Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա…
Համո Սահյան
Ու ընկան շատ որդիք՝ ջահել ու տարեց, ընկան նաեւ արցախյան վերջին՝ քառասունչորսօրյա կոչվող պատերազմի ճակատներում, ընկան ու դարձան անմահ հերոսներ, ովքեր այսօր քարե արձաններով են վերակենդանանում, մեր հուշերում, գրքերում ու երգերում են անմահ մնում: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից շատ շրջանավարտներ ու սաներ մասնակից եղան պատերազմին, նրանցից 26-ը մարտիրոսվեցին:
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի նախաձեռնությամբ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի անմիջական ջանքերով նրանց հիշատակը հավերժացնելու համար հուշակոթող է կառուցվել մարզական կրթօջախի բակում: Այս հարցում աջակցել է սանկտպետերգբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը: Հոկտեմբերի 22-ին քոլեջի բակում տեղի ունեցավ անմահ հերոսների ոգեկոչման, հոգեհանգստյան եւ նրանց նվիրված հուշակոթողի օրհնման արարողությունը: Ներկա էին հերոսների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, այդ թվում նաեւ՝ վիրավորներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ մարզական մշակույթի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ, զինվորականներ, հոգեւորականներ: Տուֆակերտ հուշակոթողին 26 անմահ հերոսների անուններն են փորագրված, հերոսներ, ովքեր մեր երկրի պատիվը կարող էին (եւ շատերը կարողացել են) բարձր պահել մարզաշխարհում, սակայն եղավ պատերազմ… Ու նույն մարզիկները հասան առաջնագիծ, կռվեցին թշնամու դեմ, հերոսացան:
Քոլեջի անմահ հերոսներն են՝ Երսալովյան Գոռ Վարդանի, Համբարձումյան Էդգար Հովակիմի, Աղասյան Արսեն Գրիգորի, Ասլանյան Վազգեն Արմենի, Ասատրյան Նարեկ Վլադիմիրի, Առաքելյան Արմեն Ալիկի, Գալստյան Լեւոն Արսենի, Գինոսյան Նարեկ Համլետի, Իսրայելյան Սիմոն Սպարտակի, Խեչոյան Արսեն Կարենի, Խաչատրյան Հրաչ Նորայրի, Խաչատրյան Կարեն Արսենի, Խաչատրյան Վահե Հրանտի, Հովհաննիսյան Մելքոն Թելմանի, Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, Հովսեփյան Նարեկ Գրիգորի, Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, Ղալումյան Միշա Արմանի, Ղազարյան Արման Արսենի, Մանվելյան Հունան Սարգսի, Մարանջյան Էդուարդ Արտաշի, Մկրտչյան Արամ Մհերի, Նազարյան Ավագ Արթուրի, Չատինյան Արեն Արթուրի, Պապյան Հայկ Վահրամի, Սողոմոնյան Սիփան Արմանի: Հուշակոթողի բազալտե պատվանդանին Եղիշեի հայտնի խոսքն է. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, Մահ իմացեալ՝ անմահություն…»:
Դերասան, ասմունքող, հաղորդավար Արսեն Ղազարյանը հայտարարեց հուշաքարի բացման արարողությունը: Զինվորական նվագախմբի կողմից հնչեց ՀՀ օրհներգը: Հուշաքարի մոտ պատվո պահակ էին կանգնել հայոց բանակի զինվորները: Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը հոգեւորականների օգնությամբ, Տերունական աղոթքով կատարեց հուշաքարի հոգեւոր արարողությունը: Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն իր խոսքում ասաց. «Ահավասիկ միասնական աղոթքով հոգեհանգստյան արարողություն կատարեցինք արցախյան վերջին պատերազմում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջեւ»:
Այնուհետեւ Հայ եկեղեցու ներկայացուցիչն անդրադարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, որի ընթացքում հազարավոր քաջորդիների թվում նահատակվեցին նաեւ ԵՕՀՊՄ քոլեջի 26 հերոս-մարզիկները: Այդ առիթով Հայոց Վեհափառի անունից զորակցություն, ցավակցություն եւ Սուրբ հոգու մխիթարություն հայտնեց նահատակների հարազատներին ու մտերիմներին, քոլեջի անձնակազմին եւ բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր արցախյան վերջին պատերազմում կորցրին իրենց սիրելիներին: Հավելեց նաեւ՝ հավատացած են՝ բոլոր նահատակներն արժանի են գնահատվելու Հիսուս Քրիստոսի կողմից: Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը խոսքն ավարտեց՝ ասելով. «Նահատակների օրինակը մեզ պատվիրում է հայրենիքը սիրել ամեն ինչից առավել, եւ մեր մաղթանքն է, որ Աստված Իր աջի ներքո պահի Հայաստան եւ Արցախ աշխարհները, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտ ու կանգուն չար թշնամիների առջեւ այժմ եւ հավիտենից Ամեն:…»:
Հոգեւոր արարողությունից հետո հավերժությունը խորհրդանշող 2 պսակ դրվեց հուշակոթողի մոտ, որի ընթացքում հնչեցին նահատակ քաջորդիների անունները, իսկ քոլեջի սաները, սպիտակ համազգեստ հագած, խաղաղության աղավնիներ բաց թողեցին երկինք: Քոլեջի տնօրեն Վ. Գալուստյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ ասաց. «Սիրելի՛ ծնողներ, դժվար է երախտագիտության ու սփոփանքի խոսքեր ասելը: Ամեն ինչ կանեի, միայն թե մեր այս հանդիպումը լիներ ձեր զավակների՝ մեր սաների մարզական հաղթանակների մեծարման առիթով: Ավա՜ղ, արցախյան 44-օրյա պատերազմը կանխորոշեց հազարավոր քաջորդիների ճակատագրերը, խլեց նաեւ մեր քոլեջի լավագույն ուսանողներին, մեր չեմպիոններին, հայրենիքի քաջարի զավակներին: Անդառնալի կորուստ է մեզ համար. մեր հերոս նահատակները 26-ն են: Վստահ եմ, որ նրանք մարզաշխարհին դեռ պիտի ցույց տային հայի առնական ուժը, եւ նրանց պատվին, ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, բազմիցս պիտի ծածանվեր հայոց Եռագույնը: Սիրելի՛ ծնողներ, մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, եւ խոնարհվել ձեր առաջ: Ձեր հերոս զավակները սրբազան կյանքի գնով դարձան հայ ժողովրդի հարատեւման երաշխավորը: Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված եւ պատերազմի բովով անցած մեր մարզիկների մարտական սխրանքների մասին բազում հերոսապատումներ կգրվեն: Երախտիքի խոսքս եմ հղում մեր մանկավարժներին ու դաստիարակներին՝ կիրթ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, քոլեջի բոլոր մարզիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով մեր սաներին հասցրել ու հասցնում են նվիրական երազանքներին: Սիրելի՛ ներկաներ, թույլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հայրենակից, բարերար Հրաչյա Պողոսյանին, ով դժվարին այս օրերին մեր կողքին է: Պարոն Պողոսյանի աջակցությամբ էլ կյանքի կոչվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոս-մարզիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցումը: Հոգու պարտքով եւ մեր հերոս զավակների հիշատակի առաջ մեծ խոնարհումով պիտի նշեմ, որ այս հուշակոթողում ոգի է դրված: Այն մեր որդիների անավարտ մարզական հաղթանակներն է նաեւ խորհրդանշում: Այն հաղթանակների հորդոր ու պայքարի ոգի պիտի դառնա ներկա ու գալիք սերունդների համար: Երիցս խոնարհում եւ հավերժ փառք մեր հերոսներին»:
Հաղորդավարը ներկայացրեց Հ. Պողոսյանին՝ հասարակական գործիչ ու բարերար, շուրջ 100 բարեգործական ծրագրերի հեղինակ, Ս. Պետերբուգի եւ Լենինգրադի շրջանի ծառայակից եւ պատերազմի մասնակից զինվորների խորհրդի պատվավոր անդամ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանակիր: Սիրով է Հ. Պողոսյանը համաձայնել ֆինանսավորելու ծրագիրը եւ իր խոսքում ասաց՝ դիմելով ծնողներին. «Այսօր ինձ համար դժվար է խոսել, քանի որ պատերազմի ավարտից դեռ չի անցել մեկ տարի, դժվար է, քանի որ ձեր որդիները հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ կյանքը: Այսօր մեր հերոսների սխրանքները հավերժացնելու համար հանրությունը կանգնեցնում է հուշարձաններ, գրում երգեր, գրքեր…»:
Այնուհետեւ Հ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դ. Գաբրիելյանին եւ քոլեջի տնօրեն Վ. Գալուստյանին, որ իրեն են դիմել հուշարձանը կառուցելու համար: Շնորհակալություն հայտնեց հուշարձանի ճարտարապետ Աշոտ Աղայանին եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանին, որ կարճ ժամկետում հասցրեցին հուշարձանի կառուցումը: «Կանցնեն բազում տարիներ, չենք լինի մենք, չեն լինի մեր երեխաները, բայց հուշարձանը կպատմի 44-օրյա պատերազմի մասին, այս 26 հերոսների մասին, ովքեր կարող էին հերոսանալ սպորտի ասպարեզում, ոչ թե՝ մարտադաշտում»,- խոսքն ավարտեց բարերարը՝ մաղթելով, որ աշխարհում տիրի խաղաղություն, երբեք պատերազմներ չլինեն, եւ կարեւորը՝ հայոց բոլոր օջախներում նորածնի ճիչ լսվի:
Հուշակոթողի ճարտարապետն իր խոսքում դիմեց նահատակ հերոսների ծնողներին, հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ նման զավակներ են տվել ազգին, ովքեր էլ իրենց կյանքն են տվել հայրենիքին, դարձել հրեշտակներ երկնքում եւ բարձր պահել կրթահամալիրի անունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դ. Գաբրիելյանն անդրադարձավ հուշակոթողի նախաձեռնման եւ կառուցման գործին՝ կարեւորելով բարերարի դերը, եւ շնորհակալություն հայտնեց նրան: Ելույթներից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ: Արարողությանը ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ով 1992-ից ծառայել է հայոց բանակում, մասնակցել մարտական գործողությունների եւ 2008-ից զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով։ Մեծ ավանդ ունի նաեւ Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների ՆԶՊ դասասենյակները ուսումնական գույքով ապահովելու գործում: Ասաց՝ մեծ ցավ է, երբ կորցնում ենք նման զավակների: Կարեւորեց հուշակոթողի բացումը քոլեջի տարածքում:
Ի դեպ, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հիմնվել է 1971 թ.՝ որպես Երեւանի թիվ 10 մարզական թեքումով միջնակարգ դպրոց: ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ այն վերանվանվել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր եւ միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող եւ միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Ունի մասնագիտացված եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական եւ հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ եւ վարչատնտեսական այլ կառույցներ: Այս կրթօջախում աշխատում են բարձր, համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժներ: Քոլեջում գործում են հետեւյալ մարզական բաժանմունքները՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, ակրոբատիկա, մարմնամարզություն, լող, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ եւ այլն: