծաբանների՝ «Թալիբանում» նվազագույնը երկու-երեք խմբավորումներ են պայքարում: Բարձրագույն ղեկավարությունից բացի, կան ռազմական եւ քաղաքական թեւեր, դաշտային հրամանատարներ: Գլխավոր վեճն ընթանում է ծայրահեղականների ու իրատեսների միջեւ, եւ առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով առավելության կհասնի:
Մինչ ամերիկացիներն զբաղված են մեղավորների փնտրտուքով ու միմյանց դեմ փաստերի օգտագործմամբ, տարածաշրջանում նոր իրադարձություններն իրենց երկար սպասեցնել չեն տա…