Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումները շարունակվում են։ Այսպես վստահեցնում է հենց պետական այս գերատեսչությունը եւ, իբրեւ օրինակներից մեկը, մատնանշում այն, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսավարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը՝ եռամսյակի փոխարեն՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:
«ՀՀ»-ն փորձեց ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ գործընթացի վերաբերյալ եւ մասնավորապես հասկանալ, թե ինչ է տվել գործարարներին այդ փոփոխությունը այս ընթացքում (քանի որ ԱԱՀ վերադարձը 2021 թ. հուլիսի 1-ից է կատարվում յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով)։
Ինչպես մեզ տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, հարկ վճարողը ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել եւ հաշվարկով առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները փոխանցել միասնական հաշվին։ Եվ այս հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։
«Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում, տնտեսավարողն ազատ է տնօրինելու միասնական հաշվին փոխանցված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը եւ կարող է դիմումի հիման վրա այն հետ ստանալ»,- նշեց ՊԵԿ բաժնի պետը: Փոփոխությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվում է մեկ միասնական մոտեցում՝ ամսական վերադարձի եւ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար:
Մեր զրուցակցի խոսքերով՝ հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմին. այս դեպքում եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է արդեն ամսական 40 մլն դրամ: «Եվս մեկ հատկանշական փոփոխություն. ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից»,- ասաց Լ. Մկրտչյանը։
Հիմա գանք այն հարցին, թե ինչ է տվել գործարարներին այս փոփոխությունը, եւ այն ներկայացնենք թվային պատկերով։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2021 թ. օգոստոս-սեպտեմբերին փոխհատուցվող գումարները կազմել են 22 մլրդ 627 մլն դրամ, իսկ 2020 թ. նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ: Այսինքն, անցած երկու ամիսվա ընթացքում 4.5 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով ավելի շատ փոխհատուցվող գումարներ են ուղղվել հարկ վճարողների միասնական հաշվին:
Աճ է գրանցվել նաեւ պարզեցված ընթացակարգով փոխհատուցվող գումարների մասով. 2020 թ. օգոստոս-սեպտեմբերին վերադարձվել է 1 մլրդ դրամ, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝ 3 մլրդ դրամ: Ըստ 9 ամսվա կտրվածքով վիճակագրական տվյալների՝ եթե 2020 թ. հունվար-սեպտեմբերին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս: